Բելառուսի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Վոլֆովիչը խորհուրդ է տվել քաղաքացիներին խուսափել Ռուսաստան, հատկապես սահմանամերձ շրջաններ մեկնելուց: Նրա խոսքով՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը «ոչ ոք չի կարող» երաշխավորել նման ուղևորությունների անվտանգությունը։

Վոլֆովիչի մեկնաբանությունը հնչեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտնեցին Բրյանսկի սահմանային շրջանում Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին: «Մենք ձեզ զգուշացրել էինք, նախագահը բազմիցս խոսել է և ասել. «Սիրելի՛ բելառուսներ, խնդրում եմ, ձեռնպահ մնացեք Ռուսաստան մեկնելուց, հատկապես սահմանամերձ շրջաններ: Այնտեղ անօդաչու թռչող սարքեր են կործանվում ամեն օր, և նման տհաճ միջադեպեր են տեղի ունենում: Մենք սահմանները չենք փակել. բոլորի որոշումն է՝ մեկնե՞լ, թե՞ ոչ», – ասաց Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։

Հունիսի 17-ին և հուլիսի 2-ին Բելառուսից մեկնող ավտոբուսները Ռուսաստանում հարձակումների տակ են հայտնվել։