
Օգոստոսի 20-ին Երևանում քննարկվել են բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերը, դրանց միջանկյալ արդյունքները, ընթացիկ խնդիրներն ու ձևավորվող միտումները։
Քննարկումը կազմակերպել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնը։
Քննարկման բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը և փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Քննարկումը վարել է ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնակապահովման ծրագրերի ընթացքին, դրանց իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին, ինչպես նաև տեղահանված ընտանիքների համար ծրագրերի արդյունավետության բարձրացման հնարավորություններին։
Փաստաբան Անուշ Շահրամանյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք, իր գնահատմամբ, իրատեսական են և կարող են էապես բարելավել ծրագրի պայմանները։
13% տոկոսադրույքը՝ լրացուցիչ ֆինանսական բեռ
Շահրամանյանի առաջին առաջարկը վերաբերում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում տրամադրվող հավելյալ վարկի տոկոսադրույքին։ Փաստաբանը մատնանշել է, որ ՀՀ քաղաքացիների համար գործող բնակարանային աջակցության ծրագրերում արդեն իսկ կիրառվում են ավելի մատչելի պայմաններ։ Մասնավորապես՝ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական ծրագրով երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը 9.5% տոկոսադրույքով, որից 2 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը։
Այսինքն՝ վարկառուի համար վարկի տոկոսադրույքը կազմում է առավելագույնը 7.5%։
ՀՀ մարզերում տրամադրված վարկերի դեպքում պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսային կետը, ինչի արդյունքում վարկառուի համար տոկոսադրույքը դառնում է առավելագույնը 5.5%։ Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 7.5% տոկոսադրույքով։
«Մինչդեռ արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագրով հավելյալ վարկը տրամադրվում է 13% տոկոսադրույքով, ինչը չափազանց ծանր ֆինանսական բեռ է 1-4 անձից բաղկացած տեղահանված ընտանիքների համար»,- նշել է Անուշ Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ բնակարան ձեռք բերելու համար արցախցիները ստիպված են ներգրավել 20-30 միլիոն դրամի հավելյալ վարկ, և նման բարձր տոկոսադրույքի պայմաններում այդ պարտավորությունը կարող է ընտանիքներին կանգնեցնել անելանելի ֆինանսական վիճակի առաջ։
«Այն պայմաններում, երբ տարիներ շարունակ հազարավոր անձանց համար հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կազմում է 5.5-7.5%, իրատեսական ու ողջամիտ է, որ նույն հնարավորությունն ընձեռվի նաև Արցախից տեղահանված անձանց»,- ընդգծել է փաստաբանը։
Նրա գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է որոշակիորեն մեղմել հատկապես փոքր կազմով ընտանիքների բնակարանային խնդիրը։
Եկամտահարկի հետվերադարձը՝ ծրագրի ողջ ընթացքում
Անուշ Շահրամանյանի երկրորդ առաջարկը վերաբերում է եկամտահարկի հետվերադարձի համակարգին։ Նա առաջարկում է, որ արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի իրականացման ողջ ընթացքում եկամտահարկի հետվերադարձի հնարավորությունը գործի ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Փաստաբանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու և դրա հետ կապված փաստաթղթերի վերականգնման գործընթացը մեծ ժամանակ է պահանջում, և դրա հետևանքով հազարավոր արցախցիներ պարզապես չեն հասցնի օգտվել այս արտոնությունից։
«Եկամտահարկի հետվերադարձի համակարգը Երևանում արդեն դադարեցվել է 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ մարզերում կդադարի 2027 թվականի հունվարի 1-ից։ Այդ ընթացքում շատերը օբյեկտիվ պատճառներով դեռ հասցրած չեն լինի ընդունել քաղաքացիություն և դիմել բնակարանային հավաստագրի համար»,- նշել է նա։
Շահրամանյանի համոզմամբ՝ այս հանգամանքը պետք է հաշվի առնել արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագրի իրականացման ժամանակ։ «Ուստի էական և իրատեսական աջակցություն կլիներ, եթե արցախցիների համար բնակարանային ապահովման ծրագրի գործողության ողջ ժամկետում եկամտահարկի հետվերադարձի օրենքը շարունակեր գործել թե՛ Երևանում, թե՛ մարզերում»,- ասել է փաստաբանը։
Անուշ Շահրամանյանը նաև կոչ է արել արցախցիներին տարածել առաջարկները՝ խնդիրը հանրային և պետական օրակարգում պահելու և իրենց ձայնը հասցնելու համար։
Քննարկումը ԺԱՏԿ-ի կողմից անցկացվել է այն համատեքստում, երբ բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովումը շարունակում է մնալ նրանց սոցիալական ինտեգրման և երկարաժամկետ կայունության առանցքային խնդիրներից մեկը։
Մարիամ Սարգսյան