
1988 թվականի Արցախյան շարժումը հաճախ ներկայացվում է միայն որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ տարածքային վեճի շուրջ ձևավորված գործընթաց, սակայն այդ ընկալումը չափազանց նեղ է։ Իրականում շարժման առանցքում է «Միացում» սկզբունքը, որը շատերի համար խորհրդանշում էր ոչ միայն Արցախի և Հայաստանի վերամիավորումը, այլև ազգային համախմբումը, պետական մտածողության ձևավորումը և սեփական ճակատագիրը տնօրինելու կամքը։ Այս գաղափարն է, որ իրավական հիմք է դարձել Հայաստանի երրորդ հանրապետությանը։
Այսօր, երբ քաղաքական դաշտում ավելի հաճախ քննարկվում են վերադարձի իրավունքը, փոխհատուցման մեխանիզմները կամ խաղաղության պայմանագրի շուրջ տարաձայնությունները, հարց է առաջանում՝ արդյո՞ք հայ հասարակությունը կորցրել է այն գաղափարը, որի շուրջ կարողանում էր համախմբվել, և ինչո՞ւ այսօր այդ համախմբումը շատ ավելի դժվար է ստացվում։
1990-1995 թվականներին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը վերջերս Step1.am-ին տված հարցազրույցում հիշեցնում է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին համատեղ որոշումը ձևավորվել էր 1988 թվականի համազգային շարժման տրամաբանական շարունակությամբ։ Նրա խոսքով՝ այդ փուլում Արցախի հարցն առանձնացված չէր Հայաստանի պետականաշինությունից։ Արցախից ընտրված պատգամավորները մասնակցում էին Հայաստանի Գերագույն խորհրդի աշխատանքներին, մասնակցել են Անկախության հռչակագրի ընդունմանը և անկախության հանրաքվեի արդյունքների հաստատմանը։
Այդ գաղափարի մասին է խոսում նաև հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը։ Նրա գնահատմամբ՝ «Միացում»-ը երբեք չի եղել միայն տարածքային պահանջ։ Այն գաղափար էր, որը կարողացավ միավորել հայ հասարակության տարբեր շերտերին։
Step1.am-ի հրապարակած խմբագրական հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ քաղաքական ուժերն այսօր ստիպված են կրկին պատասխանել Արցախի վերաբերյալ հարցերին, քանի որ հասարակության համար այդ թեման փակված չէ։ Ավելին՝ այն փակված չէ Բաքվի համար, որը համառորեն պահանջում է փոխել Հայաստանի ներկայիս իրավական հիմքերը և հեռացնել Միացումը Սահմանադրությունից։
Մեկ տարի առաջ, երբ Ֆրանսիա այցի շրջանակում հանդիպեցի Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, նրանք նշեցին, որ Հայաստանի ապագան հնարավոր չէ կառուցել մշտական ներքին հակադրությունների պայմաններում, և որ հասարակությունը պետք է կարողանա համախմբվել հայկական պետականության պահպանման շուրջ։ Այս գնահատականն արտացոլում է սփյուռքի մի հատվածի կարևոր հանրային սպասումը՝ Հայաստանի շուրջ ձևավորել ոչ թե բաժանարար գծեր, այլ ընդհանուր պատասխանատվություն։
Այսօր «Միացում»-ը տարբեր մարդկանց կողմից կարող է մեկնաբանվել տարբեր կերպ։ Ոմանց համար այն պատմական որոշում է, մյուսների համար՝ իրավական հիմք, երրորդների համար՝ ազգային հիշողության մաս։ Ադրբեջանի համար դա մահացու վտանգ է, ահա թե ինչու Բաքուն ստիպում է փոխել Հայաստանի սահմանադրությունը և հրաժարվել Միացումի մասին 1989 թվականի որոշումից։
Պառակտված հայ հասարակությունում «Միացում»-ը կարող է ընկալվել ոչ թե որպես պատմության էջ, այլև որպես համագործակցության մշակույթ, որի կարիքը Հայաստանը շարունակում է ունենալ նաև այսօր։
Արսեն Աղաջանյան