
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատությանը» հետ զրույցում հաստատեց, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանախոս մի տղամարդ մուտք է գործել գյուղի տներից մեկն, վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:
«Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնեց գյուղապետը, հայտնում է Ազատությունը։
Սիսիանի բնակիչները NEWS.am-ին ահազանգում են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ աղջկա ոտքին։
«Աղջկա անունը Անի է, հենց Շաքիի բնայիչ է, լավ է, որ վիրավորումը ոտքի հատվածում է։ Ամբողջ զորքը էս պահին Շաքիում է, մարդիկ սարսափած են, ահաբեկված»,– NEWS.am-ին պատմեց Շաքիի բնակիչը։
15։50–ից NEWS.am-ը փորձել է կապ հաստատել Շաքիի վարչական շրջանի ղեկավարի հետ, վերջինս մեր զանգերն անպատասխան է թողել։