
Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, Արցախում դեռևս պատերազմ չկար։
Այո՛, շրջափակված Արցախում կյանքը վաղուց այլևս բնականոն չէր։ Մարդիկ ամիսներ շարունակ ապրում էին սննդի, դեղորայքի, վառելիքի ու առաջին անհրաժեշտության այլ միջոցների պակասի պայմաններում։ Բայց մարդիկ ապրում էին։ Երեխաները դպրոց էին գնում, մեծերը աշխատանքի էին շտապում, ընտանիքները փորձում էին հաղթահարել հերթական դժվար օրը։ Տներում սեղան էին գցում, հարևանը հարևանի դուռն էր թակում, մեկը մյուսին օգնում էր՝ ինչպես կարող էր։
Կային անհանգստություն, վախ, անորոշություն, բայց դեռ կար վաղվա օրը։
Սեպտեմբերի 19-ին այդ «վաղը» փոխվեց։ Ադրբեջանի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Արցախում նորից պատերազմ սկսվեց։ Բնակավայրերը հայտնվեցին հրետակոծության տակ, մարդիկ ապաստարաններում էին, իսկ վիրավորներին ու հիվանդներին բուժօգնություն հասցնելու հնարավորությունները՝ ծայրահեղ սահմանափակ։
Արցախում պատերազմ էր․ զոհերի թիվը հասավ հարյուրների։ Կային հարյուրավոր վիրավորներ, իսկ ընտանիքները շարունակում էին տեղեկություններ փնտրել իրենց հարազատների մասին։
Ոմանք այլևս երբեք չվերադարձան։ Ոմանց անունները դարձան սգո ցուցակների մաս։ Իսկ ոմանց ճակատագիրը երկար ժամանակ մնաց անհայտ։
Անհայտ կորածների համար պատերազմը չի ավարտվում այն օրը, երբ կրակոցները դադարում են։ Այն շարունակվում է սպասման մեջ և այն հարցից, որի պատասխանը ընտանիքը ամիսներ ու տարիներ շարունակ չի ստանում՝ որտե՞ղ է իր հարազատը։
Պատերազմի ամենածանր օրերից մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստում հզոր պայթյուն տեղի ունեցավ։
Հարյուրավոր մարդիկ այդտեղ էին հավաքվել՝ վառելիք ստանալու և Արցախից դուրս գալու համար։ Նրանք ուզում էին հեռանալ, որ փրկեն իրենց ընտանիքներին։
Պայթյունը, սակայն, վերածվեց նոր ողբերգության։
Առաջին օրերին հաղորդված տվյալներով՝ զոհերի և անհետ կորածների թիվը տասնյակներով էր հաշվվում, հարյուրավոր մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ։ Հետագա գնահատականներում պայթյունի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի, իսկ տասնյակ մարդիկ շարունակում էին համարվել անհայտ կորած։ Այդ մարդկանց զգալի մասը օրեր առաջ էր վերադարձել մարտական դիրքից։
Սեպտեմբերի վերջին Արցախից դեպի Հայաստան ձգվող ճանապարհը լցվեց բռնի տեղահանված արցախցիներով։
Տներից դուրս եկող ընտանիքները վերցնում էին այն, ինչ կարող էին՝ մի քանի պայուսակ, փաստաթղթեր, երեխաների հագուստ, մի քանի լուսանկար, տան բանալիները։
Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 120 հազար մարդ Արցախից հասավ Հայաստան։ Ավելի քան 120 հազար մարդ՝ մեկ ճանապարհի վրա։
Բայց այդ ճանապարհի ամենածանր բեռը ճամպրուկներում չէր։
Արցախցի Կամո Իսաբաբյանը բռնատեղահանման դառնությունը առաջին անգամ զգացել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։
Նա ստիպված էր հեռանալ հարազատ Ակնաղբյուր գյուղից։ Երբեք չէր մտածել, որ մի օր կկորցնի հարազատ գյուղը, այնտեղ թողնելով իր տունը, իր կյանքի տարիներն ու ամեն ինչ՝ ձեռնունայն դուրս կգա դեպի անորոշություն։ Բայց Ակնաղբյուրում Կամոն թողեց նաև ամենասուրբը՝ որդու՝ 12-ամյա Լևոնի շիրմաքարը։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերը Իսաբաբյանների ընտանիքը բնակվում էր Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ Այդ ժամանակավոր կյանքը, սակայն, նույնպես ընդհատվեց։
2023-ի սեպտեմբերին Կամոն ընտանիքի հետ երկրորդ անգամ տեղահանվեց Արցախից և հաստատվեց Երևանում։
Այսօր Կամոն Երևանում է։ Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող ապրել որևէ մարզում և բժիշկների անմիջական վերահսկողության տակ է։ Նոր կյանքը, սակայն, չի ջնջում հինը։ Երբեմն այն պարզապես ստիպում է մարդուն սովորել ապրել կարոտի հետ։
Հայասեր Հայրապետյանի ընտանիքի ճանապարհը դեպի Երևան սկսվել է մեկ այլ ողբերգությունից։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում Հայասերը ծանր վիրավորվել է։ Երկարատև բուժումից հետո ընտանիքը հաստատվել է Երևանում։ Հայրապետյանները տեղահանվել են Արցախի Ճարտար քաղաքից։
Հայասերը Արցախյան առաջին պատերազմում զոհված հերոսի որդի է։ Հոր և նրա բախտակիցների արյամբ շաղախված հողը պաշտպանելը նրա համար պարզապես պարտականություն չէր։ Դա պատվի հարց էր։
Այդ պատճառով էլ նա երբեք չէր խուսափում մարտական ծառայություններից։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին նա հայտնվեց պատերազմի մեջ։
Բուժումից և ապաքինման երկար ճանապարհից հետո Հայասերը ստիպված էր նոր կյանք սկսել Երևանում։ Բայց նա իր հետ բերել է նաև այն գործը, որով զբաղվում էր Արցախում։ Ապաքինվելուց հետո Հայասերը որոշել է շարունակել սիրած աշխատանքը՝ հույս ունենալով իր մասնագիտությամբ տեղ գտնել հայաստանյան աշխատաշուկայում։ Հայասերը շարունակում է կառուցել։ Այս անգամ՝ փայտից։
Շողիկ Պողոսյանը Արցախում գրեթե 40 տարի հաշվապահ է աշխատել։ Ծննդով Մարտունու շրջանի Նոր շեն գյուղից է, իսկ կյանքի մեծ մասն անցկացրել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Տարիներ շարունակ նրա աշխատանքն ու առօրյան կապված են եղել Շոշի հետ։ Միայնակ կնոջ ամբողջ կյանքը, կարելի է ասել, նվիրված էր համայնքի աշխատանքին, զարգացմանն ու շենացմանը։
Բայց 2023 թվականի սեպտեմբերին այդ կյանքը մնաց Արցախում։ Տեղահանությունից հետո Շողիկը հայտնվեց մի իրականության առաջ, որի մասին, թերևս, երբեք չէր մտածել։ Միայնակ կնոջ համար տուն վարձակալելը հեշտ չէր։
Շողիկը միացավ քրոջ ընտանիքին։ Այսօր նրանց հետ է ապրում՝ փորձելով այդպես հաղթահարել առօրյայի դժվարությունները և հարազատների միջավայրում թեկուզ մի փոքր մեղմել հայրենիքի կորստի ցավը։ Բայց նրա առաջ շարունակում է մնալ ամենածանր հարցերից մեկը՝ ի՞նչ է լինելու հետո։ Տեղահանությունը երբեմն հենց այսպիսի լուռ հարցերով է շարունակվում։
Երեք տարի առաջ՝ սեպտեմբերի 18-ին, դեռ ոչ ոք չէր կարող ամբողջությամբ պատկերացնել, թե ինչ էր սպասվում հաջորդ օրը։ Այսօր այդ օրը հիշողության մեջ դարձել է մի սահմանագիծ՝ մինչև սեպտեմբերի 19-ը և սեպտեմբերի 19-ից հետո։ Այդ սահմանագծի մի կողմում մնացել է Արցախը՝ իր բազմադարյա պատմությամբ ու հիշողություններով, իսկ մյուս կողմում՝ մարդիկ, որոնք ստիպված եղան նոր կյանք սկսել Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Մարդիկ պարզապես ապրում են մի զգացողությամբ, որ կոչվում է կարոտ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ