
Օգոստոսի 20-ին Ժողովրդավարության և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ հրապարակված տվյալները ցույց տվեցին, որ Արցախի բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրը, չնայած պետական ծրագրերին, դեռևս հեռու է լուծված լինելուց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2022 և 2024 թվականների բնակապահովման ծրագրերով մինչ այժմ բնակարանի հարցը լուծվել է մոտ 8000 ընտանիքի կամ ավելի քան 33 հազար անձի համար։
Քննարկման ընթացքում փաստաբան Անուշ Շահրամանյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց բախվում են շահառուները։ Դրանց մի մասը լուծվում է դատական ճանապարհով։ Բնակարանային ծրագրից օգտվելուն խոչընդոտում են նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիրները՝ փաստաթղթերի վերականգնման անհրաժեշտությունը, անձնագրային բաժինների ծանրաբեռնվածությունը և նախատեսվածից երկար տևող գործընթացը։
Այսպիսով, նույնիսկ այն դեպքում, երբ պետությունն ունի բնակարանային ծրագիր, դրա շահառու դառնալու ճանապարհին մարդը կարող է բախվել մի քանի այլ խոչընդոտի։
Օգոստոսի 20-ի քննարկումն առավել ուշագրավ է դառնում Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանի նույն օրվա հայտարարության համատեքստում։ Բեգլարյանը ուշադրություն է հրավիրել կառավարության նոր ծրագրի վրա, որտեղ առաջիկա հինգ տարիների համար նախատեսվում է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում, մինչդեռ 2024 թվականին ծրագրի թիրախը շուրջ 25 հազար ընտանիքն էր։
Բեգլարյանը հարց է բարձրացնում՝ ի՞նչ է լինելու մնացած ընտանիքների հետ, եթե պետությունը նրանց բնակարանով ապահովելու ծրագիր չի նախատեսում։ Նրա հարցադրումը հատկապես կարևոր է այն պատճառով, որ բնակարանային ապահովումը արցախցիների՝ Հայաստանում մնալու կամ հեռանալու որոշման ոչ միակ, բայց կարևոր բաղադրիչն է։
Վերջին պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից դուրս եկած շուրջ 46 900 արցախցիներից մոտ 31 956-ը վերադարձել է։ Այսինքն՝ մոտ 15 հազար մարդ դեռ չի վերադարձել Հայաստան։ Այս թիվը չի նշանակում, որ բոլոր չվերադարձածներն արդեն վերջնականապես արտագաղթել են․ մի մասը կարող է ժամանակավորապես գտնվել արտերկրում։ Բայց այն ցույց է տալիս, որ տեղահանությունից գրեթե երեք տարի անց հազարավոր արցախցիների համար Հայաստանից դուրս գտնվելը դարձել է երկարաժամկետ իրականություն։
Կան նաև նախադրյալներ ենթադրելու, որ հատկապես Ռուսաստան մեկնածներ արցախցիները ստիպված կլինեն վերադառնալ՝ ՌԴ տարածքում պատերազմական գործողությունների սրման և Ռուսաստանում միգրացիոոն քաղաքականության խստացման պատճառով։ Վերադառնում են նաև բռնի տեղահանումից հետո եվրոպական երկրներ մեկնածներից շատերը։ Սակայն նրանց Հայաստանում մնակու հավանականությունը ավելի կմեծանա, եթե վերացվեն Հայաստանը լքելու պատճառները։
Ինչո՞ւ են մարդիկ հեռանում, եթե միաժամանակ գործում են բնակարանային և սոցիալական աջակցության ծրագրեր։
Մարատ Մեհրաբյանի պատմությունը ցույց է տալիս, որ պատճառները միայն տնտեսական չեն։ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո ընտանիքը հաստատվել էր Արտաշատում։ Մեհրաբյանը կրկին զբաղվում էր գյուղատնտեսությամբ, սակայն կայուն եկամուտ ապահովելը դժվար էր։ 2025 թվականի օգոստոսից ընտանիքն արդեն բնակվում է Ֆրանսիայի Նանտ քաղաքի մերձակայքում, որտեղ նա շարունակում է զբաղվել հողագործությամբ։
Մեհրաբյանը պատմում է նաև Հայաստանում արցախցիների նկատմամբ իր զգացած վերաբերմունքի մասին։ Նրա խոսքով՝ լսել է «ինչո՞ւ եք եկել», «մնայիք ու կռվեիք», «գնացեք ձեր Արցախը» տիպի արտահայտություններ։ Այսինքն՝ արտագաղթի որոշումը ձևավորվել է ոչ միայն տնտեսական հաշվարկի, այլև այն զգացողության ազդեցությամբ, որ ընտանիքը Հայաստանում իրեն լիարժեք ընդունված չի զգում։
Սա կարևոր տարբերություն է։ Մարդուն կարելի է ապահովել ժամանակավոր բնակարանով, բայց եթե նա իրեն օտար է զգում հասարակության մեջ, բնակարանային խնդիրը ինքնին չի դառնում մնալու բավարար պատճառ։
Քաղաքացիության հարցը այս շղթայի մյուս կարևոր օղակն է։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 29-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն էր ստացել 40 817 արցախցի։ Step1.am-ին տված հարցազրույցում Դավթյանը ներկայացրել էր նաև քաղաքացիության գործընթացի հետ կապված խնդիրներն ու դրա ընթացքը։
Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հակասություն․ արցախցիների մի մասը տասնամյակներ շարունակ ունեցել են 070 կոդով ՀՀ անձնագիր և իրենց համարել են Հայաստանի քաղաքացի։ Գեղամ Ստեփանյանը դեռ 2024 թվականին բարձրաձայնում էր այն հարցը, թե ինչու պետք է մարդիկ նորից դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հարցը ավելի կտրուկ է ձևակերպում։ Step1.am-ին տված հարցազրույցում նա պնդում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի կառավարության որոշումը փաստացի փոխել է նախկին մոտեցումը, երբ պետությունը արցախցիներին ՀՀ քաղաքացիներ էր համարում։ Ալավերդյանի գնահատմամբ՝ քաղաքացիության ընդունումը բնակարանային ծրագրից օգտվելու պայման դարձնելը լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում և կարող է նպաստել արտագաղթին։
Բնակարանային ծրագրի պայմանների շուրջ խնդիրները վաղուց են բարձրաձայնվում։ Step1.am-ին տված հարցազրույցում Լիաննա Պետրոսյանը նշել էր, որ ծրագրի նկատմամբ արցախցիների դժգոհության հիմնական պատճառներից մեկը պարտադիր քաղաքացիության պահանջն է։ Նա նաև ընդգծել էր, որ փոքր կազմով ընտանիքների համար տրամադրվող գումարը շատ դեպքերում չի համապատասխանում շուկայական գներին։
Հայկ Խանումյանն խնդիրը դիտարկում է նաև որոշումների կայացման տեսանկյունից։ Նրա գնահատմամբ՝ արցախցիների մասնակցությունը իրենց վերաբերող երկարաժամկետ քաղաքականությունների մշակմանը բավարար չի եղել։ Այս բացը կարևոր է, քանի որ պետական ծրագիրը կարող է ձևականորեն պատասխանել խնդրին, բայց չհամապատասխանել մարդկանց իրական կարիքներին։
Մյուս կողմը մշակութային ինքնությունն է։ Արտագաղթը նշանակում է ոչ միայն բնակչության թվի նվազում, այլև այն միջավայրի մասնատում, որտեղ պահպանվում են արցախյան բարբառը, երգը, ավանդույթները, հիշողություններն ու համայնքային կապերը։
Արցախի մշակութային հիշողության մարգինալացման մասին Step1.am-ին տված հարցազրույցում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանը նշում է, որ վերջին շրջանում նկատվում է այդ միտումը։ Նա որպես օրինակ անդրադառնում է Երևանի երաժշտական դպրոցում Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող աշակերտական աշխատանքի հեռացման դեպքին՝ ընդգծելով, որ խնդիրը մեկ միջադեպով չի սահմանափակվում։
Մարգարյանի գնահատմամբ՝ նույնիսկ այն դեպքերը, որոնք չեն բխում կենտրոնացված քաղաքականությունից, կարող են ձևավորել միջավայր, որտեղ Արցախը, նրա անունն ու խորհրդանիշները հանրային տարածքում աստիճանաբար ավելի քիչ են ներկայացվում։ Իսկ տեղահանված հասարակության համար մշակույթը միայն անցյալի հիշողություն չէ․ այն համայնքը և ինքնությունը պահպանելու միջոց է։
Այս բոլոր խնդիրները միմյանցից առանձին չեն։ Եթե մարդը չի կարողանում օգտվել բնակարանային ծրագրից, որովհետև չունի ՀՀ քաղաքացիություն, քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է, 070 կոդով նախկին անձնագրի կարգավիճակը անորոշ է, իսկ բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող գումարը չի համապատասխանում շուկային, նրա համար Հայաստանում երկարաժամկետ ապագա կառուցելը դժվարանում է։
Եթե դրան ավելանում է աշխատանքի խնդիրը կամ հասարակական վերաբերմունքը, արտագաղթը դառնում է ավելի իրատեսական ընտրություն։
Պետական ծրագրերի շրջանակում արձանագրվել են որոշակի արդյունքներ․ 8000 ընտանիքների բնակարանային հարցը լուծվել է, տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են ՀՀ քաղաքացիություն, գործում են սոցիալական աջակցության տարբեր մեխանիզմներ։ Սակայն այս ցուցանիշները չեն վերացնում այն խնդիրները, որոնց բախվում են դեռևս չապահովված ընտանիքները։ Բնակարանային ծրագրերի հասանելիության, քաղաքացիության և փաստաթղթերի հետ կապված ընթացակարգերի, ինչպես նաև սոցիալական և հասարակական միջավայրի առկա խոչընդոտները շարունակում են ազդել արցախցիների՝ Հայաստանում մնալու և այստեղ երկարաժամկետ կյանք կառուցելու հնարավորության վրա։
Հետևաբար խնդիրը ոչ միայն իրականացված ծրագրերի քանակն է, այլ դրանց արդյունավետությունը և այն, թե որքանով են դրանք իրականում հասանելի բոլոր նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն։
Оգոստոսի 20-ի քննարկման գլխավոր ուղերձն այն է, որ ծրագիր ունենալը դեռ չի նշանակում, որ մարդը կարողանում է դրանից օգտվել։
Այստեղ է, որ բնակարանային խնդիրը վերածվում է ավելի լայն հարցի՝ արդյո՞ք Հայաստանում կա նպատակ՝ արցախցու համար ստեղծվել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում նա կցանկանա այստեղ մնալ։
Արսեն Աղաջանյան