
Կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, Մոսկվայի կենտրոնում հարյուրավոր մարդիկ մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության (ՌԴԿԿ) հանրահավաքին և երթին՝ 1993 թվականի Սպիտակ տան ռմբակոծության տարելիցի կապակցությամբ: Իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքը սկսվեց «անգլոսաքսոնների» քննադատությամբ, բայց հետո ամբոխը սկսեց վանկարկել՝ «Կորչի ցարը»: DW-ի փոխանցմամբ՝ դրան հաջորդեցին զանգվածային ձերբակալություններ:
ԿԿ-ի տվյալներով՝ մոտ 60 ցուցարար՝ հիմնականում երիտասարդներ, տեղավորվել են ոստիկանական մեքենաներում: Դեպքի վայրից տեսանյութում երևում է, թե ինչպես է ամբոխը պահանջում, որ երեխաներին չվնասեն, իսկ մասնակիցներից մեկը, փորձելով ազատ արձակել ձերբակալվածներին, անվտանգության ուժերին ասում է. «Դուք սպանում եք մեր երեխաներին այս պատերազմում»:
Երթի կադրերում նաև կան կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Ո՛չ քաղաքական բռնաճնշումներին», «Կորչի Ռոսկոմնադզորը» և «Կորչի խարդախների և գողերի կուսակցությունը»: