Սա նման է 2016-ի թ. պատերազմին, որով փորձարկեցին մեր բանակի թույլ կողմերը

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, ադրբեջանցի զիծառայողը ներխուժեց ՀՀ տարածք ու հարձակում գործեց հայ ընտանիքի վրա։ Իշխանության կողմից խաղաղության մասին թեզերի շրջանառության համատեքստում ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները։

-Ցույց են տալիս, որ այսպես կոչված խաղաղության գործընթացը շատ փխրուն է, և ամեն պահի կստացվի, որ այն բոլոր զիջումներն ու ստորացումները, որոնք մեր կողմից արել է Հայաստանի իշխանությունը, բանի պետք չեն։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական հասարակության և զինվորների մեջ այնպիսի ատելություն է ներարկված և օր օրի շատանում է, որ բնականաբար նման դեպքերը շատանալու են։ Սա ամենակարևոր փաստն է, որ մենք ունենք թշնամի հասարակություն մեր հարևանությամբ։ Ոչ թե թշնամի բանակ, թշնամի պետություն, այլ՝ հասարակություն, որը թերևս անգամ ավելի թշնամի է, քան իր իշխանությունը։

Մյուս հարցն այն է, որ մեր անվտանգային համակարգը շատ թույլ է։ Շատերի մոտ թյուր տպավորություն է, թե Շաքի գյուղը սահմանամերձ գյուղ է, բայց ինքը սահմանամերձ գյուղ չէ, սահմանից 15 կիլոմետրի վրա է գտնվում։ Այսինքն՝ ինքը Սյունիքի ամենանեղ հատվածի մեջտեղում է և միջպետական ճանապարհի վրա, այսինքն՝ Հայաստան-Իրան ճանապարհի վրա։ Ուրեմն՝ այդ զինվորը՝ զենքը ձեռքին, եկել է, հանգիստ հասել է, մտել է գյուղ, ինչ-որ տուն է մտել, քնել է, հետո կրակ է բացել, Հայաստանի քաղաքացուն վիրավորել է։ Իսկ եթե այդ զինվորը ոչ թե այդ տուն մտներ, այլ մտներ, ասենք, դպրոց, մանկապարտեզ, կոտորեր, մորթեր, կամ այնպես, ինչպես նախկինում է եղել՝ մենք դեպքեր գիտենք, չէ՞, որ 16 տարեկան երիտասարդ հովվի էին մորթել։ Մենք հիմա էլ չգիտենք դեռ, թե այս մարդն ինչ է արել, չէ՞ որ սարերում լիքը մարդիկ կան, նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Նրան չեզոքացրել են այդ ընտանիքի անդամները, բայց ամենավատն այն է, որ հայ հասարակության մեջ կան մտքեր, որ անգամ այդ կնոջն են դատապարտում կամ ներկայացնում են, թե իբր թե ավելորդ դաժանություն է ցուցաբերել նա և այն։

Սա կարող է պատահականություն լինել, բայց կարող է պատահականություն չլինել։ Այսինքն՝ սա կարող է միտված լինել նրան, որ ադրբեջանցիներն ուղարկել են իրենց զինվորին՝ հատուկ հանձնարարությամբ, որպեսզի տեսնեն հայ հասարակության արձագանքը։ Բաքվում պահվում են հայ ռազմագերիներ, կարող են նրանց հետ փոխանակել, բայց դա էլ չեն անելու։ Ես վստահ եմ, որ իրենք պարտադրելու են, որպեսզի այս ադրբեջանցի զինվորը բուժվի, առողջ-առողջ հանձնվի Ադրբեջանին։ Այն դեպքում, երբ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս դա, որովհետև Հայաստանի տարածքում է տեղի ունեցել հանցանքը։ Եվ այդ հանցանքը տեղի է ունեցել ակնհայտորեն քաղաքացիական անձի նկատմամբ՝ հրազենի կիրառմամբ, առնվազն մեկ հոգի վիրավորում է ստացել, եթե ոչ՝ երկու։

Անկախ նրանից, թե սա ինչ նպատակ էր հետապնդում, բացահայտեց, որ հայ հասարակությունը և հայոց պետությունը չունի իմունիտետ նման բաներին դիմակայելու, որը շատ վատ է և վատ հետևանքներ է ունենալու։ Սա շատ նման է 2016-ի թվականի պատերազմական գործողություններին, որով փորձարկեցին մեր բանակի թույլ կողմերը և որը հանգեցրեց 2020 թվավականի ավելի մեծ պատերազմի։ Դե հիմա իրենք հասարակությանն են փորձարկում, և  կրկնում եմ՝ պատահական չէ, որ Սյունիքի ամենանեղ հատվածում է սա տեղի ունեցել։ Մենք կտեսնենք, որ վաղը, մյուս օրը մի խումբ ադրբեջանցիներ են գալու, չակերտավոր ասած, «վերադառնալու են» ու բնակություն են հաստատելու «իրենց գյուղում», որովհետև գիտեն՝ այլևս իրենց որևէ մեկն այդտեղից չի քշելու, չի կրակելու, չի ծեծելու, իսկ ով էլ անի, իշխանությունները նրան են հետապնդելու։

– Իշխանությունը վերջերս հայտարարում է, որ Տիգրանաշենը այսպես կոչված Հայաստանի տարածքի մեջ չի մտնում։ Նրանք որպես իրավական հիմք ներկայացնում են 1970-ականների քարտեզը։ Իրավական հիմք ունե՞ն  այս հայտարարությունները։

– Որևէ քարտեզ, եթե այն կից չէ միջպետական համապատասխան պայմանագրին (իսկ համապատասխան պայմանագիր ասելով՝ ես նկատի ունեմ հենց դելիմիտացիայի մասին պայմանագիր, որտեղ նկարագրված է սահմանը), որևէ իրավական ուժ չունի։ Քարտեզը դա պարզապես գունավոր նկար է, քարտեզը չի կարող հիմք ծառայել առանց համապատասխան միջպետական փաստաթղթի։ Եվ միջազգային իրավունքը հստակ է․ եթե տարաձայնություն կա քարտեզի և պայմանագրի տեքստի միջև, գերակա է տեքստը։ Թող իրենք ցույց տան այդ տեքստը կամ անգամ այդ հանրապետական որոշումը, որով Տիգրանաշենը Ադրբեջանական ՍՍՀ մաս է եղել։

Ի՞նչ է նշանակում՝ իրենք 1970 չգիտեմ որ թվի քարտեզն են հիմք վերցնում։ Եթե այդպես է, ուրեմն թող վերցնեն նաև Ադրբեջանի 1974 թավականի քարտեզը, որտեղ կա ԼՂԻՄ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ։ Հետևաբար թող վերականգնեն այդ մարզը, այսինքն՝ տեր կանգնեն այդ ժամանակվահատվածի իրավիճակին, հետո նոր պահանջեն, որ մենք հետևենք դրան։ Ի վերջո, միջազգային հարաբերությունները դրանք ճաշացանկեր չեն, որ դու մտնես ու այդ ճաշացանկից ընտրես քո քիմքին հաճելի ուտեստները։ Կամ գործում է ամբողջը, կամ՝ ոչինչ։ Բայց ամբողջն էլ չի կարող գործել, որովհետև Ադրբեջանը ճանաչել է իրեն առաջին հանրապետության իրավահաջորդը, Սովետական շրջանը՝ որպես օկուպացիայի շրջան, իսկ օկուպանտի գործողությունները որևէ իրավական, օրինական հիմք չեն կարող ծառայել ոչ Ադրբեջանի և ոչ էլ մեզ համար։

-Այսինքն՝ չկա այդպիսի իրավական փաստաթուղթ։

–Իհարկե, չկա այդ փաստաթուղթը։

-Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախում շոուներ կազմակերպեցին՝ փորձելով միջազգային հանրությանը ներկայցնել, թե հայկական պատմամշակութային ժառանգությունն իբր «աղվանական է»։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները, միջազգային հանրությունն այս հարցերում աջակցո՞ւմ է Ադրբեջանին։

-Միջազգային հանրությունը չի աջակցում Ադրբեջանին։ Միջազգային հանրությանը հրավիրում են գնալ, մասնակցել, նայել «Ադրբեջանի տարածքում» գտնվող ինչ-որ հուշարձաններ, ինքը գնում է, մասնակցում է։ Եթե Հայաստանը դեմ է դրան, գտնում է, որ դա իրենն է, ուրեմն համապատասխան մակարդակով պետք է անի համապատասխան հայտարարություն, ինչը մենք չենք տեսել։ Մատենադարանի տնօրենի մակարդակով գործողությունը չի կարող համարժեք լինել պետության գործունեությանը։ Մատենադարանը ընդհանրապես հիմնադրամ է, ոչ ավելի, դա անգամ պետական մարմին էլ չի։ Ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող Արցախի տարածքում առնվազն 7 եկեղեցի հիմնահատակ ավերված է, այդ թվում՝ նաեւ հին եկեղեցիներ։ Այնտեղ 19-րդ դարի եկեղեցի է քանդվել, 5-րդ դարի եկեղեցի են քանդել։ Այնտեղ նաև մզկիթ կար 19-րդ դարի՝ մենք 30 տարվա ընթացքում այդ մզկիթը չենք քանդել, իսկ իրենք 30 ամսվա ընթացքում հայոց եկեղեցինները հողին հավասարեցրեցին։ Ինչո՞ւ, որովհետև լավ են հասկանում, որ որևէ պատասխան չի լինելու Հայաստանի կողմից։ Իսկ միջազգային հանրությունն ի՞նչ անի։ Երբ միջազգային հանրությունը դիմում ես, իրենք ասում են՝ այդպես չէ, որովհետև եթե քո ասածը լիներ, պարոն Պապյան, որ դա հայկական է, ապա հայոց պետությունը պիտի աներ պաշտոնական հայտարարություն, ինչը չկա։ Հետևաբար, առնվազն գոյություն ունի երկու գիտական տեսակետ (իրենք արդեն կարողացել են հարցը գիտական մակարդակի հասցնել), որ դա «աղվանական է» կամ «ալբանական»։

-Բայց միջազգային հանրությունը տեսել է, որ Արցախում տեղի է ունեցել  ցեղասպանություն ու էթնիկ զտում։ Գոնե դրանով պայմանավորված՝ չպե՞տք է կասկածի տակ դրվեին Ադրբեջանի գործողությունները։

-Ոչ, միջազգային հանրությունը նման բան չի տեսել, որտե՞ղ է տեսել։ Որտե՞ղ ենք մենք բողոքել, որ եղել է էթնիկ զտում կամ ցեղասպանություն։ Արդյոք գոյություն ունի՞ մեկ պետական հայց։ Երբ Ֆրանսիան հրավիրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, ես ուզում եմ հիշեցնել, Հայաստանի վարչապետն ասաց՝ Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Հետևաբար, ի՞նչ ցեղասպանության մասին է խոսքը։ Ընդհակառակը, միջազգային հանրությունը տեսել է, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական տարբեր մակարդակներով եղել են պարբերական հայտարարություններ, որ իրենք իբր երաշխավորում են «հայերի անվտանգ կեցությունը» իրենց ենթակայությամբ, շատ հայերից հարցազրույց են վերցրել Հակարիի կամրջի մոտ, երբ իրենք ստիպված լքում էին իրենց հայրենիքը, նրանց հարց են տվել՝ դուք կամավոր ե՞ք գնում, նրանք ճնշման տակ ասել են՝ իհարկե, կամավոր ենք գնում։ Դրանք փաստեր են, որ, հայ ժողովուրդը կամավոր է գնացել, դա էթնիկ զտում չի եղել։ Այդ մենք ենք հասկանում, թե ի՞նչ է եղել, իսկ եվրոպացին ու ամերիկացին ասում են՝ մեզ փաստեր բերեք։ Այսինքն՝ իրենք պարտավոր չեն մեր փոխարեն ենթադրություններ անել։

Եթե հիմա գնանք դատարան, մեղադրող կողմը պարտավոր է փաստերով հիմնավորել մեղադրանքը։ Մենք այդ փաստերը չենք ներկայացրել, իրավական հիմք չենք ստեղծել, չենք արել համապատասխան հայտարարություններ։ Իսկ Ադրբեջանն արել է, Ադրբեջանը շատ խելոք է վարվել՝ սկզբում դա արել է ինչ-որ «բնապահպանական հարցերի» անվան տակ, հետո՝ մյուս քայլերը։ Հիմա էլ ինքը նույն կերպ է վարվում։ Այս վերջին գործողությունը՝ ադրբեջանցի զինծառայողի ներխուժումը, հերթական մի մեծ գործընթացի՝ այն է՝ Սյունիքը վերցնելու գործընթացի առաջին փոքր քայլն է, ռուսերեն ասած՝ «пробный шар» է։

-Ադրբեջանի իշխանություններն արդեն այնքան են լկտիացել, որ փորձում են իրենց ներկայացնել որպես «առաջին քրիստոնյա ժողովուրդ»։ Ինչպե՞ս պետք է հակազդել սրան։

–Երբ երկու տարի առաջ օգոստոս ամսին Պուտինը գտնվում էր Բաքվում, ինքը գնաց ռուսական եկեղեցի, և այնտեղ ռուսական օրթոդոքս եկեղեցու թեմական առաջնորդը խոսեց Բարթուղոմեոսի՝ որպես «Ադրբեջանի սուրբ լինելու» մասին։ Հիշեցնեմ, որ Թադեոս և Բարթուղոմեոս առաքյալները հանդիսանում են Հայ եկեղեցու հիմնադիրները։ Ես այն քիչ մարդկանց թվին եմ պատկանում և ԱԺԲ-ն, որը միակն է եղել, որ գիտաժողով ենք հրավիրել, դրա վերաբերյալ փաստեր ենք ներկայացրել, ելույթ ենք ունեցել, այդ թվում՝ ես։ Գիտությունների ազգային ակադեմիայից մարդկանց ենք հրավիրել, որոնք չեն եկել, վախեցել են, որ պետությունը կզրկի իրանց այն փոքր արտոնություններից, որն ունեն։ Քաղաքական ուժերը չեն մասնակցել։ Մենք բողոքել ենք, նամակներ ենք գրել, մեր լոբբիստները մեծ աշխատանք են տարել այդ ուղղությամբ, այդ թվում՝ ես այս տարվա մայիսին Զագրեբում էի, և պահպանողական ուժերին այդ հարցը ներկայացրել եմ, խոսել ենք, ասել ենք, բայց մենք իշխանություն չենք, մենք պետություն չենք։ Մենք ընդամենն արտախորհրդարանական քաղաքական ուժ ենք և այդ չափով էլ ազդեցություն ունենք։ Եթե պետությունն ուզում է, որպեսզի իրենից չխլեն իր անցյալը, ներկան ու ապագան, ուրեմն պիտի դրա համար պայքարի։ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ նաև արդեն խոսում է Հայկական ՍՍՀ տարածքում գտնվող հուշարձանների մասին, կամ անգամ գործող եկեղեցիների մասին, այդ թվում՝ Էջմիածնի, թե իբր  «աղվանական են»։ Եվ նաև անցել են արդեն Վրաստանի տարածք, արդեն Վրաստանինն են պահանջներ ներկայացնում, որովհետև իրենք իրենց ուժեղ են զգում, հասկանում են, որ չկա պատասխան։

Մի բան պետք է լավ հասկանալ՝ երբ մի միջավայրում ենք, որտեղ լկտի, ուժին ապավինող, մյուսին ճնշող մարդիկ են, զիջելով չենք կարող խաղաղություն ու անդորր վաստակել։ Ինչքան շատ զիջենք, մեր գլխին են նստելու։ Կյանքը հազարավոր նման օրինակներ է ցույց տալիս։ Նույնն էլ Ադրբեջան պետությունն է,  ցանկացած, այսպես ասած, բարի քայլի, խաղաղության ցանկացած ձգտման իրենք պատասխանում են, որ դա թուլության նշան է, ուրեմն այնքան պիտի կթեն, ինչքան կարողանան։ Եվ իրենք դա անելու են մինչև վերջ, քանի դեռ կամ Հայաստանը վերջնականապես կկործանվի, կամ հայ ժողովուրդը, չգիտեմ, ինչ-որ մի պահ կփորձի փոխել իշխանությունը։ Առանց իշխանության փոփոխության Հայաստանում ոչ մի դրական բան չի կարող լինել, որովհետև ազգի կազմակերպման բարձրագույն ձևը պետությունն է։ Դու չես կարող պետությունների դեմ կռվել հասարակական կազմակերպություններով, ինչը հիմա ենք մենք փորձում անել։ Պետության դեմ պիտի լինի պետություն։ Անգամ պետության պարագայում շատ դժվար է, բայց միջոցներ կան։

Որպեսզի մենք կարողանանք ինչ-որ մարդկանց տեղյակ պահել, տեղեկություն բաժանել ինչ-որ միջազգային կառույցում, հսկայական ջանք ենք դնում։ Հայաստանը, օրինակ, կարող է ՄԱԿ-ում հանգիստ իր պատվիրակության անունից տարածել նման փաստաթղթեր, որոնք արձանագրվում են ՄԱԿ-ի փաստաթղթերի մեջ, ինչը, ի դեպ, անում է Ադրբեջանը։ Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը պարբերաբար այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի անունից փաստաթղթեր է բաժանում ՄԱԿ-ում։ Ասում է՝ «իրենք վերադարձի իրավունք ունեն»։ Այդ աշխատանքը տարան-տարան, հասունացրեցին, և Բայրամովը մի քանի օր առաջ Նյու Յորքում ելույթ ունեցավ և արդեն պաշտոնապես հայտարարեց, թե «Ադրբեջանի ժողովուրդը իրավունք ունի արժանապատիվ վերադառնալու իր բնակության վայրերը»։ Իսկ ի՞նչ է նշանակում «արժանապատիվ»․ դա նշանակում է, որ դու իրենց պիտի ապահովես իրենց լեզվի, կրթության, հավատքի բոլոր պարամետրերով։ Բա ձեզ թվում է՝ ինչո՞ւ են խոսում հայերի կողմից «267 մզկիթ քանդելու» մասին, վաղն ասելու են՝ «կառուցեք 267 մզկիթը, դուք քանդել եք»։ Իսկ մեր կողմից հերքում կամ պատասխան չի եղել։ Ո՞ւմ են պետք մեր այդ շարան-շարան դոկտորներն ու թեկնածուները, մեր տարբեր ինստիտուտներում աշխատող գիտնականները, եթե այս պահին իրենք պիտի լռեն և ձայն չհանեն, ինչ է, որ Նիկոլի դուրը դա չի գալիս։

-Երբ Հայաստանում դիմադրության օջախ է սկսում ձևավորվել, օրինակ, վերջերս Գանձասարում կազմակերպված ադրբեջանական շոուի ֆոնին երբ մարդիկ սկսեցին դիմադրել, Ադրբեջանից անմիջապես ասում են, թե «Հայաստանում ռևանշիստական ուժեր կան»։ Այսինքն՝ նրանց նպատակը ո՞րն է, ընդհանրապես լռեցնե՞լ հայ հասարակությանը։ Եվ ի՞նչ հույս ունեն, որ հայերը պետք է մոռանա՞ն իրենց պատմությունը, ժառանգությունը, հայրենիքի նկատմամբ պահանջատիրությունը։

– Այո, իրենք դա բացահայտ ասել են՝ նորություն չէ, որ Հայաստանում «ռևանշիզմի երկու բույն կա»՝ մեկը Սփյուռքն է, մյուսը՝ Եկեղեցին։ Եվ հետևողականորեն իրենք աշխատանք են տանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները փչացնելու,  Սփյուռքին հալածելու ուղղությամբ, և այդ աշխատանքը տանում են Նիկոլի միջոցով։ Այդ հարաբերությունները փչացնում են նաեւ օրենսդրական փոփոխություններ կատարելով․ մենք տեսնում ենք, թե անգամ էթնիկ հայերի՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար ինչ բարդացումներ են գնում։

Պայքար է նաև Եկեղեցու դեմ, իսկ Եկեղեցին հզոր կառույց է, միակ հայկական համաշխարհային կառույցն է։ Եկեղեցին համաշխարհային տեսակետից ավելի կարևոր է, քան հայոց պետականությունը։ Եվ հաշվի առնելով, որ վերջին 1-2 տարիներին արագացված ձևով քրիստոնեությունը քաղաքականանում է և իր դերը մեծանում է համաշխարհային հարաբերությունների մեջ, հետեևաբար, Հայաստանը պետք է ձեռք բերեր հզոր հաղթաթուղթ։ Եվ, այո, Եկեղեցին հալածելով, դուրս մղելով, վարկաբեկելով, Նիկոլ Փաշինյանի միջոցով թուլացնում են հայոց պետականությունը։ Նիոլը դա ներկայացնում է իբր հայոց պետականության «ուժեղացման» ճանապարհ, բայց հակառակը՝ դա հայոց պետականության հզորագույն հենասյուներից մեկը քանդելու գործողություն է։

Ռոզա Հովհաննիսյան