
Արցախի իշխանությունները շարունակում են քաղաքական կոնսուլտացիաները հայաստանյան քաղաքական ուժերի հետ։ Այս մասին step1.am-ին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ չմանրամասնելով, թե առաջիկայում որ քաղաքական ուժերի հետ է հանդիպում նախատեսված։
«Գործընթացն առաջ է գնում, քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ենք ունենում։ Մեկ շաբաթից կամփոփենք, հանդիպումների շարքն ավարտելուց հետո ես արդյունքները կներկայանցեմ։ Առայժմ այսքանը»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը՝ այլ մանրամասներ չնեկայացնելով։
Նշենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ քաղաքական ուժերի հետ։
«2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել է նոր քաղաքական իրողություն։ Այդ իրողությունը պետք է իր արտացոլումն ունենա նաեւ Արցախի հարցի եւ Արցախի իշխանությունների գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումներում։
Այս համատեքստում Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերը ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, եւ ինչ պատրաստակամություն ունեն այս ուղղություններով գործնական քայլերի։
Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախի իշխանությունների գործունեության դադարեցման կամ շարունակության հարցը չի կարող մնալ ենթադրությունների, առանձին հայտարարությունների կամ քաղաքական լռության մակարդակում։ 2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ»,- հայտարարել էր Իսկանդարյանը։
Հայտնի է, որ հայաստանյան քաղաքական ուժերը մեծ ակտիվություն չեն ցուցաբերում եւ չեն շտապում հանդիպել Արցախի իշխանությունների հետ։
Սեպտեմբերի 27-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան Նժդեհ Իսկանդարյանն ասել էր, որ իրենց առաջարկին ընդամենը երեք ուժ էր արձագանքել՝ ՀՀԿ-ն, «ՀայաՔվե»-ն, «Ուժեղ Հայաստան»-ը։
Մամուլի հրապարակման համաձայն՝ երեկ Արցախի իշխանության ներկայացուցիչները հանդիպել են նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Այսպիսով, առկա տեղեկատվությունը հիմք ընդունելով, կարող ենք ասել, որ քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Արցախի իշխանությունների հետ մինչ այսօր հանդիպել է ընդամենը երեք քաղաքական ուժ։
Նշենք, որ ավելի վաղ step1.am-ի հետ զրույցում Հայաստանի «Դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն ասել էր, որ իրենց ուժն էլ է պատրաստ հանդիպել արցախցիների հետ։ «Մեր հավատամքը եւ քաղաքական հիմնական առաքելությունը ներկա պահին արցախահայության անվերապահ վերադարձի իրավունքի եւ հայկական մշակութային ինքնության պահպանումն է։ Իսկ դա ենթադրում է, որ այն պետական մարմինները, որոնք գործել են Արցախում, ընդ որում՝ գործել են բացարձակ ժողովրդավարական եւ իրավական հիմքերի վրա, նրանք պետք է շարունակեն իրենց գործունեությունը»,- ասել էր նա։
Մյուս ուժերը դեռ հրապարակային դիրքորոշում չեն հայտնել, թեպետ, Նժդեհ Իսկանդարյնաի խոսքով, կոնսուլտացիաները դեռ շարունակվում են։
Նժդեհ Իսկանդարյանը սեպտեմբերի 27-ին լրագրողներին նաեւ ասել էր, քաղաքական կոնսուլտացիաներն ամփոփելուց հետո ինքը որոշում է կայանցելու՝ շարունակելո՞ւ է Արցախի պետական նախարարի պաշտոնը զբաղեցնել, թե՞ ոչ։ «Առաջիկայում պետք է բոլոր քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը հայտնեն Արցախի պետական ինստիտուտների շարունակության, համագործակցության մասին, որից հետո ես ինքս կներկայացնեմ իմ տեսակետը»,- նշել էր նա։
Արցախցիները դեռ չունեն նաեւ որոշում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Նժդեհ Իսկանդարյանը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում հանրահավաքներ ու հավաքներ անցկացնելու իրազեկմամբ։ Բայց քաղաքապետարանը մերժել էր դիմումները։
Սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրուցյում Իսկանդարյանն ասել էր․ «Դա է պատճառը, որ մենք դեռ նպատակահարմար չենք գտնում ակցիաներ անելու։ Բայց առաջիկայում որոշ քայլեր միանշանակ ձեռնարկելու ենք, որովհետեւ արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակն ամեն օր ավլի ծանրէ դառնում»։
Նա նշել էր, որ կապի մեջ են Արցախի համայնքապետերի հետ, արցախցիների տրամադրությունները գիտեն, եթե դուրս գան փողոցային պայքարի, պետք է մնան այնքան ժամանակ, մինչեւ խնդիրների լուծումը ստանան։
Ռոզա Հովհաննիսյան