
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի դպրոցներում առկա էր 1 422 ուսուցչի թափուր հաստիք։ Նույն ժամանակ Արցախից Հայաստան էին տեղափոխվել հազարավոր մանկավարժներ։ Թվում էր՝ կրթական համակարգի կադրային պակասը և աշխատանք փնտրող ուսուցիչների մեծ թիվը պետք է հեշտությամբ լրացնեին միմյանց։ Սակայն իրականությունն ավելի բարդ էր. ոչ բոլոր մասնագիտություններն էին համընկնում, շատ հաստիքներ գտնվում էին հեռավոր գյուղերում, իսկ բազմաթիվ ուսուցիչներ ստիպված էին ամիսներով սպասել կամ նույնիսկ փոխել մասնագիտությունը։
Այսօր՝ բռնի տեղահանումից գրեթե երեք տարի անց, արցախցի ուսուցիչների փորձը միատեսակ չէ։ Ոմանք կարողացել են շարունակել իրենց մասնագիտական ուղին, մյուսները դեռ աշխատանք են փնտրում, իսկ մի մասն էլ սեփական կրթական նախաձեռնություններն է հիմնել։
Հոդվածի պատրաստման ընթացքում հարցում անցկացվեց ֆեյսբուքյան արցախցիների ամենամեծ համայնքներից մեկում՝ հասկանալու համար, թե ինչպիսին է այսօր բռնի տեղահանված մանկավարժների զբաղվածության պատկերը։ Թեև հարցումը ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտություն չէ, այն հնարավորություն է տալիս տեսնել այն միտումները, որոնք հաճախ չեն երևում պաշտոնական վիճակագրության մեջ։
Պատասխանները ցույց տվեցին, որ արցախցի ուսուցիչների փորձը խիստ տարբեր է։ Մի մասը կարողացել է շարունակել աշխատանքը նույն մասնագիտությամբ, մյուսները զբաղված են կրթության ոլորտում, բայց այլ պաշտոններում, իսկ շատերը՝ չնայած տասնամյակների փորձին, դեռ չեն կարողացել վերադառնալ դասարան։
Հատկանշական էր նաև մեկ այլ միտում․ աշխատանքի տեղավորվածների զգալի մասը երիտասարդ մանկավարժներ են, մինչդեռ երկարամյա փորձ ունեցող ուսուցիչներն ավելի հաճախ են նշում աշխատանքի որոնման դժվարությունների, մրցակցության և մերժումների մասին։ Թեև այս դիտարկումը չի կարող ընդհանրացվել բոլոր արցախցի ուսուցիչների վրա, այն արժանի է ուշադրության և հետագա ուսումնասիրության։
Հարցման շրջանակում ստացված պատասխանները ցույց են տալիս, թե որքան տարբեր են եղել մանկավարժների ճակատագրերը։
«Երբ եկանք Արցախից, միանգամից սկսեցի աշխատել, բայց միայն դասապատրաստմամբ։ Այս տարի արդեն մասնագիտությամբ ժամեր են տվել։ Միշտ էլ ինձ խնդրում են մասնագետ գտնել․ այդ դպրոցում հատկապես ցանկանում են, որ արցախցի ուսուցիչ աշխատի»։
Մեկ այլ մանկավարժ՝ Էլենա Աբրահամյանը, վստահ է, որ իր առաքելությունը չի փոխվել.
«Աշխատել եմ, աշխատում եմ, աշխատելու էլ եմ՝ հանուն իմ հայրենիքի հզորացման»։
Բայց բոլորի ճանապարհը նույնքան հաջող չեն եղել։
«Չեմ աշխատում։ Հինգ-վեց անգամ դիմել եմ տարբեր տեղեր։ Մրցակցությունը շատ բարձր է եղել, նույնիսկ հարցազրույցի չեն հրավիրել»։
Մեկ ուրիշ ուսուցիչ գրում է.
«Աշխատում եմ, բայց շարունակում եմ համատեղ աշխատանք փնտրել»։
Կան նաև նրանք, ովքեր ստիպված են եղել փոխել իրենց աշխատանքի բնույթը։
«Աշխատում եմ Էջմիածնում որպես դաստիարակ։ Արցախում մանկապարտեզի վարիչ էի»։
Իսկ 27 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհին այսօր ընդհանրապես չի աշխատում։
Ոչ բոլոր արցախցի մանկավարժներին հաջողվեց շարունակել իրենց մասնագիտական ուղին։ Ոմանք ստիպված եղան ժամանակավորապես կամ ամբողջությամբ փոխել մասնագիտությունը՝ հիմնականում տնտեսական պատճառներով։
Ինձ հետ զրուցած ուսուցիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ունի ավելի քան 20 տարվա մանկավարժական փորձ։ Տեղահանումից հետո նա չկարողացավ դպրոցում աշխատանք գտնել այնպիսի պայմաններով, որոնք կապահովեին ընտանիքի նվազագույն կարիքները։ Տան վարձի, կենցաղային ծախսերի և նոր կյանք սկսելու ֆինանսական բեռի պայմաններում նա որոշեց զբաղվել ժենգյալով հացի և փախլավայի պատրաստմամբ ու վաճառքով։
«Դպրոցում աշխատելը պարզապես չէր բավարարի ընտանիքս պահելու համար»,- ասում է նա։
Նրա պատմությունը բացառություն չէ, այլ հիշեցում, որ արցախցի ուսուցիչների համար աշխատանքի խնդիրը միայն մասնագիտությանը վերադառնալը չէր։ Շատերի համար առաջնայինը ընտանիքի ապրուստն ապահովելն էր, նույնիսկ եթե դրա համար պետք էր ժամանակավորապես հրաժարվել տարիներով սիրած աշխատանքից։
Այս թեման ինձ համար միայն լրագրողական ուսումնասիրություն չէ, այլ նաև անձնական փորձ։
Մասնագիտությամբ լրագրող եմ, սակայն Արցախի բռնի տեղահանումից հետո միացա «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրին և արդեն երկրորդ տարին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում։ Հենց այստեղ աշխատելով էլ առաջին անգամ տեսա, թե որքան անհամաչափ է ուսուցչական պահանջարկը տարբեր առարկաների դեպքում։
Հայոց լեզվի և գրականության ուսուցչի թափուր հաստիքները համեմատաբար քիչ են, և ինձ համար համապատասխան աշխատանք գտնվեց միայն սահմանամերձ Կոթիում։ Իսկ ամուսինս, որը մաթեմատիկայի ուսուցիչ է, կարող էր աշխատանքի անցնել մի շարք դպրոցներում. մաթեմատիկայի ուսուցիչների պակասը շարունակում է զգացվել Հայաստանի բազմաթիվ համայնքներում։
Նույն պատկերն է նաև մեր դպրոցում. այսօր շարունակում են թափուր մնալ տարրական դասարանների և ռուսաց լեզվի ուսուցչի հաստիքները։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ուսուցիչների աշխատանքի տեղավորման խնդիրը միայն ազատ հաստիքների թվով չի պայմանավորվում։ Ոչ պակաս կարևոր է, թե ինչ մասնագիտացում ունի ուսուցիչը, որտեղ է բնակվում և որ համայնքներում են առկա համապատասխան թափուր տեղերը։
Ցավոք, ԿԳՄՍՆ-ն չի հրապարակում միասնական վիճակագրություն՝ ըստ առարկաների։ Սակայն EMIS-ի թափուր հաստիքների բազայի և մարզերի դպրոցների մրցույթների հայտարարությունների ուսումնասիրությունից պարզ երևում է, որ ամենաշատ պահանջարկն ունեն հետևյալ մասնագետները.
Արցախից տեղահանված ոչ բոլոր մանկավարժներն են սպասել աշխատանքի առաջարկի։
Զինա Գասյանը 2024 թվականին Երևանում հիմնադրեց «Ուրտեխե» կրթարանը։
2023 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց բռնի տեղահանումը, նա սպասում էր իր երկրորդ երեխային։ Որդին ծնվեց արդեն Երևանում։
«Երբ պետք էր նոր իրականության մեջ սկսել կյանքը, հասկացա, որ պետք է կրկին ստեղծեմ իմ ճանապարհը։ Այլ ոլորտում ամբողջ օրվա աշխատանքն այդ պահին ինձ համար հնարավոր չէր, բայց կրթությունից հեռանալ՝ նույնպես չէի կարող։ Ավելի քան տասնհինգ տարի աշխատել եմ կրթության ոլորտում, զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ, սակայն դպրոցից երբեք չեմ հեռացել։ Այդպես ծնվեց «Ուրտեխեն»՝ որպես իմ մասնագիտական ճանապարհի շարունակություն»։
Այսօր կրթարանում աշխատում են հինգ փորձառու մասնագետներ, համագործակցում են նաև արցախցի և տեղացի կամավորներ։
Գասյանի համոզմամբ՝ կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ.
«Եթե երեխան լավ կրթություն է ստանում, բայց չի ճանաչում իր արմատները, կարևոր մի շղթա բաց է մնում։ «Ուրտեխեն» նաև ինքնության պահպանման նախաձեռնություն է»։
Նրա խոսքով՝ ամենակարևորը, ինչ փորձում են պահպանել արցախյան կրթական մշակույթից, երեխայի նկատմամբ անհատական ու ջերմ վերաբերմունքն է։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ առանձին արցախյան դպրոցներ ստեղծելու փոխարեն ճիշտ է ինտեգրվել Հայաստանի կրթական համակարգին՝ առանց կորցնելու Արցախի կրթական մշակույթը, բարբառը և արժեքները։
Անուշ Քամալյանը բռնի տեղահանումից հետո ընտանիքով հաստատվել է Մասիսում և կարճ ժամանակ անց աշխատանքի ընդունվել Մասիսի թիվ 6 հիմնական դպրոցում՝ որպես դասվար։
«Արդեն շուրջ երկու տարի է, ինչ աշխատում եմ այս կրթօջախում։ Հոգեպես անչափ շնորհակալ եմ տնօրինությանը և անձնակազմին՝ ինձ սիրով ընդունելու համար։ Չնայած ցածր վարձատրությանը, շարունակելու եմ աշխատել, որովհետև կյանքս չեմ պատկերացնում առանց դպրոցի ու իմ սաների»։
15 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհին պատրաստվում է մասնակցել կամավոր ատեստավորմանը՝ հույս ունենալով բարձրացնել իր մասնագիտական որակավորումն ու աշխատավարձը։
Եթե հանրակրթական դպրոցներում որոշ չափով հնարավոր եղավ համալրել կադրային պակասը, ապա բարձրագույն կրթության ոլորտում աշխատանքի հնարավորությունները զգալիորեն սահմանափակ են եղել։
Արցախի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի դասախոս Սիլվա Խաչատրյանը պատմում է, որ դիմել է տարբեր պետական և մասնավոր բուհերի, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունների։
«Դիմել եմ տարբեր համալսարաններ, գրել եմ բազմաթիվ դիմումներ։ Դիմել եմ նաև Գրականության ինստիտուտ։ Նորից եմ որոշել դիմել։ Բոլորս էլ ուզում ենք աշխատել մեր մասնագիտությամբ»։
Նրա խոսքով՝ բուհերում ազատ հաստիքների սակավությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ։
Արցախցի ուսուցիչների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի կրթական համակարգում ինտեգրումը միայն թափուր հաստիքների առկայությամբ չի որոշվում։ Այն կախված է բնակության վայրից, մասնագիտությունից, տարիքից, մրցակցությունից և երբեմն պարզապես հաջողությունից։ Իսկ շատերի համար մանկավարժությունը շարունակում է մնալ ոչ թե պարզապես աշխատանք, այլ ինքնության, պատասխանատվության և կոչման շարունակություն՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է այսօր գտնվում իրենց դպրոցը։
https://escs.gov.am/api/assets/80289683-e769-4b7e-a675-522d877753e9?utm_source=chatgpt.com- թափուր հաստիքների լինքը
Մարիամ Սարգսյան