Իրական դժոք էր: Հետաքրքիր է, ի՞նչ վիճակ է այսօր այնտեղ: Երեւի խոտը բարձրացել է

Որքա՞ն նման է պետության մահը մարդու մահին: Առավոտյան Գորիսում զինվորական համազգեստով մի տարեց մարդ հնձում է գազոնը, հաճելի հոտ է տարածվում, շները դեռ քնած են “Էյֆելյան աշտարակի” տակ, մի տուրիստ հյուրանոցի աստիճաններով քարշ է տալիս ծանր ճամպրուկը, ցեմենտային հիմքով շաղախներ ու շինարարություն է քաղաքում, հյուրանոցի միջացնքներում արգանաքում են բիլիարդի շարերը, եկեղեցում մի աղջիկ ու մի ոստիկան էր առավոտյան ժամերգության ժամանակ: Տեր Ահարոնն ավարտում է իր աղոթքն ու հանգցնում մոմերը: Շո՞ւտ չի խորովածի համար, երեւի ուրախ առիթ է այս տանը: Մի երիտասարդ լուսանկարում է մեքենան` հավանաբար վաճառելու համար, մսավաճառն աթոռին նստած հեռախոսում զվարճալի բաներ է նայում ու մենակ ծիծաղում: “Վեց հատ”, մի կին հաց է գնում: Այսպես է արթնանում Արցախին ամենամոտ գտնվող քաղաքը:

 

Ու մեկ էլ մի ակնթարթում ամեն ինչ անցնում է մտքովս. կողոսկրերը բաց Ստեփանակերտի շները, վառվող զինվորական համազգեստի ու կոշիկների, ուսապարկերի հոտը, գիշերային հացի հերթերը, Կարմիր Խաչի դվիժոկներից հեռախոս լիցքավորելը, եկեղեցու վերջին զանգերը, որ արձագանքում էր դատարկ քաղաքում: Բոլորը, ինչ տպավորվել է:

Գորիսեցիներին մեղադրելու միտում չկա “մոռացկոտության” համար, ինքս էլ շատ բան մոռանում եմ, եթե չլինեին իմ լուսանկարներն ու տեսանյութերը` միակ բանը, որ կարողացել եմ բերել ինձ հետ Արցախից (ավելորդ է խոսել այն մասին, որ պատերազմով են սպառնում հիշելու համար):

Երեկվանից ես անցնում եմ իմ արխիվներով ու վերհիշում 2023 այս օրը` սեպտեմբերի 19, երբ դեռ 2020 պատերազմի սիրենայի ու հրետակոծության տինիտուսը (ֆշշոց ականջներում) չանցած մարդկանց ականջներում, կեսօրին նորից թարմացրեց այն Ադրբեջանը:

Ստեփանակերտում միանգամից լսվում էին հնարավոր բոլոր տեսակի զինատեսակների ձայներ: Սիրենան սկսեց ոռնալ, աստիճանների վրա լսում եմ կանանց ու երեխաների սարսափելի ձայներ: Նկուղ են շտապում: Բայց ամենասարսափելին կալաշնիկովների ձայնն էր: Պատերազմը քաղաք էր մտնում: Մազի կամրջից են վիրավորներ բերում: Միթե՞ այսքան մոտ: Խուճապ էր ամենուր:

 

Սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսված հրետակոծությունը բառի բուն իմաստով, առանց հինգ րոպե դադարի շարունավկվեց մինչեւ հաջորդ օրվա կեսօր: Եղբայրական գերեզմանատանը ամոնիակի հոտը միախառնվել էր էքսկավատորների վառելիքի հոտին, որոնք նախօրորք մահվան փոսեր էին փորում: Լացելու արցունքներ էլ չկային: Չեմ մոռանում այն երտասարդին, ով պառկել էր եղբոր շիրմին ու գառան պես բառաչում էր: Մի կին ու տղամարդ շվարած փնտրում են, թե որտեղ են թաղել իրենց որդուն. “Ասել են ԱԻՆ-ը ստեղ է թաղել…”, ասում է տղամարդը մոլորված: Իրական դժոք էր: Հետաքրքիր է, ի՞նչ վիճակ է այսօր այնտեղ: Երեւի խոտը բարձրացել եւ ծածկել է, կամ թաքուն քանդել են, ինչպես եկեղեցին:

Ասես այս ողբերգությունն ընդամենը երեք տարի առաջ չի եղել: BBC մի հոդված էր հրապարակել. “Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում հայեր չեն ապրում, որտեղ ապրել են հազարամյակներ շարունակ”, մոտավորապես այսպիսի վերնագրով: Ինչեւէ, ասում են մոռացեք, ձերը չէ, վերջ: Այնտեղ հիմա պարում են:

 

Ստեփանակերտը հրետակոծվում էր. 19 սեպտեմբեր 2023թ.

https://www.youtube.com/watch?v=py-2dpcGc90

 

 

Հ.Գ. Այս գրառմամբ (անգլերեն) ես փորձում եմ պատմել սեպտեմբերի 19-25 հայկական Արցախի ‘վերջին’ օրերի մասին: Այն պարբերաբար թարմացվելու է մինչեւ սեպտեմբերի 25-ը: Կարող եք հետեւել եւ հաշվի առնել, որ տեսանյութերն ու լուսանկարները պարունակում են դաժան կադրեր (+18).

Մարութ Վանյան