
Ռուսաստանի նախագահն ասում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է վերլուծեն իրենց հարաբերությունների հիմքերը, և կարող է պարզվել, որ մենք ավելի շատ հարցերում համաձայն ենք, քան թե՝ ոչ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Հայաստանի ցանկության դեպքում 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին հայտարարության վերաբերյալ պատգամավորն ասել է, որ որևէ վտանգ չի տեսնում Թուրքիայի առաջ Հայաստանն անպաշտպան թողնելու մեջ, եթե ռուսական բազան դուրս բերվի. «Եթե բազայի ներկայությունը մինչ այժմ օգտակար չի եղել, ապա դրա բացակայությունը հատկապես վնասակար չի լինի, առավել ևս, որ ներկայումս տարածաշրջանում էսկալացիայի վտանգ չկա. մենք այդ ռիսկը գրեթե զրոյի ենք հասցրել»։
Ռուսական բազայի հարցը շահագործում է հայկական ընդդիմությունը, որն իներցիայով փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Նիկոլ Փաշինյանից «նեղացած» Ռուսաստանը որոշել է դուրս բերել բազան և դատապարտել Հայաստանին Թուրքիայից մշտական սպառնալիքի։
Թեկուզ Պուտինը ինքը բացահայտ հայտարարել է, որ պատրաստ է դուրս բերել բազան՝ ակնարկելով, որ դրա գործառույթներն ավարտված են։
Հիշեցնենք, որ 100 տարի առաջ՝ Ռուսական կայսրության փլուզումից և ռուս-թուրքական Կարսի պայմանագրի ստորագրումից հետո, ռուսական զորքերը հայտնվեցին հայ-թուրքական սահմանին՝ պահպանելով այն որպես «ԽՍՀՄ արտաքին սահմաններ»։
Հայաստանի անկախացումից հետո առաջացավ երկրի սահմանների հարցը, որոնք այդ ժամանակ և մինչ օրս սահմանվում են Կարսի պայմանագրով: 1991 թվականին իրեն հռչակելով Խորհրդային Հայաստանի, այլ ոչ թե Առաջին Հանրապետություն իրավահաջորդ, Հայաստանը փաստացի «համաձայնվեց» Կարսի պայմանագրի շարունակմանը: Սա հիմք հանդիսացավ Հայաստանի և Թուրքիայի սահմանին 102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների վերատեղակայման համար։
2020-2023 թվականների Արցախյան պատերազմից, Ակնայում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի ստեղծումից և Ռուսաստանի կողմից Արցախի օկուպացիայի և բնիկ բնակչության տեղահանությանը օժանդակելուց հետո Մոսկվան հրաժարվեց պաշտպանել Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկում Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ: Պուտինը այն ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը սահմաններ չունի, և Մոսկվան չգիտի, թե ինչ պետք է պաշտպանի: Վերջերս Վլադիմիր Պուտինը կրկնեց նույն խոսքերը՝ ըստ էության հաստատելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը պարզապես առանց սահմանների հող է, որը «հասել է» Ռուսաստանին Թուրքիայի հետ Կարսի պայմանագրով։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց «խաղաղության»՝ «Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված խորհրդային սահմաններում», որն իրականում Կարսի պայմանագրով է սահմանված։ Դրանից հետո սկսվեցին քննարկումներ Հայաստանի համար նոր Սահմանադրություն ընդունելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Հռչակագրում խոսում է ոչ միայն Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի բանաձևի, այլև «պատմական արդարության վերականգնման» մասին։ Սա ենթադրում է շատ կոնկրետ քայլ՝ Կարսի անօրինական պայմանագրի չեղյալ հայտարարումը և այդ պայմանագրով Հայաստանից խլված հողերի, այդ թվում՝ Նախիջևանի, Կարսի, Արդահանի և Սուրմալուի վերադարձը։
Ընդամենը մի քանի ամիս առաջ Ալիևը Նախիջևանի Սահմանադրությունից հեռացրեց Կարսի պայմանագրի հղումը, սակայն դա չմեղմացրեց Նախիջևանի՝ Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ կասկածները: Բաքուն բացահայտորեն հայտարարում է, որ քանի դեռ ուժի մեջ է Հայաստանի Անկախության հռչակագիրը և գործում է Կարսի պայմանագիրը, Նախիջևանը չի կարող համարվել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մաս: Ահա թե ինչու TRIPP-ը չի կոչվում “միջանցք”, քանի որ այն պետք է կապի Ադրբեջանը ոչ Ադրբեջանի հետ։
Հայկական ընդդիմությունը, որը գլուխն առած պաշտպանում է ռուսական բազան, կարող է խորհրդարանում պարզ հարց բարձրացնել. եթե Կարսի պայմանագիրը վավեր է, ապա ինչո՞ւ է ռուսական բազան դուրս բերվում, իսկ Ալւևը հավակնում Նախիջևանին: Իսկ եթե վավեր չէ, ապա ինչո՞ւ Հայաստանին չեն վերադարձվում նրանից խլված հողերը։
Ռուսական բազայի «հանգիստ» դուրսբերումը Հայաստանից նշանակում է, որ կա կոնսենսուս Կարսի պայմանագրի «հանգիստ» ավարտի վերաբերյալ՝ առանց 100 տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի կողմից հաստատված Հայաստանի սահմանները փոխելու: Ահա թե ինչու է Պուտինը այդքան հանգիստ խոսում բազան դուրս բերելու հնարավորության մասին. քանի որ աղմկելու դեպքում Կարսի պայմանագիրը կարող է հրապարակայնորեն քննարկվել։
Կարսի պայմանագիրը «փակելու» պատասխանատվությունը՝ առանց Թուրքիային և Ադրբեջանին վնաս հասցնելու, վստահվել է Նիկոլ Փաշինյանին, և կասկած չկա, որ նրա առաջիկա այցը Ռուսաստան նվիրված կլինի այս հարցերին։ Այցը կարող է տեղի ունենալ նույնիսկ հոկտեմբերի 13-ին՝ Կարսի պայմանագրի ստորագրման 105-ամյակին։
Նաիրա Հայրումյան