Ինչպես կլուծվեն հաշմանդամություն ունեցող արցախցիների զբաղվածության խնդիրները

2023 թվականի իրադարձություններից հետո Արցախից բռնի տեղահանված հազարավոր մարդիկ ստիպված եղան իրենց կյանքը սկսել զրոյից՝ հայտնվելով նոր սոցիալական և տնտեսական պայմաններում։ Առանձնահատուկ խոցելի խմբերից են հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար տեղահանությունը ոչ միայն բնակավայրի կորուստ էր, այլ նաև՝ աշխատանքի, ինքնուրույնության և սոցիալական կապերի խաթարում։

Այս համատեքստում կարևոր նշանակություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված պետական ծրագրերը։

Վերջերս հաստատվել է նմանատիպ ծրագիր, որի նպատակն է բարձրացնել աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց մրցունակությունը և աջակցել նրանց կայուն զբաղվածությանը։ Ծրագրով նախատեսվում է աջակցություն տրամադրել նաև այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց։

Սակայն ծրագրերի արդյունավետությունը մեծապես կախված է ոչ միայն դրանց առկայությունից, այլ նաև իրական կարիքների ճիշտ գնահատումից։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Արցախից տեղահանված Վլադ Ավագյանը՝ անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրին։

Վլադ Ավագյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր են, սակայն անհրաժեշտ է ավելի խորքային մոտեցում․

«Ծրագիրը կարևոր է, բայց իմ կարծիքով այն ունի կատարելագործման կարիք, քանի որ դրանում ամբողջությամբ հաշվի չեն առնված հաշմանդամություն ունեցող մարդկանց անհատական կարիքները, նրանց ֆիզիկական և մտավոր հնարավորությունները։ Անհրաժեշտ է աշխատատեղերը հարմարեցնել մարդկանց իրական կարողություններին և սահմանափակումներին, հակառակ դեպքում ծրագիրը կարող է չլուծել այն խնդիրները, որոնց համար նախատեսված է»։

Նրա դիտարկմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի ներգրավումը չի կարող սահմանափակվել միայն աշխատանքի ընդունելու փաստով։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդը կկարողանա աշխատել արժանապատիվ պայմաններում՝ ունենալով հասանելիություն, աջակցություն և իր հնարավորություններին համապատասխան պարտականություններ։

Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում խնդիրը առավել բարդ է։ Շատերը կորցրել են ոչ միայն իրենց տունը, այլ նաև նախկին աշխատանքը, սոցիալական միջավայրը և այն ենթակառուցվածքները, որոնք տարիների ընթացքում ձևավորվել էին Արցախում։ Տեղափոխությունից հետո նրանք հաճախ բախվում են նոր բնակավայրում աշխատանքի որոնման, բժշկական և վերականգնողական ծառայությունների հասանելիության, ինչպես նաև հասարակական կյանքում լիարժեք ներգրավվելու դժվարություններին։

Հաշմանդամություն ունեցող արցախցիների համար զբաղվածությունը միայն եկամտի աղբյուր չէ․ այն նաև ինքնուրույնության վերականգնման, սեփական արժանապատվության պահպանման և հասարակության լիարժեք անդամ լինելու հնարավորություն է։

Հատկապես տեղահանությունից հետո կարևոր է, որ աջակցության ծրագրերը կառուցվեն ոչ թե ընդհանուր չափանիշներով, այլ յուրաքանչյուր մարդու անհատական իրավիճակի գնահատմամբ։ Դա նշանակում է հասկանալ մարդու առողջական վիճակը, մասնագիտական հմտությունները, կրթությունը, շարժունակության հնարավորությունները և անհրաժեշտ հարմարեցումները։

Վլադ Ավակյանի բարձրաձայնած խնդիրը վերաբերում է ոչ միայն մեկ ծրագրի արդյունավետությանը, այլ ավելի լայն հարցի՝ ինչպես ստեղծել ներառական հասարակություն։

Շատ ավելի կարևոր է, որ արցախցիների խնդիրների լուծումները քննարկվեն հենց արցախցիների հետ։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին վերջերս նշել է Ղարաբաղից տեղահանված հայերի հետ խորհրդակցությունների բացակայությունը նրանց կյանքին ազդող քաղաքականության մշակման գործում։

Արդյո՞ք կառավարությունը խորհրդատվություններ է կազմակերպում արցախյան այն կազմակերպությունների հետ, որոնք երկար տարիներ աշխատել են Արցախում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Օրինակ, ի՞նչն է խանգարում ՀՀ Կառավարությանը համագործակցել Ստեփանակերտի նախկին Վերականգնողական կենտրոնի հետ։ 

“Ոչինչ մեզ համար առանց մեզ” սկզբունքի պահպանումը թույլ կտա ճիշտ գնահատել արցախցիների տարբեր խմբերի կարիքները և ավելի հասցեական լուծումներ գտնել։

Արսեն Աղաջանյան