Շոյգու Կուժուգետ-օղլուն ոչինչ չասաց 102-րդ բազայի մասին` դրա հարցն արդեն լուծված է

Հայաստանում կրկնակի ստանդարտներ և անբարյացակամ մոտեցում են ցուցաբերվում այնտեղ գործող ռուսական բիզնեսների նկատմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն գիտական ​​և փորձագիտական ​​խորհրդի նախագահության նիստում։

«Այն, ինչ կատարվում է ձեռնարկությունների և ամբողջ ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, կարելի է բնութագրել որպես «ռեյդերական զավթում», – ասել է նա (մեջբերում է ՏԱՍՍ-ը)։

ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղի են ընտրել։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու Երևանի ցանկությունը ակնհայտ է, ասել է Սերգեյ Կուժուգետ-օղլու Շոյգուն։

Շոյգուն չի հիշատակել Հայաստանից 102-րդ ռուսական բազայի դուրսբերման մասին. Փաշինյանն ասում է, որ այս հարցով Ռուսաստանին չի դիմել, բայց Պուտինը պնդում է, որ կարող է ցանկացած պահի դուրս բերել բազան։ Ըստ երևույթին, բազայի հարցն արդեն լուծված է։

Հիշեցնենք, որ 2010 թվականին Սերգեյ Կուժուգետ-օղլու Շոյգուն շտապ ժամանեց Երևան, որից հետո Ռուսաստանը ստիպեց Հայաստանին երկարաձգել 102-րդ բազայի տեղադրման ժամկետը մինչև 2044 թվականը։

Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան պաշտոնապես ստեղծվել է 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված համաձայնագրով՝ 25 տարի ժամկետով։ Նշենք, որ 1921 թվականի մարտի 16-ին է ստորագրվել ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը, և ռուսական բազան Հայաստանում ստեղծվել է այս համաձայնագրի շրջանակներում։ Բազանի գործողության ժամկետը իսկզբանե սահմանվել է մինչև 2020 թվականը, ենթադրաբար այն ակնկանիքով, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյա ժամկետը կլրանա, և բազան այլևս անհրաժեշտ չի լինի։

2010 թվականին սակայն բազայի գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2044 թվականը, իսկ 2011 թվականին Էրդողանը մեկնեց Մոսկվա՝ փոխանակվեց այն ժամանակ նախագահ Մեդվեդեվի հետ Մոսկվայի պայմանագրի պատճեններով և վերահաստատեց, որ այն դեռևս ուժի մեջ է։ Այդ պահից Ռուսաստանը և Թուրքիան սկսեցին պատրաստվել դուրս գալու 1921 թվականի պայմանագրերից՝ կրկին Հայաստանի հաշվին։

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ակնայում ստեղծվեց ռուս-թուրքական կենտրոն, և Շոյգուն հայտարարեց, որ «Թուրքիայի հետ միասին Ռուսաստանը բարդ օպերացիա է իրականացրել Ղարաբաղում»։ Իսկ 2023 թվականին Արցախից հայ բնակչության տեղահանությունից հետո, Ակնայում գտնվող ռուս գեներալը իր թուրք գործընկերոջը զեկուցել է, որ «շնորհիվ Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերի, վերջապես խաղաղություն է հաստատվել Ղարաբաղում»։

Ղարաբաղյան օպերացիան Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Կարսի պայմանագրից դուրս գալու մի մասն էր՝ առանց 2021 թվականին Հայաստանից բռնագրավված հողերը վերադարձնելու և կիսելով մնածյալ Հայաստանը։ Այդ գործընթացն ավարտվում է, և Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին իրականացնում է Հայաստանի «ընդունում-հանձնումը», որից հետո Գյումրիի ռուսական բազան դուրս կբերվի։

Սակայն, որպեսզի Հայաստանի հերթական հանձնումը ներկայացվի որպես «հայերի դավաճանություն և Ռուսաստանի կողմից փրկություն», Շոյգուն և Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրում են Արևմուտքին «Հայաստանը Ռուսաստանից պոկելու» փորձի մեջ։ Հո Թուրքիաին չեն մեղադրի։