«Իրական Հայաստանը» ազգային պետություն չէ։ Ուրեմն ի՞նչ է դա

Խորհրդարան մտած կուսակցությունները չեն վիճարկում տարածաշրջանում 2020 թվականից ի վեր տեղի ունեցած իրադարձությունները և «չեն արդարացնում» Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց տրված «Պատերազմի եռագլուխ կուսակցություն» անվանումը՝ հայտարարելով, որ իրենք ցանկանում են խաղաղություն, բարեկամություն և նույնիսկ TRIPP: Սակայն դա չի խանգարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մեղադրել նրանց դեռևս «պատմական Հայաստանին» կառչելու մեջ, մինչդեռ ՔՊ-ն ապրում է «իրական Հայաստանում»:

Սակայն հարց է առաջանում. ի՞նչ իրավական հիմքի վրա է կառուցվում «իրական Հայաստանը»: Նման հիմք դեռևս բացակայում է. և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը խոսում են Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու անհրաժեշտության մասին, որը և կդառնա «իրական Հայաստանի» իրավական հիմքը՝ խորհրդային սահմաններում:

Այսպիսով, «իրական Հայաստանը»՝ Հայաստանի ապագայի տարբերակներից մեկն է, որը կախված է Բաքվի կողմից «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու պատրաստակամությունից:

Եթե սա ապագա Հայաստանն է, ապա ի՞նչ է «ներկայիս» Հայաստանը, և ի՞նչ իրավական հիմքի վրա է այն գոյություն ունենում մինչ օրս:

«Ներկայիս Հայաստանը» իր տարածքով ձևավորվել է մի քանի հիմնական փաստաթղթերով՝ 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը և 1990 թվականի Անկախության հռչակագիրը։ Ուզեն թե չուզեն,  թե Հայաստանի իշխանությունները, թե ընդդիմությունը պետք է անդրադառնան այս երեք փաստաթղթերին՝ «այլ» Հայաստան ստեղծելու համար։

Քաղաքացիական պայմանագիրը այս փաստաթղթերը համարում է «պատմական Հայաստան»՝ մտադրվելով, Մոսկվայի և Անկարայի հրահրմամբ, փոխել ներկայիս Հայաստանի իրավական հիմքերը՝ ընդունելով նոր Սահմանադրություն։ Սա թույլ կտա Ռուսաստանին և Թուրքիային խուսափել Կարսի անօրինական պայմանագրի պաշտոնական դադարեցումից կամ երկարաձգումից այնպես, որ Թուրքիան և Ադրբեջանը պարտավոր չլինեն Հայաստանին վերադարձնել Նախիջևանը, Կարսը, Արդահանը և Սուրմալան, որոնք խլվել էին Հայաստանից Կարսի պայմանագրով։ Ավելին, սա թույլ կտա Ստալինի որոշմամբ Հայաստանից խլված Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

Քաղաքացիական պայմանագիրը կարծում է, որ սա Հայաստանի պետականությունը պահպանելու միակ միջոցն է, առնվազն 29,800 քառակուսի կիլոմետրի սահմաններում՝ չբզբզելով Կարսի պայմանագիրը և հրաժարվելով Արցախի հանդեպ Հայաստանի իրավունքներից։

Մինչ օրս ընդդիմությունը որևէ պահանջ չի ներկայացրել կառավարության դեմ այս հարցի վերաբերյալ. Նարեկ Կարապետյանը խորհրդարանում իր առաջին ելույթում հայտարարել է, որ Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիրը» առանցքային նպատակ է, նշելով ընդամենը երկու պայման՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակում և պայմանական «300,000 ադրբեջանցու» Հայաստանի մուտքի “արգելում”։ Այլ կերպ ասած, եթե այս պայմանները բավարարվեն, ապա 29,800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը լիովին ընդունելի է, այդ թվում՝ Կարսի պայմանագրի և 1989 թ․ Միացումի որոշման մասին “մոռանալը”։

Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիրը» ակտիվորեն պայքարում է խորհրդարանում ազգային իրավունքները բարձրաձայնելու և Հայաստանի գոյության իրական իրավական հիմքը մեջբերելու նույնիսկ չնչին հնարավորության դեմ: Եթե նախկինում նրանք վախեցնում էին հայերին Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ պատերազմով, այժմ նրանք խոսում են նաև Վրաստանի հնարավոր պահանջների մասին: Օրինակ՝ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը հիշեցրեց, որ Վրաստանը կարող է պահանջել Լոռին և Տաշիրը, որոնք մի ժամանակ Վրաստանի թագավորության մաս էին կազմում: Բա։

Ինչո՞ւ Փաշինյանը նախընտրական շրջանում ընդդիմությանը անվանեց «պատերազմի եռագլուխ կուսակցություն» և նույնիսկ հայտարարեց, որ նոր բանակի կառուցման պայմաններում դիտորդները կարող են վախենալ, որ այն «կհայտնվի պատերազմի կուսակցության ձեռքում»: Արդյո՞ք կային նախադրյալներ հավատալու, որ եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, կսկսվի Հայաստանի Հանրապետության իրավական հիմքեր վերանայում, արդյունքում չեղյալ կհայտարարվի Կարսի պայմանագիրը, ինչը մահացու կլինի Ռուսաստանի և Թուրքիայի համար:

Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հոգու խորքում ուզում էր, որ փողոցային ակցիաներ լինեն, պահանջներ և նույնիսկ հեղափոխություն: Ի վերջո, նա իզուր չէր ասում, որ նրանք, ովքեր դեմ են Ղարաբաղյան շարժման «փակմանը», կարող են հեղափոխություն կազմակերպել:

«Կարելի է հարցնել՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունում կա՞ 100,000 քաղաքացի, ովքեր կարծում են, որ Հայաստանը չպետք է բավարարվի 29,743 քառակուսի կիլոմետրով։ Ես կպատասխանեի՝ ոչ, նրանք այդքան շատ չեն», – ընտրություններից առաջ ասել է Փաշինյանը։

«Մենք մերժում ենք Ստալինի սապոգի հայրենասիրական մոդելը։ Մեր ինքնությունը մեր պետությունն է։ «Իրական Հայաստանի» գաղափարը մեր ինքնության հարցի պատասխանն է», – ընտրություններից առաջ խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Մենք արդեն նկատել էինք, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում մանրակրկիտ կերպով մաքրվել է «ազգային» բառի հետ կապված ամեն ինչ։ Այս բառը ծրագրում հիշատակվում է երեք անգամ՝ «Ազգային ժողով», «ազգային մարզադաշտ» և «ԵԱՏՄ-ում ազգային չափանիշներ» տերմիններում։ «Քաղաքացիական պայմանագիրը» «իրական Հայաստանը» չի կապում ազգային պետության հետ։ Ուրեմն ի՞նչ է դա, և ո՞ւմ համար է կառուցվում։

Համաձա՞յն է ընդդիմությունը նման իրական Հայաստանի հետ։