
Սակայն այս պատմական աղետը ո՛չ պատահականություն էր, ո՛չ էլ զուտ 2023 թվականի մի քանի օրերի անհաջողության հետևանք։ Դա ավելի քան երեք տասնամյակ տևած սխալների, աշխարհաքաղաքական կուրության, կոռուպցիոն քայքայման, բայց առաջին հերթին՝ ռուս-թուրքական շահերի սպասարկման և հայկական պետականության իրավաքաղաքական հիմքերի խեղաթյուրման կանխամտածված արդյունքն էր։ Որպեսզի ազգը կարողանա ոտքի կանգնել, մենք պարտավոր ենք առերեսվել դառը ճշմարտությանը․
1988 թվականի համաժողովրդական զարթոնքը մեկնարկեց ծայրահեղ կրճատված և կտրտված աշխարհաքաղաքական օրակարգով։ Խորհրդային Միության փլուզման նախաշեմին հայկական քաղաքական միտքը պետք է բարձրացներ բոլշևիկների կողմից Ադրբեջանին ապօրինաբար նվիրաբերված երկու հայկական տարածքների՝ թե՛ Արցախի, և թե՛ Նախիջևանի ամբողջական ազատագրման ու վերամիավորման հարցը։
Նախիջևանի հարցի լռեցումն ու դուրսթողումը թույլ տվեց թշնամուն պահպանել այդ հսկայական հարավային հենակետը, այն դարձնել թուրքական ազդեցության պլացդարմ և իր ողջ ռազմաքաղաքական ռեսուրսը կենտրոնացնել բացառապես Արցախի ճակատի դեմ։ Հայկական կողմն ինքնակամ նեղացրեց իր պատմական իրավունքների դաշտը՝ շարժումը դնելով մեկ օջախի պաշտպանության ծանր վիճակում։
2. 1989թ․ վերամիավորման որոշման ոտնահարումը և Արցախի «առանձին անկախության» կեղծ ուղին.
1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը կայացրել էին պատմական որոշում՝ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»։ Դա հայ ժողովրդի կամքի իրական և միասնական դրսևորումն էր։
Սակայն 1991թ. սեպտեմբերին, Երևանի այն ժամանակվա իշխանությունների դրդմամբ և Մոսկվայի ուղղակի կամքով ու ճնշմամբ, Ստեփանակերտը ստիպված եղավ հռչակել «առանձին հանրապետություն»։ Միջազգային ասպարեզում ստեղծվեց կեղծ պատրանք, թե իբր գոյություն ունի «երկու հայկական պետություն», ինչը Հայաստանին զրկեց Արցախի տարածքի նկատմամբ միջազգայնորեն ճանաչելի իրավատիրությունից և հարցը վերածեց ինքնորոշման անվերջանալի, չճանաչված ու խոցելի կարգավիճակի։
3. Հայաստանի անկախացումն առանց Արցախի՝ որպես բոլշևիկյան սովետական սահմանների իրավահաջորդ.
Եթե Հայաստանը հռչակվեր 1918-1920 թվականների Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ (ինչպես արեցին բալթյան երկրները կամ Վրաստանը), ապա Ազգերի Լիգայի 1920թ. փաստաթղթերով և միջազգային իրավունքով Արցախը, Նախիջևանը և Կարսը դե յուրե կարող էին համարվել Հայաստանի Հանրապետության անքակտելի տարածքներ, որոնք բռնազավթվել էին սովետական օկուպացիայի հետևանքով։ Այս քայլով Երևանն ինքնակամ լեգիտիմացրեց բոլշևիկյան սահմանազատումները։
4. Առաջին պատերազմի կանգնեցումը վճռական պահին և 1994թ․ զինադադարը՝ առանց Բաքվի կապիտուլյացիայի.
1994 թվականի գարնանը հայկական բանակը գտնվում էր բացարձակ ռազմավարական առավելության մեջ․
ադրբեջանական ռազմաճակատը փլուզված էր, թշնամու բանակը խուճապահար նահանջում էր, և հայկական ուժերն ունեին իրական հնարավորություն առաջանալու դեպի Մինգեչաուրի ջրամբար ու Քուռ գետի բնական պաշտպանական բնագիծ։
Հենց այդ վճռական պահին, Մոսկվայի խիստ հրահանգով և Երևանի թուլամորթ համաձայնությամբ, ռազմական գործողությունները կասեցվեցին, և Բիշքեկում ստորագրվեց անորոշ հրադադար։ Բաքվին չպարտադրվեց լիակատար ռազմաքաղաքական կապիտուլյացիա, նրան տրվեց ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն՝ նավթադոլարներ կուտակելու, բանակը վերազինելու և ռևանշի պատրաստվելու համար։
5. Սովետական օկուպացիային, Մոսկվայի, Կարսի և Կովբյուրոյի որոշումներին գնահատական չտալը
Լռության մատնվեցին 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի ապօրինի ավազակային պայմանագրերը, որոնցով ռուս բոլշևիկներն ու քեմալական թուրքերը բաժանեցին Հայաստանը։ Իսկ ամենակարևորը՝ պետականորեն դատապարտված և առոչինչ չհայտարարվեց 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի հակահայկական, հանցավոր որոշումը, որով կուսակցական մարմինը, չունենալով որևէ իրավազորություն, Արցախը բռնակցեց Ադրբեջանին։ Առանց այս պատմաիրավական հենքի՝ հայկական կողմը միջազգային ատյաններում մնաց անատամ պաշտպանվողի դերում։
6. Միաբևեռ, Ռուսաստանից բացարձակ կախված արտաքին քաղաքականությունը և անվտանգության ու տնտեսության հանձնումը
Հայաստանի այսպես կոչված Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականությունը դարձավ կույր, միաբևեռ և ստրկամիտ՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունը հասցնելով ինքնիշխանության կորստի։ Երկրի ռազմավարական ողջ ողնաշարը կտոր-կտոր հանձնվեց ռուսական պետական մենաշնորհներին։
Հանձնման մեխանիզմը՝ կարճ և հստակ․
7. Այլընտրանքային անվտանգային բուֆերների, դաշինքների և սեփական ռազմարդյունաբերության բացակայությունը.
Ունենալով ամբողջական կախվածություն Մոսկվայից և իրավական կույր հավատ առ Ռուսաստան՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեք տասնամյակ մատը մատին չխփեց այլընտրանքային անվտանգային բուֆերներ կառուցելու համար։ Կտրականապես անտեսվեցին ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և եվրոպական երկրների հետ խորքային ռազմական դաշինքներ ստեղծելու հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, անտեսվեց սեփական ինքնաբավ, տեխնոլոգիական ռազմարդյունաբերության զարգացումը։ Երբ Ադրբեջանը Իսրայելից ու Թուրքիայից գնում էր 5-րդ սերնդի անօդաչու թռչող սարքեր, բարձր ճշգրտության հրթիռներ և հետախուզական տեխնիկա, հայկական բանակը հույսը դնում էր ռուսական ժանգոտած տանկերի և Մոսկվայի կողմից տրամադրվող սակավաթիվ հնամաշ զենքերի վրա։
8. Ռուսական կախվածության խորացումը՝ ԵՏՄ մուտքով, ՀԱՊԿ-ով ձեռքերը կապելով և ՀՕՊ-ը Մոսկվային նվիրելով
Մոսկվայում մեկ գիշերվա մեջ ջնջեց Եվրամիության հետ երկարամյա բանակցված Ասոցացման համաձայնագիրը և Հայաստանը մտցրեց ռուսական տնտեսական գաղութատիրական կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մեջ։
Ավելին՝ Հայաստանը կապեց իր ձեռքերն ու ոտքերը անգործունակ և թշնամական ՀԱՊԿ-ով (որի անդամ Բելառուսը, Ղազախստանը բացահայտորեն զինում և ողջունում էին Ադրբեջանին), իսկ 2015-2016թթ. վերջնականապես կնքվեց Հայաստանի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորումը Ռուսաստանի հետ։ Դրանով Հայաստանի երկնքի կառավարման վահանակը նվիրվեց Մոսկվային, ինչն էլ 2020-ին հանգեցրեց նրան, որ թուրքական «Բայրաքթարները» անարգել հարվածում էին մեր զինվորներին, իսկ հայկական ՀՕՊ-ը կաթվածահար էր։
Թալանը թափանցեց բանակի ամենախորը շերտերը․ առաջնագիծը մնացել էր առանց տարրական տեսախցիկների ու գիշերային տեսանելիության սարքերի, իսկ ռազմական գնումները կատարվում էին կոռուպցիոն խողովակներով՝ 80-ականների հնացած զինտեխնիկայի դիմաց վճարելով հսկայական գումարներ։ Իսկական ամրաշինական խորքային գծեր կառուցելու փոխարեն գումարները յուրացվում էին գեներալիտետի և իշխանական պաշտոնյաների կողմից։
10. Բանակցային պրոցեսը զիջումային տրամաբանությամբ՝ Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ և Լավրովյան պլան.
Հայաստանի բոլոր նախագահների և ապա Փաշինյանի օրոք բանակցային գործընթացը գնաց ծայրահեղ պարտվողական, զիջումային տրամաբանության ներքո։ Փոխանակ ամրապնդելու ազատագրված շրջանների վերաբնակեցումն ու սահմանադրական ամրագրումը որպես Արցախի և Հայաստանի անբաժանելի անվտանգության գոտի, Երևանն ընդունեց դրանք «օկուպացված շրջաններ» դիտարկող միջազգային ձևաչափը։
Մադրիդյան սկզբունքները (2007թ.), ապա Կազանյան փաստաթուղթը (2011թ.) և ռուսական հայտնի «Լավրովյան պլանը» հիմնված էին մեկ ընդհանուր վտանգավոր առանցքի վրա՝ 5 շրջանների, ապա ևս 2 շրջանների անհապաղ հանձնում Ադրբեջանին, ռուս «խաղաղապահների» տեղակայում և Արցախի անորոշ, հետաձգված «միջանկյալ կարգավիճակ»։ Փաստացի, տարիներ շարունակ հայկական դիվանագիտությունը բանակցել է հայրենիքը մաս-մաս հանձնելու ժամանակացույցի շուրջ։
11. Ռուսների համաձայնությամբ 2018թ․ իշխանափոխությունը և ռուս-թուրքական կամակատար Փաշինյանի ասպարեզ բերվելը.
2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» իրականում ոչ թե ինքնաբուխ ազատագրում էր, այլ ռուսական հատուկ ծառայությունների և Կրեմլի լուռ համաձայնությամբ ու հովանավորությամբ իրականացված վերահսկելի իշխանափոխություն։ Սերժ Սարգսյանը հեշտությամբ հանձնեց իշխանությունը՝ իմանալով, որ գալիս է Ղարաբաղի հանձնման ռուսական պլանի անխուսափելի պահը։
Ասպարեզ բերվեց պոպուլիստ, անսկզբունք և դրսից հեշտ կառավարելի ֆիգուր՝ Նիկոլ Փաշինյանը, որի հիմնական գործառույթն էր դառնալ ռուս-թուրքական շահերի հնազանդ կամակատարը։ Նրա առաջին իսկ քայլը եղավ Մոսկվային հավատարմության հավաստիացումը, իսկ իրականում՝ Հայաստանը տանելը դեպի աշխարհաքաղաքական թակարդ։
12. Հասարակության վերջնական պառակտումը և նախապատրաստումը գալիք պատերազմի պարտությանը.
Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանի ռեժիմը նախաձեռնեց հայ հասարակության աննախադեպ պառակտում։ Ազգը բաժանվեց «սևերի և սպիտակների», «հեղափոխականների և հակահեղափոխականների», «նախկինների և ներկաների»։
13. 2020թ․ պատերազմի կանխամտածված վարումը ռուսական պլանով և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն և հայակործան հայտարարությունը.
2020 թվականի 44-օրյա պատերազմը վարվեց ռուսական նախօրոք գծված սցենարով՝ Լավրովյան պլանը ռազմական ճանապարհով կյանքի կոչելու համար։ Փաշինյանի իշխանության կողմից իրականացվեց ռազմական կառավարման համակարգային կազմաքանդում՝ զորահավաքի տապալում, «գնդապետների հրամանատարական կետերի» ձևական խաղեր, պրոֆեսիոնալ սպայակազմի մեկուսացում։
14. 2022թ․ Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և 2023թ․ սեպտեմբերյան հայաթափման փաստի ընդունումը.
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը կատարեց ևս մեկ դավաճանական քայլ՝ ստորագրելով քառակողմ հայտարարություն, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով՝ ներառյալ Արցախը։ Սրանով նա Ադրբեջանին տվեց Արցախի նկատմամբ միջազգային «իրավական քարտ-բլանշ»։
Սրան հաջորդեց 2023 թվականի 9-ամսյա շրջափակումը, իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ին Բաքվի լայնածավալ հարձակման պահին Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանը չի միջամտելու և ռազմական օգնություն չի ցուցաբերելու։ Ռուս «խաղաղապահները» մատը մատին չխփեցին՝ հարձակման ժամանակ ծառայելով որպես Ադրբեջանի դաշնակից։ Տեղի ունեցավ ցեղասպանական էթնիկ զտում․ մեկ շաբաթում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Երևանի իշխանությունը լուռ համակերպվեց այդ փաստի հետ։
15. Արցախի հարցի վերջնական փակման ձգտումը և Բաքվի հրամանների կատարումը.
Հայաթափումից հետո էլ Երևանի վարչախումբը շարունակում է իր հակաազգային քաղաքականությունը։
Արցախի անխուսափելի վերադարձը՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անբաժանելի մաս.
Սակայն մենք պարտավոր ենք հստակ արձանագրել նոր ռազմավարական բանաձևը․ ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ Է, ԲԱՅՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ Ո՛Չ ՈՐՊԵՍ ԱՆՈՐՈՇ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ «ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ», Ո՛Չ ՈՐՊԵՍ ՄՈՍԿՎԱՅԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՇԱՆՏԱԺԻ ԱՌԱՐԿԱ, ԱՅԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԵՎ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ։
Արցախի վերադարձի իրավական և պատմական անխախտ հիմքը Առաջին Հանրապետության իրավահաջորդության հիման վրա ընդունված միջազգային փաստաթղթերը, նաև, ինչու ոչ` 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» միասնական որոշումն է։
Հայաստանի Հանրապետությունը, որը պետք է ծնվի ազգային-ազատագրական վերելքի, ռուս-թուրքական լծի թոթափման և ինքնիշխան ժողովրդավարության հաղթանակի արդյունքում, իրավական ու քաղաքական գնահատական է տալու 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերին ու Ստալինի որոշումներին և չեղարկելու է Պրահայի և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն բոլոր ապօրինի փաստաթղթերը։
Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Այն օրը, երբ Հայաստանում կձևավորվի իսկական ազգային, իրավական, տեխնոլոգիապես հզոր և արևմտյան անվտանգային համակարգերին ինտեգրված պետականություն, Մոսկվայի ու Անկարայի կողմից պարտադրված ստատուս քվոն փլուզվելու է։ Հայ մարդը վերադառնալու է Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Ամարաս և Քարվաճառ՝ ոչ թե որպես փախստական կամ օտարի ողորմածությանը սպասող հպատակ, այլ որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի և տեր իր պապենական հողի վրա։
Արցախը եղել է, կա և լինելու է Հայաստան։ Հայաթափման 3-րդ տարելիցը ոչ թե վերջն է, այլ Հայոց Վերամիավորման և Ազատագրման նոր մեկնարկը։