
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել էր, որ քաղաքական կոնսուտացիաներ են սկսել ՀՀ քաղաքական ուժերի հետ, որի նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, և ինչ պատրաստակամություն ունեն այս ուղղություններով գործնական քայլերի։
Այսօր լրագորղների հետ ճեպազրույցում Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ առաջիկայում կամփոփեն այդ աշխատանքը։ Ըստ նրա՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այս հարցերի շուրջ, որից հետո ինքը որոշում կկայացնի՝ շարունակելու է մնալ Արցախի պետնախարարի պաշտոնում, թե ոչ։
Իսկանդարյանն ասաց, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին 19 կուսակցություն էր մասնակցում, և գրեթե բոլորն անխտիր խոսում էին Արցախի հարցի մասին։ «Բայց ինչ մենք հայտարարել ենք քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին, մինչ այս պահը երկու քաղաքական ուժ է հանդիպել մեզ եւ իրենց դիրքորոշումը հայտնել»,- ասաց նա։ Ըստ Իսկանդարիանի՝ այդ երկու ուժերն են ՀՀԿ-ն եւ «ՀայաՔվե»-ն, իսկ առաջիկայում հանդիպելու են նաև «Ուժեղ Հայաստան»-ի անդամների հետ։
«Տասը օրվա ընթացքում մենք այդ հանդիպումները կամփոփենք, որից հետո ինքս եմ որոշում կայացնելու՝ շարունակելու եմ Արցախի պետական նախարարի պաշտոնում պաշտոնավարել, թե՞ կթողնեմ։ Բայց վստահեցնում եմ ձեզ, եթե լինի հակառակը, այսինքն՝ հրաժարական տամ, հանգիստ չեմ նստելու եւ կողքից չեմ հետեւելու, թե ինչ է կատարվում»,- հավելեց Նժդեհ Իսկանդարյանը։
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր անտեսված են ՀՀ իշխանության կողմից, այնինչ, բռնի տեղահանվելուց հետո իրենք ՀՀ իշխանության հետ համագործակցության ակնկալիք ունեին։ «Այսօր դժվար է գտնել ընդհանուր եզրեր Հայաստանի իշխանության հետ»,- ասաց Բաղունցը։