Հնարավո՞ր է, որ Իրան-ԱՄՆ բանակցություններ տեղի ունենան Երևանում

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի Իրան այցը հիմնականում կենտրոնացած էր հաղորդակցությունների վրա։ Մինչ հայկական կողմը առաջ էր տանում TRIPP-ը, Իրանը խոսում է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի մասին։ Իրանը վաղուց հստակեցրել է, որ եթե TRIPP-ը խզի Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունը, ամերիկյան նախագիծը կդառնա անընդունելի Թեհրանի համար։

Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Արարատ Միրզոյանը մեկնել է Իրան՝ դա կրկին հաստատելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի բարձր մակարդակի մասնակցության հարցերը Երևանում կայանալիք COP17 համաժողովին։

COP17-ը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 19-ից 30-ը, և սպասվում է մոտ 1500 պատվիրակի մասնակցություն, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների։ COP17-ը Երևանում կարող է լավ հարթակ դառնալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների համար, որոնց վերջին փուլը տեղի է ունեցել վերջերս Վաշինգտոնում։

Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի և ԱՄՆ-ի “հարաբերություններում”. Վաշինգտոնը չի ստիպում Երևանին պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, և Թեհրանի և Երևանի միջև ավիահաղորդակցությունը դեռևս գործում է: Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տվյալներով՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին իրանական արտահանումը Հայաստան հասել է 385 միլիոն դոլարի, ինչը 7.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իրանից Հայաստանի ներմուծումն աճել է 8.8%-ով:

Այս տարվա առաջին կեսին Հայաստանը Իրանից ստացել է մոտավորապես 228 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության ընդհանուր ծավալը գնահատվում է 810 միլիոն դոլար։

Իրանական ընկերությունները մասնակցում են Հյուսիս-Հարավ մայրուղու մի մասի շինարարությանը Հայաստանում։

Սակայն տարածաշրջանում շատ բան կախված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության զարգացումից։

Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հակասություններին, Իրանի նախագահը նշել է. «Մեր խնդիրն ԱՄՆ-ի հետ այն է, որ ամեն անգամ, երբ մենք նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, նրանք անմիջապես պատերազմ են պարտադրում մեզ։ Մինչ օրս նրանք բանակցություններից հետո երեք անգամ հարձակվել են մեզ վրա, և սա ցույց է տալիս, որ նրանք չեն ձգտում բանակցությունների, այլ նրանց նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության տապալումն է։ Անիմաստ է բանակցել թշնամու հետ, որը ամեն օր ահաբեկում է, պատժամիջոցներ է կիրառում, ճնշում է գործադրում և սպառնում, որը խախտում է պայմանագրերը, և մեր երկիրը չի ընդունում նման մոտեցումը»։

Արդյո՞ք սա նշանակում էր, որ Իրանը իմաստ չի տեսնում ԱՄՆ-ի հետ Երևանում բանակցություններում։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անսասան քաղաքականությունն է զարգացնել և ամրապնդել հարևան երկրների հետ հարաբերությունները՝ թե՛ գործնական, թե՛ ռազմավարական մակարդակներում, հաղորդում է Pars Today-ը։

«Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը շուտով կավարտվի», – ասել է նա։

Ղալիբաֆը նշել է, որ տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությունը միշտ չէ, որ օրհնություն է: «Օրինակ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում մենք տեսնում ենք օտարերկրյա ուժերի մուտքը, և որոշ երկրներ կարծում էին, որ դրանց ներկայությունը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, բայց արդյունքում անկայունություն է եղել: Այս տերությունները պարզապես ձգտում են մուտք գործել տարածաշրջանային երկրների հնարավորություններին և ռեսուրսներին և հետապնդում են իրենց սեփական շահերը», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Իրանը նախկինում բազմիցս զգուշացրել է Հայաստանին հույսը չդնել արտաքին ուժերի, մասնավորապես՝ ամերիկացիների վրա։

NEWS.am-ի հետ հարցազրույցում Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մոհավեդիանը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը Թեհրանին վստահեցրել է, որ TRIPP-ի երկայնքով անվտանգությունը կապահովի հայկական կողմը, և որ նույնիսկ մասնավոր ամերիկյան ընկերություններին թույլ չի տրվի ապահովել անվտանգությունը։

Հայ-իրանական սահմանին երկրորդ կամրջի կառուցումը և երկու երկրների միջև բեռնափոխադրումների հեշտացումը Թեհրանում քննարկել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին: Նախարարները նաև նշել են երկու երկրների միջև էլեկտրահաղորդման գծի շինարարության արագ ավարտի կարևորությունը։

Իրանական կողմը վերահաստատել է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Միրզոյանը, իր հերթին, ներկայացրեց TRIPP նախագծի առաջընթացը և ուրվագծեց այն հնարավորությունները, որոնք այն կարող է առաջարկել տարածաշրջանի երկրներին։