
Step1.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
-Տիկին Ալավերդյան, այս տարվա մայիսին՝ նախընտրական շրջանում Քաղաքացիական դատարանը վճիռներ կայացրեց, որոնցով հաստատեց, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են եւ կարող են մասնակցել համապետական ընտրությունների քվեարկությանը։ Բայց ՆԳ նախարարության միջամտությունից հետո այդ վճիռները բեկանվեցին՝ պատճառաբանելով, թե Քաղաքացիական դատարանն իրավասու չէ այդ հարցը քննել ու որոշում կայացնել։ Արցախցիները շարունակում են պնդել, որ իրենք ՀՀ քաղաքացի են, իսկ իշխանությունները, ինչ պատճառաբանություն ասես բերում են, որ ապացուցեն հակառակը։ Արցախցիների քաղաքացիության հարցն ինչպե՞ս է կարգավորվում։
-Դեռեւս 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց 1864-Ն որոշումը, որն ամբողջովին հակասահմանադրական է։ Ես նամակով դիմել եմ կառավարությանը եւ կարողացել եմ մի քանի արցախցիների հետ մի քանի հանդիպում ունենալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Ժամակոչյանի հետ։ Մանրամասն երկու խումբ խնդիրներ ենք ներկայացրել, որոնցից մեկը քաղաքացիության հարցն էր։ Ցավոք սրտի, մենք որեւէ արձագանք չենք ստացել։ Դիմել ենք նաեւ կառավարություն, պատասխան ենք ստացել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանից, որը գրել էր, թե փոխանցել է նամակը և պահանջում է, որ մանրամասն մեզ պատասխանեն գրավոր եւ իրեն էլ զեկուցեն։ Բայց, ցավոք սրտի, մենք չենք ստացել գրավոր պատասխանը։ Այս բոլոր հանդիպումների ու գործընթացի ձախողումը խոսում է այն մասին, որ այս իշխանության քաղաքականությունը շատ նպատակասլաց է։ Իրենք ուղղակի ոգևորում են իրենց աշխատողներին, եւ եթե հաշվի առնենք, թե ինչպես են շատ անգամ կոպտել արցախցիներին, կհասկանանք, որ իրենց նպատակն է, որ արցախցիներն օր առաջ լքեն Հայաստանը։ Ինչքան շատ, այնքան լավ։
Անդրադառնամ արցախցիներին քաղաքացիությունից զրկելու հարցին, որովհետեւ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումը հենց այդպես պետք է կոչենք՝ դա որոշում է Արցախի բնակիչներին զրկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։
Ինչո՞ւ եմ ես դա պնդում, ապացույցներ բերեմ։
Առաջինը՝ 2020 թվականին 30 000-ից ավելի արցախցիներ՝ Հադրութից, Շուշիից եւ այլ բնակավայրերից բռնի տեղահանվեցին եւ ստիպված տեղափոխվեցին Հայաստան, եւ նրանք պայքարում էին, որ իրենց տային փախստականի կարգավիճակ։ Ես դրա մասին իմացել են բավականին ուշ, որ իրենք, հանդիպելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, երկու հարց են դրել։ Առաջինը, որ բնակավայր առանձնացեն, որպեսզի արցախցիները չցրվեն ու ապրեն համայնքով, իսկ երկրորդը փախստականի կարգավիճակ ստանալու հարցն է եղել։ Բոլոր այդ 3 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը մերժում էր նրանց՝ ասելով, որ արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Այսինքն՝ մենք ունեինք երկար ու ձիգ 3 տարի, երբ նույն այս կառավարությունը մերժում էր արցախցիներին՝ պնդելով և ճիշտ արտահայտվելով, որ նրանք չեն կարող ունենալ փախստականի կարգավիճակ, քանի որ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Հիմա, երբ 2023 թ․-ին կտրուկ փոփոխվեց այդ մոտեցումը, ես ունեմ հստակ հիմք՝ ասելու, որ դա եղել է մտածված քաղաքական հակաարցախյան քայլ՝ ունենալով մի քանի նպատակ։ Մասնավորապես, նպատակներից մեկն այն է, որ արցախցիներին միանգամից զրկեն բոլոր այն հնարավորություններից, որոնցից նրանք օգտվել են՝ լինի դա կրթություն, առողջապահություն, բանկային համակարգ և այլն։ Երկրորդը՝ իմանալով, որ մի քանի տարի հետո պետք է լինեին ընտրություններ, դրանով զրկել են արցախցիներին ընտրված լինելու իրավունքից։ Մենք գիտենք, որ ընտրվելու և ընտրելու իրավունքներն ասիմետրիկ են։ Անգամ, եթե ասում են՝ ընդունեք քաղաքացիություն, և դուք կունենաք ընտրելու իրավունք, խոսքը գնում է միայն ակտիվ իրավունքի, այսինքն՝ ընտրելու իրավունքի, բայց ոչ ընտրվելու մասին։ Այսպիսով, ամբողջ արցախահայությունը զրկված է եղել այդ իրավունքից, նրանք, ովքեր պայքարել են և հայության պատիվը բարձր են պահել, նրանց անմիջապես զրկել են, որպեսզի որևէ մեկը չընտրվեր 2026 թվականի ընտրությունների ժամանակ։
Եվ երրորդը՝ արցախցիներին ասում են՝ մինչեւ չընդունեք քաղաքացիություն, դուք չեք կարող ընդգրկված լինել բնակապահովման ծրագրում։ Իսկ բնակապահովման ծրագիրն այն տեսքով, որով ներկայացված է, մերժված մոդել է ամբողջ աշխարհում։ Ես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ժամանակին ընդունել և աշխատել է Ադրբեջանից բռնի տեղահանված ավելի քան 360 000 հայերի հետ։ Եվ գրեթե բոլորը, ովքեր գոնե մնացել են, նրանք բնակարան ստացել են առանց այդ պայմանի։ Այսինքն՝ փախստականի կարգավիճակ ունեցող հազարավոր մարդիկ, որոնք այսօր էլ ունեն փախստականի կարգավիճակ, անվճար ստացել են բնակարաններ՝ սեփականության իրավունքով։
Տասնայկ մարդիկ ինձ արդեն զանգել ու ասել են, որ քաղաքացիության ստացման դիմումներ են գրել, բայց ձգձգում են ու արհեստական խոչընդտոներ են ստեղծվում, որպեսզի այդ քաղաքացիությունն այդպես էլ չտրվի։ Իսկ նրանք, ովքեր ստացել են քաղաքացիություն, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ այդպես էլ չեն կարողանում օգտվել աշխարհում մերժված այդ բնակարանային ապահովման ծրագրերից։
Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ նպատակաուղղված խոչընդոտներ են ստեղծվում, որ արցախցիներն արտագաղթեն։ Արդեն գիտենք, որ արցախցիներից բավական մեծ թվով մարդիկ դուրս են եկել Հայաստանից։ Եվ երբ տեսել են, որ հարյուր հազարավոր մարդիկ այդպես էլ չեն լքում Հայաստանը, բացեիբաց սկսել են արցախահայության հանդեպ այնպիսի ատելության խոսք տարածել, որը, հավատացեք, չի եղել անգամ ադրբեջանական կայքերում։
Իմ մոտեցումը հետևյալն է, որ այն, ինչ չեն կարող անել Ալիևը կամ Էրդողանը արցախցիների նկատմամբ, այդ խնդիրների կատարումն իր վրա վերցրել է ՀՀ օրվա իշխանությունը։ Եվ այստեղ երկու կարծիք չի կարող լինել, որ նրանք կարող է չեն հասկանում կամ սխալ են։
Մի քանի ամիս առաջ, երբ Հանրային հեռուստաընկերություն էին հրավիրել Արցախի նախկին և գործող մարդու իրավունքների պաշտպաններին՝ Գեղամ Ստեփանյանին եւ Արտակ Բեգլարյանին, Գեղամը հստակ ասել էր, որ՝ դուք հիմա խոսում եք այն ծրագրի մասին, որը չի ստացվել, ինչի մասին մենք ձեզ ասել ենք ժամանակին, հիմա էլ ենք ասում՝ դրա թերությունների դուք հաշվի չեք առնում։ Իսկ նախարարության ներկայացուցիչը ասել է, որ՝ մենք չենք կարող վստահել ուղղակի ձեր խոսքերին, պետք է տարիներ անցնեն, մենք կուտակենք տեղեկատվություն, որ կարողանանք արդեն ուղղել այդ ծրագիրը։ Այսինքն՝ այս բոլոր խնդիրների մասին իրենց հստակ տեղյակ են պահել Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը, բայց իրենք հաշվի չեն առել։
Ընդդիմությունը եւս այսօր պարզ ու շիտակ չի արտահայտվում եւ չի դիմում միջազգային ատյաններին, ոչ միայն դատական, այլեւ քաղաքական՝ ավելի քան 150 000 արցախցիների իրավունքների ոտնահարման հարցով։ Սա ուղղակի քաղաքականություն է, որն ուղղված է կամ արցախցիներին զատելու ՀՀ հասարակությունից՝ ատելության մթնոլորտն ավելի ու ավելի զարգացնելով, կամ ստիպում են, որ նրանք, ովքեր կարողանում են, լքեն Հայաստանը։
–ՆԳՆ Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետը մեր հարցին ի պատասխան՝ կա՞ ինչ-որ փաստաթուղթ, որտեղ գրված է, որ արցախցիներին տրված անձնագիրը լիիրավ ՀՀ քաղաքացիություն չի տրամադրում, պատասխանել է, որ այդ փաստաթուղթը 1998 թվականին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարների միջեւ ստորագրված համաձայնագիրն է, որով սահմանվել է, ՀՀ քաղաքացու անձնագիրը Ղարաբաղի բնակչությանը տրամադրվում է որպես ճանփորդական փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը գաղտնագրված է, բայց «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռում դրան հղում է արվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
– Ես կարդացել եմ շատ կցկտուր այդ հայտարարությունները և ասեմ հետևյալը՝ թե ով ինչ է գրել, թե ինչ ենթաօրենսդրական ակտ է, դա չի կարող համարվել ավելի բարձր ուժ ունեցող, քան Սահմանադրությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարզ ասում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի զրկել քաղաքացիությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից օրինակ են բերում, Եվրոպական դատարանը գլուխը պատով է տվել, նա իր վրա վերցրել է այնպիսի իրավունքներ, որոնց իրավունքը չունի։ Ես շատ մանրամասն ծանոթ եմ այդ որոշմանը, նրանք այդ բացատրականի մեջ որպես արդեն ապացուցված փաստ գրել էին, թե Հայաստանի վերահսկողության ներքո է գտնվում Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ո՞վ է թույլ տվել իրենց։ Երբ այդ որոշումը կայացվել է, ես դիմել եմ մի քանի մարմինների, որ՝ բողոքարկեք եւ հստակ դիմադրեք դրան, որովհետև, դա հերյուրանք է։ Եվ այդ սխալ գործողությունը հիմա բերվում է որպես հիմնավորո՞ւմ։ Կրկնում եմ՝ ով ինչ ուզում է, գրած լինի, ով ինչ ուզում է, պատասխանած լինի, ի՞նչ է, այդ պատասխաններն ու գրածները ավելի բարձր ուժ ունեն, քան Սահմանադրությո՞ւնը։ Մենք հստակ գիտենք, որ ամենաբարձր իրավունքի ուժ ունի սահմանադրական նորմը, անգամ եթե օրենք լիներ ընդունված, իսկ այդպիսի օրենք չկա, եթե դա հակասեր Սահմանադրությանը, չէր կարող համարվել հիմք՝ մարդուն ամենակարեւոր իրավունքներից զրկելու համար։
Ռոզա Հովհաննիսյան