Արցախցիներին աջակցության երկու ծրագրերի ժամկետները կերկարաձգվեն, բայց մեկը կկրճատեն

Արցախցի բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական երկու ծրագրերի ժամկետները նախատեսվում է երկարաձգել։ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը e-draft.am կայքում այսօրվանից հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման մեջ փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ այդմ՝ աջակցության երկու ծրագրերի ժամկետները կերկարաձգվեն 6 և 12 ամսով։

Առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցության տրամադրումը երկարաձգել մինչև 2027 թվականի
հուլիս ամիսը, բայց 2027 թվականի ապրիլից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ նպատակն այն է, որ ցանկանում են խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։

«Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց համար իրականացվող՝ ամսական 30 000 դրամ տրամադրվող սոցիալական աջակցության, ինչպես նաև՝ տեղահանված կարիքավոր ընտանիքներին համար իրականացվող (ընտանիքի 1-ին անդամի դեպքում 40 000 դրամ, իսկ երկրորդ անդամից սկսած 10 000 դրամ) սոցիալական աջակցության միջոցառումների ժամկետները համապատասխան որոշումներով սահմանված են մինչև տարեվերջ՝ 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ: Սակայն հաշվի առնելով այն, որ միջոցառումների շրջանակներում շահառու խմբերը առանձին խմբերի անձիք կամ ընտանիքներ են, ովքեր դեռևս ունեն սոցիալական աջակցության կարիք, ինչպես նաև  հանգամանքը, որ նշված անձիք դեռևս սոցիալ-տնտեսական պատճառներով պայմանավորված շարունակում են գտնվել կյանքի դժվարին իրավիճակում, առաջարկվում է երկու միջոցառումների տրամադրման ժամկետները երկարաձգել»,- նշվում է որոշման նախագծում։

Առանձին խմբերի անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման շրջանակներում առաջարկվում է ծրագիրը շարունակել մինչև 2027 թվականի մարտ ամիսը ներառյալ 30 000 դրամի չափով, իսկ ապրիլից մինչև հունիս ամիսը ներառյալ ամիսների համար՝ 15 000 դրամի չափով։ Իսկ կարիքավոր ընտանիքներին տրամադրվող հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը՝ 40+10 հազարը, առաջարկվում է շարունակել մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:

«Միաժամանակ, Ղարաբաղից տեղահանված անձիք ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան»,- նշվում է նախագծում։

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման շրջանակներում 2026թ․ սեպտեմբեր ամսվա համար աջակցություն է ստացել 45 800 անձ, ամսական ֆինանսավորման չափը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ։

Նախորդ ամիսների համեմատ շահառուների թվի էական փոփոխություն չի նկատվել։ Ըստ նախագծի՝ ՀՀ պետական բյուջեից կպահանջվի նույն շահառուների թվի դեպքում 2027թ․ առաջին եռամսյակում 4.2 մլրդ դրամ։ Հաջորդ եռամսյակում շահառուների թվի պահպանման, սակայն աջակցության չափի 15 000 դրամ տրամադրելու պարագայում եռամսյակի ծախսը կկազմի շուրջ 2.06 մլրդ դրամ, այսինքն՝ 2027թ․ առաջին 6 ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական կանխատեսման չափը կկազմի 6.26 մլրդ դրամ։

ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման շրջանակներում աջակցություն ստացող ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 8500 ընտանիք, միջին ամսական ֆինանսավորումը՝ 498 մլն․ դրամ։ Կանխատեսվող կարիքավոր ընտանքիների թիվը 2027 թվականի երկրորդ կիսամյակում կկազմի շուրջ 9500 ընտանիք, ֆինանսավորման չափը՝ ամսական շուրջ 557 մլն դրամ, իսկ տարեկան կանխատեսվող ծախս՝ 6․3 մլրդ դրամ։

«Այսպիսով, վերը նշված սոցիալական աջակցության 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման պարագայում 2027 թվականի համար կանխատեսվող ֆինանասական չափը կկազմի շուրջ 12․6 մլրդ․ դրամ, որը նախատեսվել է 2027 թվականի ՀՀ պետական բյուջեով»,- նշվում է նախագծում։