
Step1.am-ի հարցերին պատասխանել է 1990-1995 թվականներին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։
-Պարոն Գաբրիելյան, 1990-1995 թվականների Գերագույն խորհրդում՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի Արցախի և Հայաստանի միացումի մասին որոշումից հետո, պատգամավորներ կային նաեւ Արցախից։ Ի՞նչ փոխվեց հետո, ինչպե՞ս փոխվեց Միացումի այդ գաղափարը։
-1988 թվականին սկսված Արցախյան շարժումը, որը վերածվեց համազգային շարժման, հանգեցրեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի համատեղ նիստի, որտեղ եւ ընդունվեց Արցախի միացման ակտը Մայր Հայրենիքին, որը կատարվեց խորհրդային օրենսդրությանը համապատասխան։
Պետք է նկատի ունենանք, որ Խորհրդային միությունը դեռեւս իր տարերքի մեջ էր։ Ակնհայտ է, որ այդ որոշման թույլտվությունը Մոսկվայից էր։ Ինչո՞ւ եմ այս կարծիքին։ Չպետք է մոռանանք, որ Հայաստանը դեռեւս ղեկավարում էր Կոմունիստական կուսակցությունը, հետեւաբար, առանց այդ մարմնի թույլտվության այդ պահին նման որոշում չէր կարող կայացվել։
Երկրորդ, ես մասնակցել եմ այդ նիստին՝ որպես ընդդիմության ներկայացուցիչներից մեկը՝ Հայոց համազգային շարժման հրավերով։ Եվ նիստի սկսվելուց առաջարկել եմ հարցը քննարկել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի համատեքստում՝ չեղարկելով այդ եւ դրանից բխող Կարսի պայմանագիրը, որը չի ընդունվել։ Այդ առաջարկությանը հակազդեցին ինչպես ՀԽՍՀ ղեկավարությունը, որքան հիշում եմ` Ոսկանյանը, այնպես էլ Հայոց համազգային շարժման ղեկավարներից Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք, որը նպաստեց այդ որոշման ընդունմանը։ Հայոց համազգային շարժմանը զուգահեռ մեծ թափ էր հավաքում Հայաստանի անկախության շարժումը, որը երկրորդ շունչ էր առել 1987 թվականին ԱԻՄ ստեղծումից հետո, որը իրականում ԱՄԿ (Ազգային միացյալ կուսակցության) վերափոխված կուսակցությունն էր։ Այն արդեն ցույց էր տվել իր ուժը՝ 1988 թվականի մայիսի 28-ին կազմակերպելով երթ-ցույց-հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ եւ պարզեց Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։ Դա եղավ բեկումնային քայլ, քանի որ դրանից հետո Հայաստանի անկախության գաղափարը սկսեց դառնալ հանրությանը ընդունելի։
Այս բոլոր գործոնները ստիպեցին Մոսկվային զիջումների գնալ, համակերպվել եւ թույլ տալ Արցախի վերամիավորմանը Մայր Հայրենիքին, որը եւ տեղի ունեցավ՝ եւ իրավունքի առումով եւ փաստացի։
1990 թվականին տեղի ունեցան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ, որին բնականաբար մասնակցեց նաեւ Արցախը՝ որպես Հայաստանի մաս, եւ Արցախից ընտրվեցին պատգամավորներ, որոնք կանոնավոր մասնակցում էին Գերագույն խորհրդի նիստերին։ Չպետք է մոռանանք, որ նրանց մասնակցությամբ է ընդունվել Հայաստանի Անկախության հռչակագիրը եւ հաստատվել Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները։
Արցախի՝ Մայր Հայրենիքին միացումի գաղափարը իրավական առումով չի փոխվել, որեւէ իրավական ակտ չի ընդունվել, որ Արցախը Հայաստանի կազմում չէ, ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հետագայում ընդունեց նաեւ որոշում, որ Հայաստանը չի ընդունի որեւէ այլ որոշում, որով Արցախը կարող է ճանաչվել այլ պետության մաս։
Կարծում եմ՝ Արցախի ղեկավարությունը, Արցախում կազմակերպելով հանրաքվե եւ հռչակելով Արցախի անկախությունը, ընկավ Մոսկվայի սարդոստայնի մեջ։ Չեմ կարծում, որ այդ որոշումն առանց Հայաստանի ղեկավարության ցուցումի տեղի ունենար, որը, հետագան ցույց տվեց, որ կոպիտ սխալ էր, չնայած որ Արցախի՝ Հայաստանի մաս կազմելու իրավական ակտերը մնում են ուժի մեջ։ Արցախը Մայր Հայրենիքի կազմում էր եւ իրավական եւ փաստացի առ նոյեմբերի 10-ը 2020 թվականի, մինչեւ Հայաստանի ղեկավարի կողմից Հայաստանի կապիտուլացիայի եռակողմ հայտարարությունն ընդունելը։ Հայաստանի ղեկավարը մաս կազմեց ռուս-թուրքական հերթական դավադրությանը։ Դե, հիմա տեսեք, թե Հայաստանի իշխանությունը բռնազավթած ներկայիս վարչախումբն ինչպիսի օրենսդրական խախտումներ է թույլ տվել Արցախը Բաքվի խանության կազմում ճանաչելով, չնայած որ, կարծեմ, որեւէ իրավական ակտ չեն ընդունել այդ ուղղությամբ։
-Արդյո՞ք այդ հարցը փակ է այսօր, եթե հաշվի առնենք, որ Բաքուն պարտադրում է Հայաստանին հրաժարվել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում անելուց։
-Իհարկե, հարցը փակ չէ, Բաքուն Հայաստանին չի կարող պարտադրել։ Բաքուն կարող է պարտադրել չարին ծառայող մարդկանց, իշխանությունը բռնազավթած խմբակին։ Այդ խմբակը, մոլորեցնելով մարդկանց ինչ-որ քանակի, կարողացել է ժամանակավորապես իր ազդեցության տակ գցել եւ ահռելի չափերի կեղծիքներով բռնազավթել է իշխանությունը։ Սակայն մարդկանց այն քանակությունը չի դա, որով նա կկարողանա հանրաքվե կազմակերպել եւ իրականացնել թուրանական ծրագիրը։
Չպետք է մոռանանք, որ Անկախության հռչակագիրը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է միաձայն եւ բացառիկ օրինականություն՝ լեգիտիմություն ունեցող խորհրդարանի կողմից։ Սա առաջին։ Եվ երկրորդ՝ 1991 թվականի Հայաստանի անկախության հանրաքվեին մասնակցել է ժողովրդի բացարձակ մեծամասնությունը եւ գրեթե միաձայն «այո» է ասել անկախությանը։ Այսինքն, Անկախության հռչակագիրը կնիքվել է նաեւ անկախության հանրաքվեով՝ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից։ Այնպես որ, այս ապօրինի իշխանությունը չի կարողանա իրականացնել չարի ծրագիրը։ Իսկ եթե ինչ-որ եղանակով կարողանա հռչակել եւ համարել իրականացված, ապա այս դեպքում էլ իրավական ուժ չի ունենա եւ միշտ կմնա վիճելի։
Կարծում եմ՝ այստեղ մեծ դերակատարություն կարող է ստանձնել ընդդիմությունը, եթե ճիշտ քայլեր կատարի եւ ինքը թելադրի Հայաստանի առաջընթացի օրակարգը եւ քաղաքականությունը։
-Ի՞նչ կնշանակի, եթե Հայաստանի իշխանությունները կատարեն Բաքվի այդ պահանջը։ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, թե մեր Անկախության հռչակագիրն իբր «կոնֆլիկտի հռչակագիր է», այսինքն՝ արդեն ասել է, որ կատարելու է Բաքվի այդ պահանջը։
-Դուրս եկեք Նիկոլի թելադրած դաշտից եւ լրագրողներդ, եւ իրենց ազգային ուժեր համարողներդ, դուք թելադրեք օրակարգ․ առաջարկվել է ազգային տեսլական, այդ գիծը դարձրեք առաջնային քննարկման թեմա, ժողովրդին վերակողմնորոշեք, եւ արդյունքը կարճ ժամանակ հետո ի հայտ կգա։ Եւ ականատես կլինեք, թե իշխանությունը բռնազավթածներն ինչպես են փախչում Հայաստանից։ Հայաստանի Անկախության հռչակագիրը Հայաստանի անկախության վերականգնման եւ առաջընթացի հռչակագիրն է, Հայոց պետականության վերահաստատման հիմնական փաստաթուղթը։ Չմոռանանք նաեւ, թե այդ անօրենները դեռեւս 2018 թվականից ինչպիսի հարձակում սկսեցին Հայոց պետականության հիմնասյուներից հիմնականի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, հանձինս եկեղեցու՝ Աստուծո դեմ, որում պարտվեցին։ Դա օրինաչափ է՝ ո՞վ կարող է հաղթել Աստուծուն։ Նույնիսկ բոլշեւիկները համատարած բռնությունների պարագայում պարտվեցին եւ պատմության թատերաբեմից դուրս շպրտվեցին։ Նաեւ, ասեմ, որ այս հակահայ վարչախումբը Հայաստանը բավականին թուլացրել է, մեծ վնաս է հասցրել հայ ժողովրդի դիմադրողականությանը, պաշտպանունակությունը նվազեցրել է, կեղծ խաղաղություն քարոզելով պատերազմի վտանգը ավելի է մեծացրել։
-Արցախի հարցի լուծման ի՞նչ տարբերակ եք տեսնում դուք, միջազգային հանրությունը Արցախը ճանաչե՞լ է Ադրբեջանի մաս, ինչպես Հայաստանի ներկայիս իշխանությունն է ներկայացնում։ Եվ ի վերջո պատերազմի ճանապարհով այս «լուծումը» փակո՞ւմ է հարցը։
-Նախ սկսեմ նրանից, որ միջազգային հանրությունը Արցախը Բաքվի խանության կազմում ճանաչելու խնդիր չունի, քանի որ սահմանների եւ տարածքների ճանաչումը երկու պետությունների խնդիրն է։ Եթե հայ ժողովուրդը՝ հանձինս օրինավոր, լեգիտիմ իշխանության, կճանաչի իր տարածքները օտարին տալու փաստը, այդ դեպքում աշխարհ կոչվածն էլ կճանաչի։ Քանի դեռ Հայաստանը չունի օրինավոր իշխանություն, այդ հարցը առկախ է մնալու։
Այժմ անդրադառնամ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Հայաստանի տարածքները՝ սահմանները ճանաչված են միջազգայնորեն։ Այդ ճանաչումը արդյունք է առաջին համաշխարհային պատերազմի, երբ հաղթող պետությունները, դրանց թվում էր եւ Հայաստանի Հանրապետությունը, որոշեցին պատերազմից հետո նոր աշխարհակարգը։ Ըստ Փարիզյան վեհաժողովի որոշման՝ Հայաստանի եւ Թորքիայի միջեւ սահմանագծումը տրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությանը, որը հաջողությամբ իրականցրեց իր առաքելությունը եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարեց իր որոշման մասին, չնայած որ մեր սպասելիքները մեր սահմանների մասին ավելին էին, քան որոշեց Վիլսոնը իր իրավարար վճռով։
Իսկ Հայաստանի Արեւելյան սահմանները հաստատեց Ազգերի Լիգան, համաձայն Փարիզյան Վեհաժողովի ստեղծած հանձնաժողովի ներկայացրած եւ հիմնավորած քարտեզի։ Ազգերի Լիգան 1920 թվականի դեկտեմբերի 10-ին հայտարարեց իր որոշման մասին նշելով նաեւ Հայաստանի տարածքների չափը՝ 210 հազար քառակուսի կիլոմետր։ Ահա միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սահմանները եւ տարածքը։ Միակ եւ եզակի փաստաթուղթ, որը ուժի մեջ է եւ սպասում է կատարման։ Այնպես որ, Հայոց միջազգայնորեն ընդունված տարածքները բռնազավթված են Թուրքիայի եւ Բաքվի խանության կողմից։
Քանի որ սրընթաց փոխվում է համաշխարհային կարգը, ապա ավելացնեմ նաեւ, որ այսօր տեղի է ունենում չարի եւ բարու պատերազմ։ Արիական առանցքի երկրները կազմելու են հոգեւոր, մշակութային, ռազմա-քաղաքական, տնտեսական միություն։ Դա նոր խոսք է լինելու այս աշխարհի՝ չարի դեմ պայքարում, երբ միավորվում են արիական ազգերը եւ երեք հինավուրց կրոնների՝ քրիստոնյա, մահմեդական եւ հինդուս (հինդուիզմ) ներկայացնող ազգերն ու պետությունները կազմում են միություն։ Արիական առանցքը ապագա աշխարհի հիմնական դերակատարն է դառնալու։ Այդ առանցքի երկրներն են Հնդկաստանը, Իրանը, Հայաստանը, Հունաստանը-Եվրամիությունը։ Այժմ արիական առանցքի կայացման սկզբնական փուլում ենք։
Արիական առանցքի կայացումը Աստվածային է, այդ պատճառով էլ չի կարող չկայանալ։ Այնպես որ, մեր ազգը դեռ շատ անելիքներ ունի, իսկ Աստված սպասում է մեր համազգային ապաշխարությանը, որից հետո բոլոր ճանապարհները մեր առջեւ կբացի։
Աստուծու օրհնությունն անպակաս լինի ազգիցս Հայոց, եւ նրա Աջի հովանին մշտապես Հայոց պետության վրա լինի։ Ապաշխարություն։ Դարձ առ Աստված։ Այսպիսին է լինելու Հայաստանն առաջիկա տարիներին։
Ռոզա Հովհաննիսյան
Քարտեզի վրա՝ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետության տարածքը
Համաձայն միջազգայնորեն ընդունված սահմանների՝ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետության տարածքը կազմում է՝ արեւմտյան սահմանը՝ Թուրքիայի հետ սահմանը՝ համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռի եւ արեւելյան սահմանը՝ Բաքվի խանության հետ՝ համաձայն Փարիզյան խաղաղության վեհաժողովի Հայաստանի Հանրապետության սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թվականի փետրվարի 24-ի որոշման, որի սահմանանշումը հիմք ընդունելով՝ Ազգերի Լիգան 1920 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատեց ՀՀ տարածքի արեւելյան սահմանը։
Ըստ այդ որոշման Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 210 հազար քառակուսի կիլոմետր։