Ի՞նչ է տեղի ունեցել Գանձասարում 786 տարի առաջ ճիշտ այս օրը

Ըստ պատմական աղբյուրների միահամուռ վկայությունների` Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի արևմտյան կողմի Գանձասար անունով բլրի վրա գտնվող եկեղեցու՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը եղել է Արցախի Ներքին Խաչեն գավառի իշխան և ողջ Արցախ-Խաչենի իշխանաց իշխան, թագավոր Հասան-Ջալալ-Դոլան: Ժամանակի հզոր անհատներից մեկը, ով իր քաջությամբ ու հեռատեսությամբ ստվեր էր գցել ոչ միայն իր ժամանակակիցների փառքի, այլև՝ նրանց վրա, ում մասին պատմում էին հինավուրց ավանդությունները:

Այս հեռատես անձի դերը մեծ էր նաև ողջ Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում: Նա հաստատուն քաղաքական հարաբերություններ հաստատեց Կիլիկյան հայկական թագավորության, Բյուզանդիայի, Վրաստանի, ինչպես նաև Պարսկաստանի հետ, ինչը ևս նպաստեց Արցախի զարգացմանը:

Հաշվի առնելով Հասան-Ջալալ-Դոլայի ունեցած զգալի կշիռն ու հեղինակությունը ժամանակի միջազգային քաղաքականության մեջ՝ Կիլիկայի հայոց թագավոր Հեթում I-ը, թաթար-մոնղոլների վերահաս մահասփյուռ արշավանքից փրկվելու համար, դիմել է հենց Արցախի թագավորի օգնությանը: Արդյունքում Հասան-Ջալալ-Դոլայի միջնորդությամբ 1243թ. Կեսարիայում Կիլիկյան հայոց թագավորության և թաթար-մոնղոլական կայսրության միջև կնքվել է պայմանագիր, որով պահպանվել է Կիլիկյան հայոց թագավորության ինքնիշխանությունն ու անկախությունը:

13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին, ով անձամբ շփվել է Հասան-Ջալալ-Դոլայի հետ, այսպես է բնութագրել նրան. «Սա մեծամեծ իշխաններ Զաքարեի և Իվանեի քրոջ որդին էր, մի բարեպաշտ, աստվածասեր, հեզ ու հանգիստ, ողորմած ու աղքատասեր, անապատականների նման աղոթքների ու աղաչանքների մեջ ճգնող: Որտեղ էլ լիներ, անխափան կատարում էր ցերեկվա և գիշերվա պաշտամունքը, ինչպես վանականները: Եվ փրկչի հարության հիշատակը կիրակի անքուն ոտքի վրա էր անցկացնում: Չափազանց քահանայասեր և ուսումնասեր էր ու աստվածային կտակարանների ընթերցող»: Այնուհետև պատմիչն ավելացնում է. «…աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ»:

Կ. Գանձակեցու տեղեկությամբ Հասան-Ջալալ-Դոլան «…իրենց շիրմատեղում կառուցեց գեղեցկազարդ հորինվածքով, գմբեթաձև, երկնանման, Աստծու փառքի տաճար մի եկեղեցի…»:

Պատմիչը հայտնում է նաև, որ «Շատ տարիներ չարչարվեցին նրա վրա»: Գանձասարի եկեղեցու կառուցման մասին պատմող մեծ արձանագրությունից հայտնի է դառնում, որ Արցախի թագավոր Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցին կառուցել է 22 տարում՝ 1216-1238թթ.:

Ճարտարապետական մի այդպիսի կառույց ավարտելու համար սա բոլորովին էլ շատ մեծ ժամկետ չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ շինարարությունը պարբերաբար ընդհատվել է այն պատերազմների պատճառով, որոնց մեջ էր քաշված և Արցախ-Խաչենը. Խորեզմի սուլթան Ջալալ ադ-Դինի հորդաների արշավանքը 13-րդ դարի 20-ական թվականներին, թաթար-մոնղոլների ավերիչ առաջին ասպատակություններն այդ ժամանակ, իսկ երկրորդը` 1231-1232թթ., ապա և Արևելյան Հայաստանի վերջնական նվաճումը նրանց կողմից 1236թ.:

Երևակայելն անգամ դժվար է, թե ինչպես է Հասան-Ջալալ-Դոլային հաջողվել իրականացնել այդպիսի ծավալուն և անսանձ երևականությանը չենթարկվող մի կառույց, երբ ողջ մարդկությունն ապրում էր իր երկրային դժոխքը, երբ հազարամյակների արմատներ ունեցող մշակույթները կործանվում էին թաթար-մոնղոլական բանակների դաժան հարվածներից:

Բայց Արցախ աշխարհում կերտում էին, այն էլ այնպիսի թափով, որ դարերն անգամ անզոր եղան նմանը վերարտադրելու: Ինչ ջանք ու եռանդ է թափել Հասան-Ջալալ-Դոլան, որպեսզի ավերվող աշխարհի այս անկյունը կարողանա պահել խաղաղ: Այդպիսի բան չի հաջողվել նույնիսկ ժամանակի մեծազոր կայսրերին:

Ժամանակի պատմիչները և հատկապես եկեղեցու կառուցմանն ու օծմանն ականատես Կիրակոս Գանձակեցին հիացմունքով են նկարագրում հոգևոր կառույցի շինարարությունն ու նրա օծման արարողության մանրամասները: «Երբ ավարտվեց (եկեղեցու կառուցումը, Հասան-Ջալալ-Դոլան – Ս. Հ.-Ջ.) բացման մեծահանդես տոն կատարեց եկեղեցին օրհնելու համար»:

Օծման հանդեսին ներկա էին Արցախի (Աղվանքի) կաթողիկոս Ներսեսը (1235-1262թթ.) բազում եպիսկոպոսների հետ, անվանի Վանական վարդապետը շատ ուսուցչապետերով հանդերձ և ուրիշ բազմաթիվ հոգևոր առաջնորդներ: «Եկեղեցին օրհնեցին բազմաթիվ քահանաներով, որոնց թիվը հաշվում էին յոթ հարյուր»:

Օծման հանդիսավոր արարողությունից հետո, Հասան-Ջալալ-Դոլան շքեղ ճաշկերույթ է կազմակերպել: Ինքն անձամբ հյուրասիրել և սպասարկել է մասնակիցներին, ապա յուրաքանչյուրին իր պատվի համեմատ առատաձեռն նվերներ հանձնելով, բոլորին ճանապարհել է: Այս հանդիսությունը, համաձայն արժանահավատ պատմիչ Կիրակոս Գանձակեցու, տեղի է ունեցել 1240 թվականին` Վարդավառի մեծ տոնի օրը, որը համապատասխանել է հուլիսի 22-ին, շաբաթվա յոթերորդ՝ կիրակի օրվան:

Փաստորեն, 768 տարի առաջ ճիշտ այս օրը առանձնահատուկ շքեղ է եղել Խաչենագետի հովիտը: Արցախի կաթողիկոս Ներսեսն իր եպիսկոպոսներով ու հայոց աշխարհի ծայրերից ժամանած 700 քահանաներ օծել են Գանձասարի եկեղեցին:

Արցախի թագավորը եկեղեցին անվանակոչել է Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով:

Երուսաղեմից սկսած տեղից տեղ փոխադրվելուց հետո Հովհաննես Մկրտչի գլուխը հայտնվել է Հասան-Ջալալ-Դոլայի եղբոր մոտ: Տեղեկանալով այս մասին` Արցախի թագավորը 1211թ. մեկնել է Գանձակ՝ եղբոր մոտ, և խնդրել նրանից սրբի գլուխը, սակայն եղբայրը մերժել է: Տեսնելով, որ եղբայրը խաղաղությամբ չի տալիս իրեն սրբի գլուխը` Հասան-Ջալալ-Դոլան խլել է այն եղբորից, բերել Արցախ, ամփոփել իրենց տոհմական գերեզմանատանը և վրան կառուցել եկեղեցի, որի օծման հանդիսավոր արարողության ժամանակ այն անվանակոչել է Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով:

Գանձասարի եկեղեցում են ամփոփված ոչ միայն Սուրբ Հովհաննես Մկրտչի գլուխը, այլև՝ Գրիգոր Լուսավորչի սուրբ ծնոտը, Լուսավորչի թոռ` Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսի նշխարներից, Հովհաննեսի (Մկրտչի – Ս. Հ.-Ջ.) հայր Զաքարիայի արյունը, սուրբ Պանդալեոն բժշկի և այլ բազում սրբերի նշխարներ, որոնց ազդեցությամբ բազմաթիվ մարդիկ են բժշկվել:

Ի դեպ, նշխարներն իրենց հրաշագործ զորությունը չեն կորցրել նաև մեր օրերում, քանզի բազում հիվանդ, տկար մարդիկ, հավատքով գալով Գանձասար և ի սրտե աղոթք հղելով առ Աստված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կամարների տակ, բուժվում ու ապաքինվում են:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու պատերից մեկի վրա փորագրել է տվել մի բավականաչափ խոսուն արձանագրություն, որը վերաբերում է ինչպես եկեղեցու կառուցմանն, այնպես էլ Հասան-Ջալալյանների իշխանական տան տոհմաբանությանը:

Գրեթե անվնաս, հեմենայնդեպս այս պահի դրությամբ, պահպանվել է եկեղեցու շինարարությանը վերաբերող քսանյոթ տողից բաղկացած մեծ արձանագրությունը՝ փորագրված տաճարի ներսում` հյուսիսային պատի վրա, պատուհանի երկու կողմերում. «ՅԱՆՈՒՆ Ս[ՈՒՐ]Բ ԵՐՐՈՐԴՈՒԹ[ԵԱՆ] ՀԱՒՐ ԵՒ ՈՐԴՈ ԵՒ ՀՈԳՈՅՆ ՍՐԲՈ ԱՅՍ ԳԻՐ ԱՐՁԱՆԻ Է Զ[ՈՐ ՏՎԻ] ԵՍ, ՆՈՒԱՍՏ ԾԱՌԱ ԱՍՏՈՒԾՈՅ. ՋԱԼԱԼ ԴԱՒԼԱՅ ՀԱՍԱՆ, ՈՐԴԻ ՎԱԽՏԱՆԳԱ, ԹՈՌՆ [ՄԵԾԻՆ] ՀԱՍԱՆԱ, ԲՆԱԿԱՒՈՐ (բնիկ  – Ս. Հ.-Ջ.) ԻՆՔՆԱԿԱԼ (ինքնիշխան  – Ս. Հ.-Ջ.) ԲԱՐՁՐ ԵՒ ՄԵԾ ԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, [ԹԱԳԱՎՈՐ] Խ[ԱՎԽԱՆԱ] ԲԵՐԴԻ, ՅՈՔՆԱՍԱՀՄԱՆ (բազմասահման, այսինքն` բազմաթիվ սահմաններ ունեցող – Ս. Հ.-Ջ.) ՆԱՀԱ[Ն]ԳԱՒՔ: ԶԻ ՀԱՅՐ ԻՄ [Ի] ՎԱԽՃԱՆ ԿԵՆԱՑ ԵԼԻՑ ԻՒՐ ԱՍՏԵԱՑՍ ԱՆԴԱՐՁ ԿՏԱԿԻ ՀԱՍՏԱՏԵԱՑ ԻՆՁ ԵՒ ՄԱՒՐՆ ԻՄ ԽՈՐԻՇԱՀԻ, ՈՐ ԷՐ ԴՈՒՍՏՐ ՄԵԾ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԻՆ ՍԱՐԳՍԻ` ԶԻ ՇԻՆԵՍՑՈՒՔ ԵԿԵՂԵՑԻ Ի ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՀԱՐՑ (Հայրերի, այսինքն` նախնիների – Ս. Հ.-Ջ.) ՄԵՐՈՑ Ի ԳԱՆՁԱՍԱՐ, ԶՈՐ ՍԿՍԵ[Ա]Լ ՄԵՐ :ՈԿԵ: (1216) ԹՎԻՆ ՀԱՅՈՑ ԱՒԳՆՈՒԹ[ԵԱՄ]Բ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԵՒ Ի ԽՓԵԼ ԼՈՒՍԱՄՏԻՆ ԱՐԵՒԵԼԻՑ ՄԱՅՐՆ ԻՄ ԿՐԱՒՆԱՒՈՐԵԱԼ ՉՈԳԱՒ Յ[ԵՐՈՒՍԱՂ]ԵՄ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԵՒ ԱՆԴԷՆ Ի ԴՐԱՆ ՅԱՐՈՒԹԵ[ԱՆ] ԽԱՐԱԶ[Ա]ՆԱԶԳԵԱՑ ՃԳՆՈՒԹԵԱՄԲ, ԲԱԶՄԱՄԵԱՅ ԺՈՒԺԿԱԼՈՒԹ[ԵԱՄ]Բ ՀԱՆԳԵԱՒ Ի Ք[ՐԻՍՏՈ]Ս ԼՈՒՍՈ ՎԿԱՅՈՒԹ[ԵԱՄ]Բ ԵՒ ԱՆԴԷՆ ՊԱՀԵՑԱՒ: ԻՍԿ ՄԵՐ ԶԲ[Ա]ԶՄԱԾՈՒՓ ԿԻՐՍ ԿԵՆՑԱՂՈՅՍ Ի ՄՏԻ ԵԴԵԱԼ ՓՈՅԹ ԳՈՐԾՈ ԱՐԱՐԵԱԼ ԱՒԱՐՏՈՒՄՆ ԵՂԵՒ ՇՆՈՐՀԱՒՔ ՈՂՈՐՄՈՒԹ[ԵԱՄ]Բ ԱՄԵՆԱԳՈՒԹ Տ[ԵԱՌ]Ն :ՈՁԷ: (1238) ԹՎԻ ԳԱՒՏԵՒՈՐԵԱԼ ԱՄԵՆԱԶԱՆ ՁԵՒՈՎ, ՊԱՏԿԵՐԱԶԱՆ ՅԱՒ[ՐԻ]ՆԱԿԵՐՏ, ԳՄԲԷԹԱՐԴ [Յ]ԱՒՐԻՆՈՒԱԾԱՒՔ: ՅԱ[Ւ]ԺԱՐՈՒԹ[ԵԱՄ]Բ ԿԱՄԱՑ ՄԵՐՈՑ, ՈՐՊԷՍ ՏԵՍԱՆԷ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՀՈԳԱՑԱՔ ԶՊԷՏՍ ՄԻԱԲԱՆԻՑՍ Գ[ԵՂՈՐ]ԱՅՍ ՄԱՉԵՂ, ՀԱՐՋԱՆՏՈՒՍ, ԲՈԼՈՐՔՈՉՆ :Ա: ԼՈՒԾ ԽԱՉԻՆԱՁՈՐ, ՆՈՐԱՇԻՆԿԱՆ ԳԵՏՆ, ԱՅԳԵՍՏԱՆՍ ԵՂ[Գ]ՆԳՆԻ` ԶՈՐ ԻՄ ՀԱՅՐՆ Է ՏՎԵԼ ՍԱՀԱԿԱՅՆ ՓՈՒՐԿԱԴՈ ՈԳՈՅՆ ԱՐԾԱԹԵՆԻՍՆ, ՈՐ ԵՍ ՏՎԻ` ԽԱՉԱՒՔ, ԳՐԱՆԱՒՔ, ՄԱՍԱՄԲՔ, ՆՇԽԱՐՀԱՒՔ ՊԱՏՈՒԱԿԱՆ ԵՒ ՁՈՒԼԱԾՈՒ ԱՄԵՆԱՅՆ, ՍՊԱՍՈՒՑ ԵՒ ՀԱՆԴԵՐՁ ԵՐԵՒԵԼԻ ԶԱՐԴԻՒՔ Ի ՓԱՌՍ Ք[ՐԻՍՏՈՍ]Ի Ա[ՍՏՈՒԾՈ]Յ ՄԵՐՈ. ԵՒ Ա[ՍՏՈՒԾՈ]Վ Ի ՄԵՐ ՅԻՇԽԱՆՈՒԹԵ[ԱՆ] ԵԿԵՂԵՑԻՔՍ ԱԶԱՏ ԵՆ: ԿԱՄԱՒ Տ[Է]Ր ՎԱՐԴԱՆԱ ԱՌԱՋՆՈՐԴԻ Ս[ՈՒՐ]Բ ՈՒԽՏԻՍ ԵՒ ՄԻԱԲԱՆԻՑՍ ԳՐԵՑԱՔ ԺԱՄ ԶԱՒԱԳ ՍԵՂԱՆՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԻՆ ՄԵԶ ԵՒ ԶԱՅԼ ԱՄԷՆ ԵԿԵՂԵՑԻՔՍ` ԶԱՏԻԿՆ ԻՒՐ ՃՐԱԳԱԼՈՒՑՈՎՆ` ԻՄ ՀԱՒՐՆ Է ՎԱԽՏԱՆԳԱ, Ա[ՍՏՈՒԱ]ԾԱԾԻՆ :Դ: ԱՒՐՆ ԻՄ ՄԱՒՐՆ ԽՈՐԻՇԱՀԻ ԵՒ ՅԱՅՏՆՈՒԹ[ԻՒՆ]Ն ԻՒՐ ՃՐԱԳԱԼՈՒՑՈՎ` ԻՄ ԵՂԲԱՒՐՆ ԶԱՔԱՐԷԻ, ԱՒԱԳ ՍԵՂԱՆՆ ՈՐ ԻՄ Է ՅԱ[ՍՏՈՒԱ]ԾԱԾՆԷՆ ՄԻՆՉ Ի ԽԱՉՆ` ԻՄ ՊԱՊԻՆ ՀԱՍԱՆԱ. ՅԻՍՆԱԿԱՄՏԷՆ ՄԻՆՉ Ի ՅԱՅՏ[Ն]ՈՒԹԻՒՆ ՄԱՄՔԱՆԱ` ԻՄ ԿԵՆԱԿՑԻՆ. ՅՈՒԹԱՒՐԱ[ՒՐ]Ց ԵԼԻՑՆ ՄԻՆՉ ԱՌԱՋԱՒՈՐՆ` ՀԱՍԱՐԱԿԱՑ ԱՆՅԻՇԱՏԱԿԱՑ. ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻՆ :Ա: ՇԱԲԱԹՆ` ԻՄ ԵՂԲԱՒՐՆ` ԴԱՒԼԻՆ :Ա: ՇԱԲԱԹՆ ԻՄ ՔՈՒԵՐՆ` ՄԱՐԻՆՈ. ԱՂՈՒՀԱՑԻՑ ՇԱԲԱԹ ԿԻՐԱԿԷՔՆ` ԻՄ ԵՂԲԱՒ[Ր]Ն` ԻՒԱՆԷ[ԻՆ, ԶԱՏԿԷ]Ն ՄԻՆՉ ՅԱ[ՍՏՈՒԱ]ԾԱԾԻՆՆ ԵՒ Ի ԽԱՉԷՆ ՄԻՆՉ ՅԻՍՆԱԿԱՄՈՒՏՆ ԻՆՁ` ՀԱՍԱՆԱ: ԱՒՐՀՆԵՑԱՒ ԵԿԵՂԵՑԻՍ :ՈՁԹ: (1240) [ԹՈՒԻՆ], Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵ[ԱՆ] Տ[ԵԱՌ]Ն ՆԵՐՍԻՍԻ ԱՂՈՒԱՆԻՑ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ: ՀԱՍՏԱՏ Է ԳԻՐՍ ԿԱՄԱՒՆ [ԱՍՏՈՒԾՈՅ: ՈՎ] ՀԱԿԱՌԱԿԻ ՈՍՈԽՆ ՆՈՐԱ Ա[ՍՏՈՒԱ]Ծ Է ԵՒ ԻՒՐ ՍՈՒՐԲՔ: ԱՆՏՈՆԻ ՏԱՒՆԻՆ :Ա: ԱՒՐ ԺԱՄ ՅՈՎԱՍԱԲ ՄԻԱԿԵՑ[ԻՆ Է ԿԱՄԱՒՆ ՄԵ]ԾԻՆ ՀԱՍԱՆ[Ա]»:

Այս տողերը կարելի է համարել յուրատեսակ պատվիրաններ: Այստեղ զարմանալիորեն միահյուսվել են ազգի ու հայրենիքի հանդեպ հոգատարությունը, խոնարհությունը, ծնողական և ամուսնական սերը, ազատասիրությունը, անձնուրացությունը, նախնիների հավատի հանդեպ հավատարմությունը, հոգու տոկունությունն ու վեհությունը:

Ինչպես փաստում է մեջբերված արձանագրությունը, 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան իրեն համարել է բնիկ, ինքնիշխան բարձր և մեծ Արցախական աշխարհի, թագավոր Խոխանաբերդի, բազմասահման նահանգների:

Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլը Գանձասարի եկեղեցին համարել է հայկական ճարտարապետության կոթողներից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հինգ ամենաուշագրավ երևույթներից մեկը:

Իսկ Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ` ճարտարապետության պատմության ռուս մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնը, ցույց տալով Գանձասարի եկեղեցու ճարտարապետական բարձր արժանիքները, գրել է, թե այդ կոթողը «հայ ճարտարապետության մարգարիտն է, հայկական միջնադարյան ճարտարապետության ու կոթողային քանդակագործության եզակի հուշարձանը, մի այնպիսի ստեղծագործություն, որն, ամենայն իրավամբ, պետք է համարել XIII դարի հայ ճարտարապետության հանրագիտարանը: Գանձասարը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է. մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»:

Գանձասարի եկեղեցին ևս մեկ անառարկելի վկայություն է այն իրողության, որ Արցախը բնիկ հայկական հող է, որտեղ դարեր շարունակ ապրել, աշխարհիկ ու հոգևոր գործունեություն են ծավալել և պետականություն կերտել հայերը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ