
Այսօր, երբ Արցախի պատմամշակութային ժառանգությունն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Երից մանկանց վանքին ևս սպառնում է «աղվանացման» վտանգը։ Սա Բաքվի պետական քաղաքականությունն է, որի նպատակն է հայկական քրիստոնեական վանքերն ու խաչքարերը կեղծարարությամբ վերագրել Կովկասյան Աղվանքին և հայտարարել, թե դրանք հետագայում են «հայկականացվել»։
Ադրբեջանի թիրախում են հայտնվել հատկապես այն հուշարձանները, որոնք հարուստ են հայերեն արձանագրություններով ու ձեռագրական պատմությամբ․ դրանք կամ յուրացվում են, կամ ենթարկվում վանդալիզմի՝ հայկական հետքը ջնջելու համար։
Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 7 կմ հարավ-արևմուտք՝ խոխոջուն ձորերի ու Մռավի լեռների թևերին ապաստանած Երից մանկանց վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության այն եզակի գոհարներից է, որտեղ պատմական իրողությունն ու ժողովրդական ավանդությունը միահյուսվում են։ Ղևոնդ Ալիշանն իր «Արցախ» գրքում այն հիշատակում է նաև Դանիելի վանք անվանմամբ․ «Չարաբերդից մի փոքր արևմուտք, լեռան ստորոտի մի ձորում է գտնվում Երից–Մանկանց կամ Դանիելի վանքը, որը աշխարհացույց քարտեզում գրված է Քիբերդի Վելի վանք անունով, որի մասին հիշատակություններ կան միայն արձանագրություններում»։
19-րդ դարի վերջին «Արարատ» ամսագրում հեղինակն այսպես էր նկարագրում հոգևոր կենտրոնը․ «Այս գաւառին վանքերէն երևելի է Երից Մանկանց ուխտն հռչակաւոր Մռաւու լերին բազկաց վերայ․․․․»։
Անվանումը քրիստոնեական խոր արմատներ ունի․ այն հղում է անում Հին Կտակարանի Դանիելի գրքի «երեք մանկանց» պատմությանը։ Տեղի ժողովրդական ավանդությունն էլ պատմում է, թե օտար բռնակալների կողմից սպանված հայազգի մանուկների մարմինները ուղտով տեղափոխելիս կենդանին չոքել է ու առաջ չի գնացել, ինչից հետո մանուկներին թաղել են վանքի տարածքում։ Արցախցիների շրջանում երկար ժամանակ հավատալիք կար, թե գիշերները վանքի մոտ լսվում է նրանց լացի ձայնը։
Թեև Երից մանկանց վանքի ներկայիս եկեղեցին հիմնվել է 1691 թվականին, հուշարձանախումբն ունի շատ ավելի հին պատմություն, որի մասին վկայում են վանքում ստեղծված ձեռագրերը, որոնք պահվում են Մատենադարանում․ Այսպես՝ Մատենադարանում պահվող № 8139 ձեռագիր «Մաշտոցը» (գրիչ՝ Ղազար վարդապետ) գրված է 1214 թ.։
№ 2928 ձեռագիր «Աւետարանը» (գրիչ՝ Աթանաս աբեղա, ստացող՝ Ըռստամ) գրված է 1565 թ., № 1505 ձեռագիրը «Յայսմաւուրքը» (ծաղկող՝ Պողոս եպս. Մելտենցի, ստացող՝ Յակոբ վրդ.) գրված է 1592 թ.:
№ 3446 ձեռագիր «Ժողովածուն» (գրիչ և ստացող Իգնատիոս Մեծշենցի) գրված է 1661 թ.։
Միակ ձեռագիր «Մաշտոցը», որը գրվել է Երից Մանկանց վանքի ներկայիս եկեղեցու կառուցումից (1691 թ.) հետո, № 1078 ձեռագիրն է՝ 1760 թ. (գրիչ՝ Աբրահամ Շաքեցի)։
Ձեռագրերի հիշատակարաններից բացի՝ եկեղեցու պատերի մեջ պահպանվել են ավելի վաղ թվագրվող արձանագիր խաչքարեր, որոնցից է հյուսիսարևելյան ավանդատան հյուսիսային պատի խորշի մեջ տեղադրված խաչքարը․ «Թ[Վ]։ ՌԻ։ ՄԼՄ: (1571 թ.)»4։
Մեկ այլ խաչքարի վրա, որը գտնվում է հարավարևելյան ավանդատան հարավային խորշում, կա հետևյալ արձանագրությունը. «ՍԲ Խ[Ա]ՉՍ Շ[Ա]ՀՈՒՄԻն ՄԵԼՔՈՒՄԻՆ ԹՎ։ ՌԿԹ (1620 թ.)։
Վանական համալիրի գլխավոր կառույցը եռանավ հորինվածքով գմբեթավոր եկեղեցին է՝ տեղադրված հրվանդանի ամենաբարձր վայրում։ Եկեղեցու մուտքի ճակատակալ քարի վրա տասը տողով փորագրված է վանքի կարևոր արձանագրություններից մեկը. «Ի ՌՃԽ թվ|իս ի ժամանակս Շահ Սուլ|էյմանին Մեծի արքային պարսից | ես Սիմեօն շնորհիւն Ա[ստուծո]յ Կ(ա)թ(ո)ղ(ի)կոս Ա|ղուանից, շինեցի զեկեղեցիս ընդ | հարազատ եղբարբ իմով Իգնատիոսի Վ[ա]րդ[ա]|պ[ե]տին որ եմք որդիք Սարգիս քահանայ[ի]ն | Մեծ Շինեցոյ Յաղօթս յիշեցէք | որդիք նոր Սիօնի ի մտանելն | եւ յելանելն դրանս Տ[է]րունի ՝ ամէն»։
Արձանագրությունն առանձնանում է ձեռագրարվեստին բնորոշ պատկերազարդման սկզբունքի կիրառմամբ, որն արտահայտվում է տարբեր տառերի ծաղկազարդման և հատկապես Օ և Զ տառերի յուրահատուկ ձևավորման միջոցով։ Այս ձևավորումներում կարելի է հանդիպել տարբեր խաչերի, լուսնի, արեգակի և մարդկային դեմքի պատկերների, որ ընդգրկված են տառերի մեջ։
Խորանի բարձրադիր բեմառէջքը նույնպես ամբողջությամբ ծածկված է արձանագրությամբ, որն ընդգրկված է բեմառէջքի համար հարդարանք հանդիսացող գեղեցիկ, հյուսկեն, ծավալային շրջանակի մեջ․ «Կերտեցաւ այս յարկ նուիրանաց տուն Ա(ստծո)յ եւ տաճար փառաց նորոյ ուխտի պատարագաց, զոր Տ(է)ր Յ(իսու)ս մեզ ավանդեայ։ Շի|նեցաւ յերկուց հարազատաց Սիմէօն կ(ա)թ(ո)ղ(ի)կ(ո)սի եւ Իգնատիոու րաբունեաց եւ այլ յոքունց աշխատողաց գրե|լոց ի դպրութի․ կենաց․ ի թուականիս հայոց ազ(գ)ի հազար հարիւր եւ չորս տասնի (1691)։ Աւարտեցաւ սո|յն եկեղեց(ի)ք ի փառս անճառ Տ(է)րն Յ(ի)ս(ու)ի որք աղօթէք եւ երկըրպագէք յուղիղ մտօք յայս նկատէք|․ աղերսանօք զտ(էր)ն․ յիշեցէք, եւ յանցանաց մերոց թողութիւն խնդրեցէք, եւս առաւել ծնողաց մերոց| մարմնաւորաց Սարգիս քահանայի եւ մօր Մերումայ եւ ամենայն աշխատաւորաց ի սմա․ Ամէն»։
Իսկ խորանի ներքին՝ հյուսիսային պատին փորագրված հակիրճ արձանագրությունը պահպանել ու մեզ է հասցրել եկեղեցին կառուցող վարպետ Սարգսի անունը․ «Շինօղ եւ վարպետ | եկեղեցւոյս ուստա | Սարգ(ի)սն յիշեցէք ի Ք[րիստո]ս»։
Մինչև 1992 թվականի՝ ադրբեջանական հրոսակների կողմից եկեղեցու գրավումը պահպանվել էին նաև կառույցի փայտակերտ հին դուռը և վեղարի ծայրին՝ խնձորակի վրա ամրացված խաչը: 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանման պատճառով 2018 թվականին սկսված վերականգնման աշխատանքները մնացին անավարտ։
Երիցմանկանցն այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, բայց լուռ աղոթքով սպասում է իր Մարդուն, իսկ վերադարձը սպասում է իր ժամին։
Արմինե Մարտիրոսյան