Բաքուն փորձում է “մեռցնել” Արցախի հարցը “արևմտյան ադրբեջանցիներով”

Որքան շատ են Բաքուն և պաշտոնական Երևանը պնդում, որ Արցախյան հարցը փակված է, այնքան ավելի հաճախ է միջազգային օրակարգում հայտնվում Արցախի թեման։

Դրա համար մեղադրում են հայկական սփյուռքին, որը, իբր, լոբբինգ է անում այս հարցը “չմեռցնելու” համար։ Սակայն Բաքուն հասկանում է, որ խնդիրը սփյուռքը չէ, որն իսկապես ակտիվ աշխատանք է տանում։ Խնդիրը տարբեր երկրների հստակ դիրքորոշումն է, և այդ երկրները հավերժ կօգտագործեն Բաքվի “թույլ տեղը”՝ ցեղասպանական գործողությունների 2020-2023 թվականներին, սեփական շահերն առաջ տանելու համար։

Բաքուն պահանջում է, որ Երևանը ոչ միայն “սանձի” “դաշնակցական” Սփյուռքին, այլև համոզի ԱՄն-ին, Ֆրանսիային և այլ երկրներին “մոռանալ” Արցախի մասին։ Մի քանի տարի ՀՀ պաշտոնյաները իսկապես դա անում էին, “համոզելով” տարբեր երկրներին և սեփական հասարակությանը, որ Արցախի մասին ցանկացած հայտարարություն պատերազմ կհրահրի։ Չհրարեց։ Հիմա գործի է դրվել այլ թեզ՝ 300 հազ․ ադրբեջանցիների վերադարձը։ ՀՀ Կառավարությունը ասում է, որ արցախցիների վերադարձի մասին չի խոսում, որ թույլ չտա ադրբեջանցիների “վերադարձը”։ Բաքուն էլ նույն խաղի շրջանակներում փառատոներ է կազմակերպում, ԱՄՆ Կոնգրեսում միջոցառումներ, պահանջելով թույլ տալ “արևմտյան ադրբեջանցիների վերադարձը”։ Թե չէ ի՞նչ, հարցնում են նրան։ 

Ոչ “պատերազմի սպառնալիքը”, ոչ “ադրբեջանցիների վերադարձը” չի կարող միջազգային օրակարգից հանել Արցախի հարցը, քանի որ այն դարերով մնում է միջազգային իրավունքի և աշխարհակարգի ամենազգայուն ցուցիչներից մեկը։ “Ճանաչելով” հայկական Արցախի ուժային հայաթափումը, այսինքն՝ ցեղասպանությունը, աշխարհը քանդում է սեփական հիմքերը և ցեղասպանության հանցակից դառնում։

«Մենք վճռականորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անհիմն պնդումները՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի» աջակցության, «հայ կալանավորվածների ճակատագրի, նրանց ազատ արձակման», «հայկական կրոնական և մշակութային ժառանգության» մասին», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Օրերս Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էլիզա Մարտենն է գրավոր հարց հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ հիշեցնելով պաշտոնական Փարիզի հայտարարությունները և հետաքրքրվելով, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ֆրանսիական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները, մասնավորապես՝ վերադարձի իրավունքը պաշտպանելու, Ադրբեջանում հայ բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու և հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ֆրանսիական խորհրդարանի պաշտոնական կայքէջում հունիսի 23-ին հրապարակված «անհիմն պատասխանները վկայում են այն կողմնակալ մոտեցման մասին, որը նրանք երկար ժամանակ ցուցաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն վկայաբերում է նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը, պնդելով, թե նման քայլերը «խրախուսում են ռևանշիստական տրամադրությունները և վնասում հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Նման գործընթաց է տեղի ունենուն ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ երկկուսակցական հայտարարություն է պատրաստվում հայ գերիներին ազատելու և արցախցիներին վերադարձի հնարավորություն տալու պահանջով։ Բաքուն Կոնգրեսում “պատասխան” համաժողով է կազմակերպում։

Բաքուն լավ տեսնում է, որ շատ երկրների վրա իր “սպառնալիքները” չի ազդում։ Նա տեսնում է նաև ՄԻԵԴ-ի որոշումը՝ 2016–ի պատերազմում “Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում “Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ճանաչելու մասին։ Բաքուն տեսնում է, որ դուրս է մնում ռեգիոնալ կոմունիկացիաների եվրոպական ծրագրերից, իսկ “Թրամփի ճանապարհը” արդեն խաչ է դրել Սյունիքում Բաքվի պլանների վրա։

Որքա՞ն խորը կգնա Բաքուն՝ “արևմտյան ադրբեջանցիների” թեմայով, հատկապես, որ ամերիկա-իրանական խաղաղությունից հետո «հարավային ադրբեջանցիների» թեման դադարել է արդիական լինել։