
Շուշիում բացվել է հերթական մեդիա ֆորումը, որի միջոցով Ալիևը արդեն 4-րդ տարին փորձում է օրինականություն հաղորդել 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին ու ցեղասպանությունը։ Սակայն Ալիևը ստիպված է «բացատրել» լրագրողներին, թե ինչու Արցախյան հարցի ռազմական «լուծումը» և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության տեղահանումը օրինական չեն ճանաչվում միջազգային հանրության կողմից։
Ֆորումի բացման ժամանակ Ալիևը բողոքել է Ադրբեջանի հետ համերաշխության բացակայությունից նույնիսկ իսլամական աշխարհում։
Մենք միշտ պաշտպանել ենք իսլամական երկրների միջև համերաշխությունը, բայց «ցավոք, այսօր մենք մեծ համերաշխություն չենք տեսնում։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք լարվածության աճ, և փոխադարձ մեղադրանքներ են հնչում», – ասել է Ալիևը։
Նա նաև բողոքել է Եվրոպայի խորհրդից և ԵԽԽՎ-ից, որոնք «անարդարացի քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ»։ Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհուրդն իր բանաձևերում Արցախում տեղի ունեցածը անվանում է էթնիկ զտում և պահանջում է Արցախի բնիկ բնակչության վերադարձը հայրենիք։
Ալիևը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս չի չեղարկել 1992 թվականին Ադրբեջանի դեմ ընդունված 907-րդ բանաձևը։
Կոնգրեսն այն ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը չի ստանա ուղղակի կառավարական օգնություն, մինչև ԱՄՆ նախագահը չհաստատի և Կոնգրեսին չներկայացնի զեկույց, որ Ադրբեջանը՝
1. դադարեցրել է Հայաստանի գործողությունները խոչընդոտելու կամ սահմանափակելուն ուղղված բոլոր քայլերը.
2. ձեռնարկել է կոնկրետ քայլեր՝ Հայաստանի և Արցախի դեմ ուժի սպառնալիքը կամ կիրառումը դադարեցնելու համար.
3. ցույց է տվել առաջընթաց խաղաղության գործընթացում։
Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականին ագրեսիայից և տեղահանությունից անմիջապես հետո նա «բացել է իր հաղորդակցությունները» դեպի Հայաստան տարանցման համար։ Սակայն «մոռացել է» նշել, որ տարանցումը դեռևս անցնում է Վրաստանով, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ուղղակի շրջափակումը չի ավարտվել։
«907-րդ բանաձևը ներկայացրել են Հայաստանին աջակցող սենատորները։ Ի դեպ, նախագահ Բայդենը նրանցից մեկն էր. նա այդ ժամանակ սենատոր էր։ Հնարավոր է՝ սա է պատճառը, որ մենք այդքան շատ դժվարությունների ենք բախվել Բայդենի վարչակազմի օրոք», – ասել է Ալիևը։
Ալիևը Արևմտյան և իսլամական երկրների կողմից Արցախում էթնիկ զտումները ճանաչելու դժկամությունը վերագրում է «անձնական» նախասիրություններին: Նա հանկարծ հիշեց ԵՄ նախկին հանձնակատար Ժոզեպ Բորելին, որը, ենթադրաբար, հարաբերություններ էր պահպանում Միջազգային դատարանի նախկին դատավոր պարոն Օկամպոյի հետ: «Պարզվում է, որ նրան ֆինանսավորել է ռուս-հայ օլիգարխը, որը ներկայումս տնային կալանքի տակ է Հայաստանում», – ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Բորելի և Բայդենի գնակուց հետո Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սկսել են բարելավվել, միաժամանակ ընդունելով, որ 907-րդ բաժինը մնում է ուժի մեջ, և Բաքվի՝ հակամարտության «ուժային լուծման» իրավունքը միևնույն է չի ճանաչվում։
Նշելով, որ Շուշիում մեդիա ֆորումի նպատակը փորձ է ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանը «վերականգնում» Ղարաբաղը, Ալիևը չի հիշատակել Պետդեպարտամենտի կողմից պատվիրված, ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից 2024-ին պատրաստված «Ինչո՞ւ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով զեկույցը: Ըստ զեկույցի՝ հայերի զանգվածային տեղահանումը եղել է ահաբեկման, երկարատև շրջափակման և ռազմական ագրեսիայի միտումնավոր քաղաքականության արդյունք, որը դասակարգվում է որպես էթնիկ զտում:
ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև իսլամական աշխարհի երկրների կողմից Արցախում ռազմական կարգավորման արդյունքները «ճանաչելու» ցանկացած որոշում հավասարազոր կլինի ցեղասպանության իրավունքի ճանաչման և հանցակցության։ Եվ որքան էլ Ալիևը փորձի ներկել Շուշիի և Ճարտարի հայերի լքված տները և ներկայացնել դրանք որպես նոր կառուցված, միշտ կհնչի հարցը. «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան»։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի «ապացուցել», որ աշխարհը 1992 թվականից ի վեր ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս, միշտ կհնչի հարցը. «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան»։ Եւ եթե ճանաչել են, ապա ինչո՞ւ է աղմկում Ալիևը։