
Մի քանի օր առաջ Մոսկվային ներկայացվեց Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի միջոցով երկաթուղային և ճանապարհային կապի նախագիծ, հայտնում է «Вектор Кавказа»-ն։
«Պուտինի ուղին» վերնագրով նախաձեռնությունը նախատեսում է խորհրդային տարիներին գոյություն ունեցող տրանսպորտային երթուղու վերականգնում։ Դրա հեղինակները առաջարկում են նախագիծը դիտարկել որպես Հարավային Կովկասի ապագա միասնական տրանսպորտային և լոգիստիկ համակարգի մաս։
«Պուտինի ուղին» երթուղին հիմնականում կապում են Աբխազիայով անցնող նախկին երկաթուղու մի հատվածի հնարավոր վերաբացման հետ, այնտեղից դեպի Վրաստան և Հայաստան, ապա՝ Թուրքիա։ Սակայն ավելի հավանական է թվում մեկ այլ, նույնպես հին սովետական տարբերակ՝ Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան և Թուրքիա՝ արդեն ԹՐԻՓՓ-ով։
Երկու տարբերակներն էլ ներկայումս անհավանական են թվում, ինչպես նաև TRIPP-ը։ Դրանց իրականացումը, հավանաբար, «խաղաղ» չի լինի. աբխազական երթուղին հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը “հանձնի” Աբխազիան, իսկ ադրբեջանական TRIPP-ը՝ եթե Ռուսաստանը «օգնի» Բաքվին գրավել Հայաստանի հարավը։
Աշխատանքներ են ընթանում երկու ուղղություններով էլ. Մոսկվան սիրահետում է Վրաստանին, փորձելով համոզել նրան համաձայնվել աբխազական երկաթուղու բացմանը՝ առանց ներկայիս ստատուս-քվոի փոփոխության։ Այս նպատակով վերջերս Թբիլիսի է ժամանել Մոսկվայի պատրիարքարանի պատվիրակությունը՝ փորձելով բանակցել Աբխազիայի ուղղափառ եկեղեցիների կարգավիճակի շուրջ, որոնք վրացական եկեղեցու մաս են կազմում։
Սակայն, հենց որ ռուսական իշխանությունները սկսում են սիրախաղ անել Վրաստանի հետ «Աբխազիայի հաշվին» կամ պահանջել սեփականության իրավունք աբխազական անշարժ գույքի նկատմամբ, նիանգամից լուր է հայտնվում Սուխումիում ՌԴ քաղաքացու սպանության մասին: Վերջերս էլ, երբ ռուս քահանաները այցելում էին նոր վրաց պատրիարքին, Աբխազիայում սպանվեց Օրենբուրգի մարզից 26-ամյա Ամինա Բիկբովան, որը Գագրա էր եկել հանգստանալու: Ռուսական սոցիալական ցանցերը անմիջապես պահանջեցին սպանող աբխազի համար խիստ պատիժ, իսկ շատերը հայտարարեցին, որ ավելի լավ կլինի Աբխազիան վերադարձնել Վրաստանին։
Ընդհանուր առմամբ, աբխազական հատվածի բացումը ներկայումս շատ ավելի քիչ իրատեսական է թվում, քան Ադրբեջանով անցնող երթուղին: Մոսկվան ակտիվորեն աշխատում է նաև այս երթուղու վրա: «Վալդայ» ակումբում ելույթ ունենալով՝ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ադրբեջանը «համաձայն է» Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմանը։
Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ երկաթուղին նախատեսված է Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով Իրանի հետ կապելու համար, բայց Թեհրանը տարիներ շարունակ չի ցանկանում ավարտել Ռեշտ-Աստարա փոքր հատվածը: Իրանը ակնհայտորեն չի ցանկանում երկաթուղային կապ ունենալ ո՛չ Ադրբեջանի հետ, ո՛չ էլ Ռուսաստանի հետ: Հիմա Իրանը և Ադրբեջանը բանակցություններ են վարում Զանգիլանով կապ հաստատելու շուրջ՝ շրջանցելով TRIPP-ը։
Մյուս կողմից, Ռուսաստանին թույլ չեն տալիս օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծից, քանի որ Վրաստանը համաձայնել է դրան՝ պայմանով, որ Ռուսաստանը կարգելափակվի դրանից։
Միակ երթուղին, որը կարող է Ռուսաստանը կապել Թուրքիայի հետ և թույլ տալ տեղափոխել սանկցիոն և տարբեր անօրինական ապրանքներ, TRIPP-ն է։ Սակայն այս երթուղու համար Բաքուն պահանջում է, որ Ռուսաստանը ապահովի «անարգել» միջանցք դեպի Նախիջևան՝ Հայաստանի միջոցով, ինչը չի ապահովում Թրամփը։ Ահա թե ինչու Ռուսաստանը դիմել է ակտիվ թրոլինգի՝ ամեն օր հայտարարելով, որ Իրանը չի հանդուրժի ամերիկյան զորքերի ներկայությունը իր սահմանին և այլն։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ TRIPP-ը, ի վերջո, Հայաստանին կապահովի երկաթուղային կապով դեպի Ադրբեջան, իսկ Ադրբեջանի միջոցով՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա և Չինաստան։
Այս ֆոնի վրա «Պուտինի ուղին» կարելի է դիտարկել որպես տարածաշրջանային կապի մեկ այլ կոնֆիգուրացիա առաջարկելու փորձ, որը ներառում է Ռուսաստանը, ասելով “Աբխազիա”, բայց նկատի ունենալով “Ադրբեջան”։