Գազի թանկացում․ ապոկալիպսի՞ս, թե՞ Կիկոսի մահ

Մինչ տնտեսագետները հաշվարկներ են անում, թե ինչ խնդիրների կբախվի Հայաստանը, եթե Մոսկվան որոշի թանկացնել գազը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար բնական գազի շուկայական սակագին սահմանելու՝ Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքների թեման «Կիկոսի մահի» հետ է համեմատում. գնի խնդիր լինի, կկառավարեն, չի լինի՝ չեն կառավարի:

«Այսինքն հիմա արդեն ապոկալիպսիսներ՝ գնացինք մարդի, ունեցանք որդի, վեր ելանք ծառին, վայր ընկանք քարին, և, ի վերջո, վայ, Կիկոս ջան, վայ, բալա ջան: Նկատի ունեմ՝ անընդհատ Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր աշխատակարգը և գործելաոճը չի», – ընդգծեց Փաշինյանը:

«Ապոկալիպսիս» բառը երեկ արտաբերեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարը՝ մեկնաբանելով գազի գնի հնարավոր բարձրացումը։ Վերլուծաբանները նշեցին, որ Կենտրոնական բանկի նախագահի ճեպազրույցը նպատակ ուներ ոչ թե հայտարարել վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.25 տոկոսային կետով բարձրացման մասին, այլ շրջանառության մեջ դնել «ապոկալիպսիս» բառը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը ևս օգտագործեց այս տերմինը՝ քողարկելով Կիկոսի մահվան պատմության տակ։

Այնուամենայնիվ, դիտարկվող «ապոկալիպսիսը» ոչ միայն գազի գների հնարավոր բարձրացումն է, այլև ռուսական գազի մատակարարման լիակատար դադարեցումը ձմռան շեմին, որին կհաջորդի Հայաստանում գազամատակարարման գծերի ազգայնացումը․ ներկայումս դրանք պատկանում են ռուսական «Գազպրոմին»։ Սակայն նախքան դա տեղի ունենալը, կարող է լինել «ապոկալիպսիս»՝ քաոս, ներքին խառնաշփոթ և, հնարավոր է, իշխանափոխություն։