Ո՞վ է արհեստականորեն խրախուսում բնակվարձի գների աճը

Lianna Petrosyan-ի կարծիքով, բնակվարձերի թանկացման հիմնական պատճառները մի քանիսն են, որոնք բոլորն էլ անուղղակիորեն կապվում են հանրային տեղեկատվության հետ։

«Օրինակ, առաջինն այն է, որ ամիսներ շարունակ առավելապես ռուսական և ուկրաինական մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ սեպտեմբերին ՌԴ-ում սպասվում է մեծ զորահավաք, ինչն էլ իր հերթին ենթադրում էր զորահավաքային տարիքի անձանց և նրանց ընտանիքների արտագաղթ ՌԴ-ից, որոնց հիմնական ուղղություններից մեկը, ենթադրաբար, Հայաստանն էր։

Այդ ընթացքում մեր մի շարք հայրենակիցներ, ովքեր բնակվում են ՌԴ-ում, սկսեցին զանգահարել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատներին ու բարեկամներին՝ խնդրելով փնտրել վարձակալությամբ և գնման նպատակով բնակարաններ», ասում է Լիաննա Պետրոսյանը։

Նրա տվյալներով, միայն այդ և հաջորդող օրերին, մի շարք վարձատուներ տների գները բարձրացրեցին ևս 30-50 հազար ՀՀ դրամով:

Երկրորդը՝ պետք է պարզել, թե ըստ ԱԱԾ տվյալների՝ քանի ՌԴ քաղաքացի է մուտք գործել ՀՀ, և քանիսն է դուրս եկել վերջին 2 ամիսներին, հատկապես՝ վերջին օրերին։ Իմ տեղեկություններով՝ գոնե այս պահին տեղի է ունենում ՌԴ քաղաքացիների մուտք Ռուսաստան, ենթադրաբար, նաև՝ ՀՀ-ից, կարծում է Լիաննա Պետրոսյանը։

Լիաննա Պետրոսյանի և շատ փորձագետների կարծիքով, որևէ շուկայական հիմք չկա գների բարձրացման։ Պատճառները, հնարավոր է, քաղաքական են։ Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Ալեն Սիմոնյանը գոհ է, որ պատերամել չցանկացող ռուսաստանցիները լքում են իրենց երկիրը։ Մենք պատրաստ ենք հյուրնկալել նրանց Հայաստանում, ասել էր Ալեն Սիմոնյանը։   

«Եթե այս պահին իշխանությունը փորձ է անում միգուցե նման արձանագրումներով կարճատև աշխուժություն ապահովել անշարժ գույքի շուկայում՝ այդկերպ արհեստականորեն ազդելով նաև տնտեսական աճի վրա, ապա պետք է գիտակցի, որ դրանով առաջացնում է խորը սոցիալական խնդիրներ ինչպես տեղահանվածների, այնպես էլ՝ վարձով ապրող բոլոր հայրենակիցների համար», ասում է Լիաննա Պետրոսյանը։ 

Բնակֆոնդը Հայաստանի այն քիչ, բայց խոշոր շուկաներից մեկն է, որն առ այսօր ի վիճակի է արտասահմանից կապիտալ ներգրավել։ Դա իհարկե թույլ է տալիս լուծել տնտեսական բալանսի հարցը, բայց արցախցիների վիճակը հասցնում է անդունդի եզրին։ Սոցիալական աջակցությունից վաղուց զրկված արցախցիների մեծ մասը ոչ կարողանում են տուն վարձել, ոչ իրացնել իրենց սերտիֆիկատները, ոչ էլ վարկ վերցնել բանկերում։