Որդին՝ Եռաբլուրում, տունը՝ Արցախում, ինքը՝ Ամերիկայում․ Էլմիրա Կասյանի չմարող կարոտը

Էլմիրա Կասյանի կյանքը մի ճանապարհ է, որի մի ծայրում Արցախի Ծաղկաշատ գյուղն է, մյուսում՝ Ամերիկայի Միչիգան նահանգը։ Այդ ճանապարհին պատերազմներ են, տեղահանություն, ամուսնու և որդու կորուստ, շրջափակում, հայրենի տունը թողնելու պարտադրանք ու մի կարոտ, որը օտար երկրում ապրելով՝ ոչ միայն չի մարում, այլ օրեցօր ավելի է խորանում։

Տիկին Էլմիրան ծնվել, մեծացել և իր կյանքի մեծ մասն ապրել է Արցախում։ Ծաղկաշատը նրա համար պարզապես գյուղ չէր․ այնտեղ էին տունը, հարազատների շիրիմները, եկեղեցին, մանկության հիշողություններն ու իր վեց երեխաների՝ Պարույրի, Թամարի, Գեղանուշի, Կորյունի, Մանուշի, Նարեկի մեծացած տարիները։

1990-ականներին, երբ Արցախում պատերազմ էր, մայրը ամեն օր ապրում էր երեխաներին փրկելու մտքով։

«Երեխաներս դեռ փոքր էին։ Ռմբակոծությունների ժամանակ չգիտեի՝ որին որտեղ թաքցնեմ, որ կարողանամ փրկել։ Մեծ եղբայրս մեզ համար ապաստարան պատրաստեց, որը դարձավ մեր փրկության կետը»,-պատմում է նա։

1996 թվականին նրա ամուսինը՝ անվանի մանկավարժ Կառլեն Սողոմոնյանը, հումորի և անեկդոտների գիրք է հրատարակում։ Այդ իրադարձությունը ընտանիքի համար անսպասելի շրջադարձի պատճառ է դառնում։ Ավագ որդին երկու քույրերի հետ մեկնում է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաք, իսկ Էլմիրան ամուսնու և մյուս երեխաների հետ մնում է Արցախում։

Շուտով ընտանիքին հարվածում է մեկ այլ ծանր փորձություն։ Կառլեն Սողոմոնյանը սրտի կաթված է ստանում, որն էլ պատճառ է հանդիսանում նրա մահվան։ Ընդամենը 54 տարեկան էր։

Մանկավարժ լինելով՝ Էլմիրան ստիպված է լինում նոր ճանապարհ գտնել ընտանիքը պահելու համար։ Սկսում է զբաղվել բուսաբուժությամբ։ 2003 թվականին, ընտանեկան պայմաններից ելնելով, անցնում է թոշակի։ 2003-2006 թվականներին ընտանիքը տեղափոխվում է Պյատիգորսկ, և հենց այնտեղ էլ բուսաբուժությունը դառնում է նրա զբաղմունքը։

Արցախ վերադառնալուց հետո նա շարունակում է նույն գործը նաև գյուղում։ Սիրած աշխատանքը ոչ միայն հոգեհարազատ էր նրան, այլև ընտանիքի եկամտի աղբյուր դարձավ։ Իր վաստակած գումարով կարողացավ փոխել տան տանիքն ու ամբողջությամբ վերանորոգել այն։

Այդ տունը, սակայն, երկար չէր վայելելու իր խաղաղությունը։

 

Որդիները՝ զինվորներ

2006 թվականին ամուսնանում է որդին՝ Կորյունը։ Ռուսաստանից վերադառնալուց հետո նա պայմանագրային զինծառայող էր։

2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին Կորյունը մարտական դիրքում էր։ Դիրքի ավագի պարտականությունը ստանձնել էր ապրիլի 1-ին։ Էլմիրան պատմում է, որ նրա ռազմական հմտության շնորհիվ դիրքի տղաները կարողացել են հետ մղել իրենցից բազմապատիկ ուժերով հակառակորդին։

Պատերազմից հետո Կորյունը պարգևատրվում է Բաղրամյանի անվան մեդալով։

Բայց չորս տարի անց մայրը ստանում է կյանքի ամենածանր հարվածներից մեկը։

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվում է Կորյունը։

«Նրա մահը միանգամից կոտրեց ինձ»,- ասում է Էլմիրան։

Կորյունը երեք դուստրերի հայր էր։

Այսօր նրա շիրիմը Եռաբլուրում է։

 

Շրջափակման օրերը

Էլմիրայի մյուս որդին՝ Նարեկը, նույնպես պայմանագրային զինծառայող էր։

2023 թվականի սեպտեմբերին Արցախն արդեն ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր։ Խանութները դատարկ էին, սնունդ գտնելը դժվար էր, մարդկանց առօրյան վերածվել էր գոյատևման պայքարի։

Սեպտեմբերի 18-ին Նարեկը զանգում է մորը։ Ծխախոտ էր խնդրում ուղարկել դիրքեր։ Մայրը սկսում է փնտրել։

«Մի ծանոթ երիտասարդ ունեի, ով կապ էր պահպանում ռուս խաղաղապահի հետ։ Զանգեցի նրան, որ ծխախոտ գտնի տղայիս համար։ Ասաց՝ մեկ տուփը 3500 դրամ կարժենա։ Համաձայնեցի։ Վարունգով ու ձվով փոխանակեցի»։

Էլմիրան այդ օրերին իր արտադրած մթերքն էր տանում Ստեփանակերտի շուկա և փոխանակում այն անհրաժեշտ ապրանքների հետ։ Շրջափակված Արցախում փողը հաճախ երկրորդական էր դարձել․ եթե ինչ-որ բան ունեիր, կարող էիր այն փոխանակել մեկ այլ անհրաժեշտ բանի հետ։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Էլմիրան Ստեփանակերտում էր։ Վերցրեց որդու համար նախատեսված ծխախոտը և շտապ վերադարձավ գյուղ։ Բախտը բերեց՝ գյուղ գնացող մեքենա հանդիպեց։

Տուն հասնելուց քիչ անց սկսվեցին ռմբակոծությունները։

Հինգ օր շարունակ նա չէր կարողանում կապվել որդու հետ, որը մարտական դիրքում էր։

«Սիրտս պայթում էր, տեղս չէի գտնում»,- հիշում է նա։

Սեպտեմբերի 24-ին Նարեկը զանգում է։

«Ասաց՝ մի քանի ժամից տանը կլինի։ Լացում էի առանց ձայնի։ Միայն, երբ նա մի քանի անգամ ասաց՝ «Մամ, լսո՞ւմ ես», սթափվեցի ու պատասխանեցի տղայիս»։

Դա վերջին պատերազմական օրերի ամենաթանկ զանգերից մեկն էր։

 

Մի քանի ժամում՝ տնից դեպի անհայտություն

Գյուղում լույս չկար։ Հեռախոսները մի կերպ էին լիցքավորվում։ Կապը՝ անկայուն։ Իսկ Արցախը կանգնած էր վերջնական տեղահանության շեմին։

Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան Էլմիրային ու գյուղացիներին տեղեկացնում են, որ առավոտյան՝ սեպտեմբերի 25-ին, պետք է լքեն գյուղը։

Մեքենա չկար։ Վառելիք չկար։

«Շատ դաժան էր։ Կանգնել էինք փաստի առաջ»,- ասում է Էլմիրան։

Հարևան Ռև գյուղից Արմեն Պետրոսյանը Էլմիրայի և եղբոր աղջկա ընտանիքներին մեքենա է տրամադրում։ Գյուղացիների օգնությամբ մի կերպ վառելիք են գտնում և ճանապարհ ընկնում։

Ծաղկաշատը մնում է հետևում։

Մինչդեռ Կորյունի ընտանիքը Ստեփանակերտից դուրս էր եկել դեռ սեպտեմբերի 24-ին։ Տասը մարդ՝ մեկ փոքր մարդատար մեքենայի մեջ։ Տանից գրեթե ոչինչ չէին վերցրել՝ միայն փաստաթղթերը։

Էլմիրան հասցրել էր վերցնել նաև ընտանեկան լուսանկարների ալբոմները։

Որովհետև գիտեր՝ տունը կարող է այլևս չլինել, բայց հիշողությունը պետք է պահել։

«Մեծ ցավով հեռացանք Արցախից՝ թողնելով մեր պապենական գերեզմանները, մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր զոհված տղաների շիրիմները, մեր շեն օջախները»։

Նա մի պահ լռում է, ապա շարունակում.

«Գիտեմ, որ ինչպես ես, այնպես էլ բոլոր արցախցիները կարոտով են հիշում ամեն ինչ, ամեն մի մասնիկը։ Աշխարհը լուռ նայում էր այդ բոլորին։ Խրիմյան Հայրիկի ասած՝ «Մեր շերեփը թղթից էր պատրաստված»»։

 

Ծաղկաշատից՝ Դիլիջան, Դիլիջանից՝ Ամերիկա

Տեղահանությունից հետո Էլմիրայի ընտանիքը հանգրվանում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Բայց Դիլիջանը տուն չէր։ Դա ընդամենը հաջորդ հանգրվանն էր։

2024 թվականի հուլիսի 24-ին դուստրը՝ Մանուշը, Էլմիրային տեղափոխում է Ամերիկայի Միչիգան նահանգ, որտեղ վերջին տարիներին ապրում էր։

Ամերիկայում է ապրում նաև նրա մյուս դուստրը՝ Թամարը։

Էլմիրան Ամերիկա չէր գնացել նոր կյանք սկսելու երազանքով։ Նա գնացել էր, որովհետև առողջական լուրջ խնդիրներ ուներ և ընտանիքի խնամքի կարիքն էր զգում։

2025 թվականին ծանր վիրահատության է ենթարկվում։

Երկու ոտքերն էլ վիրահատված են կոնքոսկրի շրջանում։ Առանց ձեռնափայտի չի կարողանում տեղաշարժվել։

Այսօր նրա կյանքը Միչիգանում է։ Բայց ինքը՝ ոչ ամբողջությամբ։

Մարմինը Ամերիկայում է, իսկ միտքը՝ Արցախում։

«Ուշքս ու միտքս Արցախում է»

Էլմիրան ապրում է օվկիանոսից այն կողմ, բայց նրա աչքի առաջ շարունակում է մնալ ծննդավայրը։

«Այժմ ապրում եմ այստեղ, բայց ուշքս ու միտքս Արցախում է, մեր լեռներում ու հանդերում, մեր հող ու ջրում։ Աչքիս առաջ ծննդավայրս՝ Քյաթուկն է, իմ հարազատների շիրիմները, գյուղիս հնադարյա եկեղեցին…»

Նրա համար հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ։ Հայրենիքը հիշողությունների ամբողջություն է՝ տուն, բակ, գերեզման, եկեղեցի, լեռ, հարազատ մարդու ձայն։

Եվ այդ հիշողությունների հետ ապրում է նաև ուրիշների ցավը։

Էլմիրան հետևում է սոցիալական ցանցերին, տեղեկանում իր հայրենակիցների մասին, նրանց կորուստների, դժվարությունների ու հաջողությունների մասին։

«Ցավով եմ նկատում, որ շատ-շատերը չեն դիմանում կարոտին, իրարից բաժանման ցավին և ժամանակից շուտ հեռանում են կյանքից։ Անկախ նրանից՝ ճանաչում եմ, թե չեմ ճանաչում, ցավ եմ ապրում յուրաքանչյուրի համար։ Հետևում եմ սոցիալական էջերին, տեղեկանում՝ ինչ է կատարվում իմ հայրենակիցների հետ, ապրում եմ բոլորի դարդ ու ցավերով, հաջողություններով։ Ուրախ եմ, որ 2023 թվականից հետո շարունակում է գործել հարազատ շրջանս ներկայացնող «Բերդ Թերթի» ֆեյսբուքյան էջը»։

Եվ հիմա, հազարավոր կիլոմետրեր հեռու, նա ապրում է հիշողությամբ։ Եռաբլուրում ամփոփված որդու հիշողությամբ, Արցախի հող ու ջրի, եկեղեցիների ու սրբավայրերի հիշողությամբ։

Ո2025 թվականի հոկտեմբերին նա վերադարձավ Հայաստան՝ որդու մահվան հինգերորդ տարելիցին այցելելու նրա գերեզմանին։ Եռաբլուրում կանգնած մոր համար որդու կորուստը շարունակում է մնալ ոչ թե անցյալի, այլ ներկայի ցավ։

Բայց այդ ամենի մեջ Էլմիրա Կասյանը փորձում է պահպանել ամենակարևորը՝ հույսը։

«Ուզում եմ, որ անկախ ամեն ինչից, ոչ ոքի հույսը չմարի։ Վերադարձ Արցախ անպայման լինելու է։ Հավատում եմ և հավատի հույսով ապրում…»

 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ