«Այս բոլորը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքներն են»

Step1.am-ի հարցերին պատասխանել է «Երուսաղեմի հայկական թաղամասի փրկություն» նախաձեռնության անդամ Բեդիգ Գիրագոսյանը։

-Պարոն Գիրագոսյան, տեղեկություն եղավ, որ Իսրայելի վեց հրեա բնակիչ է ձերբակալվել կիրակի առավոտյան Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբի վանքի մուտքի վրա ենթադրյալ հարձակումից հետո։ Ի՞նչ մանրամասներ կհայտնեք դեպքի մասին։

-Իրենց ասելով՝ հարձակվողները երեխաներ էին, նրանցից երեքին 15 օրով արգելել են գալ հայկական թաղամաս, նրանց տարիքը 18-ից ցածր է։ Մեկ հոգի չափահաս կար նրանց մեջ, տեղեկություն կա, որ նրա վերաբերյալ դատական գործընթաց պետք է ընթանա։ Ես որքան հիշում եմ՝ սա ամենամեծ հարձակման դեպքն է մեր թաղամասի վրա։ Այն, որ յոթ հոգի ուղիղ հարձակում գործեցին մեզ վրա, սա նորություն էր մեզ համար։ Միշտ խնդիրներ լինում էին, բայց փողոցում էին լինում, իսկ այս անգամ արդեն եկան մեզ վրա, սա պլանավորված մի բան էր։ Այս պահին ձերբակալված չկա, ուղղակի ոստիկանությունն ասել է, որ երեք հոգի անչափահաս են, եւ նրանց արգելել են 15 օր անցնել մեր թաղամասով։ Եվ ասել են, որ մեկ անձ չափահաս է, որը դատարանի առաջ է կանգնելու։

-Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այն, որ արդեն կազմակերպված հարձակումներ են գործադրվում հայկական թաղամասի վրա։

-Ենթադրությունները շատ են։ Այս օրերին փակել են հայկական թաղամասի ճանապարհները, քանի որ իրենց մոտ միջոցառում է՝ Սուրբ գիրքը տանում են դեպի «Լացի պատ»։ Մի քանի տարի առաջ այսպես չէր, բայց այս օրերին հայկական թաղամասի ճանապարհները փակ են։ Մեր մեքենաները չեն կարողանում գնալ-գալ, դա մեր հանգիստը խաթարում է։ Այսինքն՝ ամեն տոնի կամ իրադարձության ժամանակ արդեն հայկական թաղամասը փակ է, ինչը բացասական ենք գնահատում։

-Իսրայելի հայոց պատրիարքարանը կոչ արեց Իսրայելի Քնեսեթին ճանաչել ցեղասպանությունը։ Հայկական համայնքն ի՞նչ է ակնկալում այս գործընթացից, կառավարության ընդունած որոշումից հետո Քնեսեթը վերջնականապես կճանաչի՞։

-Այս հարցը քաղաքական հարց է, Նեթանյահուն Էրդողանի հետ մի հարց ունի եւ այն լուծեց՝ Հայոց ցեղասպանության խաղաքարտն օգտագործելով։ Մեզ համար շատ ցավալի է, որ այսպես շահարկում են մեր հարցը։ Ադրբեջանը բավականին ջանք գործադրեց, որ այս հարցը չեղարկեն կամ ժամանակավոր սառեցնեն։

Ի՞նչ է փոխվել Հայկական թաղամասի ճակատագրի հարցում Իրան-Իսրայել պատերազմից հետո եւ Հայաստանում կաթողիկոսի դեմ մղվող այս արշավի համատեքստում։

-Իրան-Իսրայել պատերազմը մեր թաղամասի վրա ազդեցություն չի ունեցել։ Նույնն էլ Վեհափառի հետ կապված հարցը փոփոխություն չի բերել մեզ համար։ Ուղղակի մարդիկ չեն ընդունում Հայաստանի ներկայիս ռեժիմին, որն Ազգային ժողով չհրավիրեց Վեհափառին։ Սա ցավալի հարց է Սփյուռքի համար։

-Երուսաղեմի հայկական համայնքի դիրքերն այսօր ավելի ամո՞ւր են, թե՞ գնալով թուլանում են։ Հայ համայնքը շարունակո՞ւմ է «Կովերի պարտեզ» տարածքի պահպանությունը։

-Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ չթուլանանք։ Չենք թուլանում դեռ, ուրիշ ճար չունենք, ամեն ինչի պատրաստ ենք։ Մենք չենք հանդուրժելու ոչ մի խախտում մեր թաղամասի մեջ՝ ոչ «Կովերի պարտեզի», ոչ էլ հայկական թաղամասի վերաբերյալ որեւէ այլ հարցով։ Այսօր էլ մեր շարժումը շարունակում է իր պայքարն ավելի ուժեղ, մեր ունեցվածքը պահում ենք, «Կովերի պարտեզի» տարածքից ոչ մի սանտիմետր տարածք չենք տալու։ Յուրաքանչյուրն իր ձայը բարձրացնելով՝ ասում է՝ չէ, չենք զիջելու։ Սպասում ենք, որ «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ առաջին դատական նիստը տեղի կունենա մինչեւ տարվա վերջ։ Կարեւոր փաստաթղթեր ենք կարողացել ձեռք բերել, եւ հուսով ենք, որ մենք կհաղթենք այս դատը։

-Ո՞ւմ են պատկանում Երուսաղեմի հայկական եկեղեցիները, այդ հարցի շուրջ ի՞նչ դիսկուրս կա։

-Այն բոլոր կալվածքները, որոնք կան, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքներն են։ Դրանք 100 տոկոս հայկական սեփականություն են։

Ռոզա Հովհաննիսյան