Բարոյական պայքար․ երբ Արցախի քաղաքական հարցը տեղափոխվում է արցախցու արժանապատվության դաշտ

2023 թվականի սեպտեմբերին ավելի քան հարյուրքսան հազար հայեր ստիպված հեռացան Արցախից։ Հայաստանի իշխանությունն այդ օրերին կատարվածը բնորոշում էր բավական հստակ բառերով․ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին հայտարարեց, որ Արցախի հայերի զանգվածային հեռացումը Ադրբեջանի իրականացրած «էթնիկ զտման քաղաքականության» հետևանքն է, իսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի 21-ին, խոսում էր այն վտանգի մասին, որ հայաթափումը կարող է տեղի ունենալ նաև այնպես, որ պատասխանատվությունը Ադրբեջանի վրայից տեղափոխվի հենց հայերի վրա։

Հետո շատ բան փոխվեց։ Փոխվեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական օրակարգը, Արցախի հարցի վերաբերյալ իշխանության քաղաքական բառապաշարը, և Արցախի թեման աստիճանաբար դարձավ քաղաքականապես ծանր, անհարմար, երբեմն էլ՝ վտանգավոր թեմա։

Բայց այստեղ մի հարց կա, որն ավելի կարևոր է, քան քաղաքական բոլոր բանավեճերը․ ե՞րբ է քաղաքականությունը իրավունք ստանում մտնել մարդու հիշողության մեջ։

Ե՞րբ է պետության քաղաքական դիրքորոշումը դառնում արցախցու համար սեփական հայրենիքը ճանաչելու կամ չճանաչելու հարց։

Եվ արդյո՞ք Հայաստանի՝ իր անվտանգությունն ապահովելու կամ խաղաղության հասնելու նպատակները ենթադրում են նաև մեկ այլ գին՝ արցախցու բարոյական վարկաբեկումը։

Սա արդեն քաղաքականության մասին չէ, այլ՝ բարոյականության մասին։

Սգի բացակայությունից մինչև հիշողության լռեցում

2023-ի սեպտեմբերից հետո Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում խոսում էր շուրջ 120 հազար բռնի տեղահանվածների մասին և իրադարձությունը կրկին անվանում էր էթնիկ զտում։ Բայց մի ամբողջ ժողովրդի հայրենազրկումը Հայաստանի պետական հիշողության մեջ ինչպե՞ս պիտի ամրագրվի՝ սգո՞վ, հիշատակի՞ օրով, պատմության դասագրքերում ու հուշարձաններո՞ւմ, թե՞ պարզապես սոցիալական աջակցության ծրագրերով։

Պետությունը կարող է և պետք է լուծի տեղահանված մարդու բնակարանի, աշխատանքի ու սոցիալական խնդիրները։ Բայց մարդուն տունը կորցնելուց հետո միայն բնակարան տալը դեռ չի նշանակում պահպանել նրա հիշողությունը։

Ի՞նչ է կատարվում մի ժողովրդի հետ, երբ նրա հայրենիքի կորուստը դադարում է պետական հիշողության առարկա լինելուց, իսկ զոհվածի ընտանիքի համար իր կորստի մասին խոսելը դառնում է քաղաքականապես անհարմար։

«Արցախ» բառը

Երբեմնի հպարտ հնչվող բառը կարող է դառնալ քաղաքականապես անցանկալի՝ առանց որևէ օրենքով արգելված լինելու։ «Արցախը» հենց այդպիսի բառ է դարձել։

Պաշտոնական քաղաքականության փոփոխությունը ինքնին քննարկելի քաղաքական հարց է․ Հայաստանը կարող է խոսել տարածքային ամբողջականության, խաղաղության պայմանագրի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Բայց դրանից չի հետևում, որ արցախցին պարտավոր է իր քաղաքական հիշողությունը վերաշարադրել։ Նա կարող է համաձայն չլինել նախկին իշխանությունների հետ կամ քննադատել նրանց, բայց շարունակում է իրավունք ունենալ ասել՝ «Ստեփանակերտն իմ քաղաքն է, Մարտակերտն իմ հայրենիքն է, Մարտունում իմ տունն էր, այնտեղ իմ հոր գերեզմանն է»։

Ո՞ր քաղաքական որոշումն է կարող վերացնել այդ հիշողությունը։

Երբ «քաղաքական հարց» են տալիս

2026 թվականի օգոստոսին Ազգային ժողովում Արցախի հարցի շուրջ տեղի ունեցած բանավեճերից մեկը շատ պարզ ցույց տվեց այդ սահմանը։ Պատգամավոր Արեգա Հովսեփյանի և Արայիկ Հարությունյանի բանավեճում հարցը վերաբերում էր Հայաստանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության նկատմամբ դիրքորոշմանը։ Հովսեփյանն իր պատասխանում շեշտեց իր անձնական կապը Արցախի հետ՝ ծննդավայր, ընտանիք, նախնիների գերեզմաններ, և հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս է հայը հայից հարցնում՝ նա ճանաչո՞ւմ է Արցախը որպես Հայաստան։ Հարությունյանի պարզաբանումն այն էր, որ հարցը վերաբերում էր Պրահայի հայտարարության վերաբերմունքին, բայց քաղաքական բառերի և մարդկային ընկալման միջև ճեղքն արդեն առաջացել էր։

Մի երեխայի նկարը

2026 թվականի հուլիսին Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթից հեռացվել էր տասը տարեկան աշակերտուհու՝ Ստեփանակերտի «Տատիկ-պապիկ» հուշարձանը պատկերող նկարը։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» հայտնել էր, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը աշխատանքը որակել էր որպես «հակապետական քայլ», իսկ դպրոցի տնօրինությունը պնդում էր, որ խնդիրը ներքին կարգապահական կանոններն էին։

Պատմության մեջ կա մի դետալ, որը ձևակերպումներից ավելի ծանր է․ նկարը նկարել էր երեխա, որի համար «Տատիկ-պապիկը» իր հիշած հայրենիքի խորհրդանիշն էր։ Միջադեպից հետո ուսուցչուհին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարող աշխատել մի վայրում, որտեղ երեխայի աշխատանքը նման կերպ է գնահատվում։

Այստեղ հարցն ավելի մեծ է․ ե՞րբ է երեխայի հիշողությունը դառնում «հակապետական»։ Եթե երեխան նկարում է Ստեփանակերտի հուշարձանը, նա քաղաքական պահանջ ներկայացնո՞ւմ է, թե՞ հակադրվում է արտաքին քաղաքականությանը։ Եթե պատասխանը ոչ է, ապա ինչո՞ւ է առաջանում այդ վախը։

Ատելության խոսքը և «Օվերտոնի պատուհանը»

Ատելության խոսքը հաճախ սկսվում է ընդհանրացումից՝ «արցախցիները», «Արցախի իշխանությունները», «նրանք»։ Մի ամբողջ խմբի մասին խոսելուց հետո անհատը դառնում է հավաքական կերպար, որի վրա դնում են քաղաքական ու բարոյական մեղքը։ Արդյունքում հեշտ է դառնում ասել, թե իբր իրենք են մեղավոր իրենց պարտւթյան համար, իրենք են «լքել» իրենց հայրենիքը և խանգարում են Հայաստանի ապագային։ Այդ պահին ի՞նչ է մնում արցախցուն՝ իրավո՞ւնքը հիշելու, ցավելու, չհամաձայնելու ․․․

Ահա թե որտեղ է քաղաքական պայքարը վերածվում բարոյականի։ Սա նաև «Օվերտոնի պատուհանի» վտանգն է․ այն, ինչը տարիներ առաջ անընդունելի կհնչեր, աստիճանաբար դառնում է սովորական քաղաքական խոսք։ Տասը տարի առաջ եթե որևէ մեկն ասեր, որ Հայաստանում Արցախի մասին խոսելը կարող է ընկալվել որպես կասկածելի վարք, շատերը չէին հավատա։ Այսօր ամենավտանգավոր փոփոխությունն այն է, որ մենք աստիճանաբար սովորում ենք դրան։

Պետության քաղաքականությունը և հասարակության բարոյականությունը

Հայաստանը կարող է ունենալ իր պետական շահի պատկերացումը և Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը։ Փաշինյանն ինքն էլ 2024 թվականի հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պատերազմ չի պատրաստվում սկսել Լեռնային Ղարաբաղի համար և չունի հավակնություններ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս։

Բայց ի՞նչ պարտք ունի այդ նույն պետությունը իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տեղափոխվել են Հայաստան։ Արդյո՞ք նրանցից պահանջվում է ոչ միայն թողնել տունը, այլև լռել տան մասին, հրաժարվել հիշողությունից և ընդունել մի պատմություն, որտեղ իրենք են «մեղավորը»։ Եթե խաղաղությունը անհրաժեշտություն է, դա չի նշանակում, որ խաղաղության լեզուն պետք է կառուցվի սեփական քաղաքացիների նվաստացման վրա։

Պետական քաղաքականությունը և հասարակության բարոյական արձագանքը նույնը չեն։

«Տատիկ-պապիկի» նկարի պատմությունը դրա օրինակն է․ նկարը հեռացնելուց հետո այն հանրային աջակցության ալիքի վրա գնվեց 1800 դոլարով։ Սա ցույց է տալիս, որ մի կողմից կարող է լինել քաղաքական խոսույթ, որը փորձում է Արցախը դարձնել փակված թեմա, բայց մյուս կողմից՝ հասարակության մեջ պահպանվում է բարոյական ընկալումը․

Երեխային չի կարելի ասել, որ իր հիշողությունը հակապետական է։

Մարդուն չի կարելի ասել, որ իր հայրենիքը հիշելը քաղաքական հանցանք է։

Տեղահանված մարդուն չի կարելի ստիպել ապացուցել, որ արժանի չէ եղել իր տան համար պայքարի։

Սա է այն սահմանը, որի պահպանման համար պետք է պայքարել՝ ոչ թե անցյալը վերադարձնելու պատրանքով, այլ մարդու արժանապատվության համար։

Ո՞վ է որոշում, թե ինչպիսի արցախցի է ընդունելի

Եթե քաղաքական իշխանության համար գոյություն ունի «ընդունելի արցախցու» կերպար (նա, ով չի խոսում պատերազմից, չի պահանջում պատասխանատվություն, չի ասում «վերադարձ» և հրաժարվում է քաղաքական հարցերից), ապա ի՞նչ անի նա, ով շարունակում է ասել՝ «Արցախն իմ հայրենիքն է»։

Արցախցիները նույնական չեն․ նրանց մեջ կան տարբեր քաղաքական հայացքներով, նախկին իշխանությունների նկատմամբ տարբեր գնահատականներով մարդիկ։ Կան մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ, և մարդիկ, որոնք  գուցե պարզապես ուզում են խաղաղ ապրել Հայաստանում։ Բայց նրանց բոլորին միավորում է մեկ փաստ՝ նրանք կորցրել են իրենց ծննդավայրը։ Եվ այդ փաստի շուրջ նրանց արժանապատվությունը քննարկման առարկա դարձնելը դուրս է քաղաքականությունից, դա անբարոյականություն է։

Արցախի քաղաքական ապագան կարող է լինել քաղաքական բանավեճի առարկա, բայց արցախցու արժանապատվությունը չպետք է դառնա դրա գինը։ Եթե խաղաղության համար անհրաժեշտ է հրաժարվել քաղաքական օրակարգից, ապա արդյո՞ք դրա գինը պետք է լինի նաև հիշողությունից հրաժարվելը։

Եթե մենք համաձայն ենք, որ մի ժողովրդի հայրենազրկումը ողբերգություն էր, ապա ինչո՞ւ ենք փորձում այդ ողբերգությունից հետո համոզել հենց այդ ժողովրդին, որ, գուցե, ինքը այնքան էլ արժանի չէր իր հայրենիքին։ Բարոյական դիմադրությունը սկսվում է ամենապարզ սկզբունքից՝ մարդուն իր կորցրած հայրենիքը հիշելու համար մեղավոր չդարձնելուց։

Մարիան Սարգսյան