Արցախցիների համար սոցիալական բնակարանները կյանքի չափ անհրաժեշտ հարց է

Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների համար բնակարանի հարցը շարունակում է մնալ ոչ միայն սոցիալական, այլև մարդկային արժանապատվության խնդիր։ 2023 թվականի իրադարձություններից հետո շատ արցախցիներ ստիպված եղան մեկ օրում լքել իրենց տները՝ կորցնելով տարիներով ստեղծված կյանքը, ունեցվածքը և համայնքային միջավայրը։ Նրանցից շատերի համար Հայաստանում նոր կյանք սկսելու ամենամեծ խոչընդոտներից մեկը սեփական կամ կայուն բնակության վայր ունենալն է։

Այս խնդրի շուրջ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ աշխատում է խոցելի խմբերի հետ՝ փորձելով ոչ միայն արձագանքել ներկա կարիքներին, այլև նպաստել երկարաժամկետ լուծումների ձևավորմանը։

Կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը Step1.am-ի հետ զրույցում նշել է, որ Արցախից տեղահանված 1-3 հոգանոց ընտանիքների համար նախատեսված բնակարանային սերտիֆիկատների գումարը շատ դեպքերում բավարար չէ բնակարան ձեռք բերելու համար։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախից տեղահանված 1-3 հոգանոց ընտանիքների համար նախատեսված բնակարանային սերտիֆիկատի գումարը չի բավարարում բնակարան ձեռք բերելու համար, մենք մի քանի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ձևավորեցինք ֆորում և դիմեցինք կառավարությանը։ Արդյունքում սերտիֆիկատների գումարի շեմը բարձրացվեց, սակայն պետք է հասկանալ, որ որքան բարձրանում է շեմը, նույն ժամանակ շուկայում բարձրանում են նաև գները։ Այս առումով հույս ունենք, որ շուկան ժամանակի ընթացքում կկարգավորվի», — նշել է Ալլա Հարությունյանը։

Սակայն, ինչպես ընդգծում է «Առաքելություն Հայաստան»-ը, միայն սերտիֆիկատային համակարգը չի կարող լուծել բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը։ Հատկապես դժվար իրավիճակում են այն մարդիկ, որոնք ունեն հաշմանդամություն, առողջական խնդիրներ, տարեցներ են կամ փոքր կազմ ունեցող ընտանիքներ, որոնց համար շուկայում բնակարան ձեռք բերելը գործնականում անհնար է։

Այս պատճառով կազմակերպությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ աշխատում է սոցիալական բնակարանների ֆոնդի ընդլայնման ուղղությամբ։ Այդ բնակարանները նախատեսված են այն ընտանիքների համար, որոնք նույնիսկ պետական աջակցության պայմաններում չեն կարողանա ձեռք բերել սեփական բնակարան։

Կառավարության կողմից ևս ներկայացվել է երկարաժամկետ մոտեցում, որի համաձայն՝ սոցիալական բնակարանների կառուցումը և բնակարանային ֆոնդի ձևավորումը կարող է իրականացվել փուլային տարբերակով՝ մինչև 10 տարվա ընթացքում։

Այս ծրագիրը դիտարկվում է որպես տվյալ ընտանիքների աջակցման մեխանիզմ, որոնք չեն կարողանում օգտվել բնակարանային շուկայի հնարավորություններից։

Սակայն ծրագրերի իրականացումը ժամանակ է պահանջում, իսկ բազմաթիվ ընտանիքներ այսօր ապրում են անորոշության պայմաններում։

Դրանցից մեկն է Ստեփանակերտից տեղահանված Իրա Սահակյանի ընտանիքը։ 2023 թվականի իրադարձությունների հետևանքով Իրան, ինչպես հազարավոր արցախցիներ, ստիպված եղավ լքել հայրենի քաղաքը։ Նա Հայաստան է տեղափոխվել տարեց մոր հետ։ Երկուսն էլ ունեն հաշմանդամություն և հենաշարժողական լուրջ խնդիրներ։ Այժմ նրանք ապրում են Արտաշատ քաղաքում՝ վարձակալած բնակարանում։

«Մենք մտահոգված ենք մեր հետագա ճակատագրով, քանի որ հաշվի առնելով բնակվարձերի գները՝ 40 հազար դրամով անհնար է լուծել բնակարանի վարձի խնդիրը։ Մինչդեռ, ելնելով այսօրվա ընդհանուր իրավիճակից, ես վստահ չեմ անգամ, որ 10 տարվա ընթացքում մեզ կտրամադրվի այդ աջակցությունը», — Step1.am-ի հետ զրույցում ասել է Իրա Սահակյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս նրա ընտանիքը վճարում է ամսական 100 հազար դրամ բնակվարձ, ինչը ընտանեկան բյուջեի հիմնական մասն է կազմում։

«Էլ չեմ խոսում կոմունալ վճարումների մասին։ », — նշել է նա։

Իրա Սահակյանի ընտանիքի համար բնակարանային խնդիրը բարդանում է նաև նրանով, որ նրանք չեն կարող լիարժեք օգտվել գործող բնակապահովման ծրագրերից։

«Ամիսներ առաջ դիմել էինք նոր անձնագրի համար, այն արդեն պատրաստ է, մոտ օրերս կգնանք ստանալու, սակայն մեր ընտանիքը շատ փոքր է՝ երկու հոգի, և մեր դեպքում անիրատեսական կլինի օգտվել բնակապահովման ծրագրից, քանի որ ծրագրով նախատեսված գումարները չեն համապատասխանում անշարժ գույքի շուկայի գներին», — ասել է նա։

Իրա Սահակյանի կարծիքով՝ Արցախի բնակիչների բնակարանային խնդրի իրական լուծումը պետք է լինի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլև ուղղակի բնակարանների տրամադրումը։

«Արցախցիների բնակապահովման խնդրի լուծումը ես տեսնում եմ միայն նրանց բնակարաններ տրամադրելու եղանակով։ Մենք համաձայն ենք նույնիսկ սոցիալական բնակարանի՝ պայմանով, որ այն կլինի Երևանում և հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար», — Step1.am-ի հետ զրույցում  նշել է Իրա Սահակյանը։

Նրա պատմությունը ցույց է տալիս, որ բնակարանային խնդիրը շատ ընտանիքների համար միայն ֆինանսական հաշվարկ չէ։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց դեպքում կարևոր է ոչ միայն բնակարան ունենալը, այլև դրա հասանելիությունը՝ համապատասխան պայմաններով, տեղակայմամբ և ենթակառուցվածքներով։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար սոցիալական բնակարանների ստեղծումը կարող է դառնալ այն կարևոր քայլը, որը կապահովի ոչ միայն ժամանակավոր օգնություն, այլ երկարաժամկետ կայունություն։ Սակայն դրա արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե որքան արագ և որքանով հասանելի կլինեն այդ բնակարանները նրանց համար, ովքեր այսօր ամենաշատն ունեն դրա կարիքը։

Արսեն Աղաջանյան