
Պատասխանելով այսօր հարցին, թե ինչու կառավարությունը ոչ մի կերպ չի անդրադառնում 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմին, Նիկոլ Փաշինյանը հիշել է, թե ինչպես էին զոհվածների հարազատները վրդովվում Եռաբլուր կատարած իր այցերից։ «Այդ ամենն ունի հետևանքներ և եզրահանգումներ՝ ամեն անգամ գնալ և նման բան տեսնել»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նաև նշել է, որ ուղերձների բառապաշարը պետք է համապատասխանի օգոստոսի 8-ի ոգուն (նկատի ունի Վաշինգտոնում կայացած հանդիպումը և ստորագրված-նախաստորագրված փաստաթղթերը), իսկ օկուպացիայի և ցեղասպանության մասին հիշատակման բացակայությունը միանշանակ բացասական արձագանք կառաջացնի։
«Հետո գալու է նոյեմբերի 9-ը», ասել է նա։
Փաշինյանն ակնարկում է, որ նոյեմբերի 9-ին ևս կլռի, գուցե եկեղեցի կայցելի և Հանրայինով համերգ կլսի, սակայն հայտարարությամբ հանդես չի գա և չի հստակեցնի՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ։ Եթե այո, ինչու Արցախում հայ չկա, ո՞ւր են ռուսական զորքերը և ինչո՞ւ Բերձորի միջանցքը փակ է։ Իսկ եթե չի գործում, ինչո՞ւ չեն վերադարձվում առանց մի կրակոցի եռակողմ հայտարարությամբ հանձնված Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները։ Արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է “օգոստոսի 8-ի ոգուն”։