Կարելիացիները՝ հայրենիքից դուրս և հայրենիքի երկու կողմերում․ ի՞նչ կարող է նրանց փորձը պատմել արցախցիներին

Հելսինկիում Կարելիայի մշակութային կենտրոնի ղեկավար Էիլա Ստեպանովայի հետ հանդիպման ժամանակ նրա պատմածը մի քանի անգամ ինձ տարավ դեպի Արցախ։ Բաժանված ընտանիքներ, տասնամյակներով փակ սահման, անուններն ու լեզուն փոխելու հարկադրանք, երեխաներին սեփական արմատները փոխանցելու փորձ։ Պատմությունները տարբեր են, բայց դրանցում կա մի ընդհանուր հարց՝ ինչպե՞ս պահպանել ինքնությունը, երբ հայրենիքի հետ կապը խզվում է։

Ի՞նչ է Կարելիան, և ի՞նչ է կատարվում այնտեղ այսօր

Կարելիան պատմական տարածաշրջան է Հյուսիսային Եվրոպայում՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանային գոտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիան կորցրեց Կարելիայի զգալի տարածքներ, իսկ ավելի քան 400 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունն ու տեղափոխվել երկրի այլ շրջաններ։

Այսօր կարելացիներն ապրում են թե՛ Ֆինլանդիայում, թե՛ Ռուսաստանում։ Նրանց համար կարևոր խնդիրներից մեկը սեփական լեզվի ու մշակույթի պահպանումն է։ Միաժամանակ, Ֆինլանդիայի և Ռուսաստանի հարաբերություններում առկա լարվածությունն ու փակ սահմանային անցակետերը դժվարացնում են սահմանի երկու կողմերում ապրող մարդկանց շփումները։

Կարելիայի պատմությունը մեկ շարունակվող զինված հակամարտության մասին չէ։ Այն տարածքի բաժանման, տեղահանության և սերունդների ընթացքում ինքնությունը պահպանելու պատմություն է։ Եվ հենց այստեղ է այն հատվում Արցախի հետ։

Սահման, որը բաժանում է ընտանիքները

Էիլա Ստեպանովայի պատմելով՝ 20-րդ դարի ընթացքում մոտ 30 հազար կարելացի տեղափոխվել է Ֆինլանդիա։ Նրանցից ոմանք հետ են վերադարձել՝ հավատալով խորհրդային իշխանության հայտարարած համաներմանը։ Սակայն վերադարձածների և Ֆինլանդիայում մնացածների ճանապարհները հաճախ բաժանվել են։

1960-ականներին, երբ սահմանը փակ էր, բազմաթիվ ընտանիքներ տարիներով տեղեկություն չունեին իրենց հարազատներից։ Ստալինի մահից հետո քաղաքականության փոփոխություններն ու վիզաների տրամադրումը որոշ մարդկանց հնարավորություն տվեցին վերականգնելու կապը եղբայրների, քույրերի ու մյուս հարազատների հետ։

Սահմանն այս դեպքում պարզապես քարտեզի գիծ չէր․ այն որոշում էր՝ արդյոք մարդիկ կարող են հանդիպել իրենց ընտանիքի անդամներին։

Արցախի պատմությունը տարբեր է։ 2023 թվականին հայ բնակչության բռնի տեղահանությունը տեղի ունեցավ կարճ ժամանակում, և մարդիկ զրկվեցին իրենց տներում ապրելու հնարավորությունից։ Սակայն երկու պատմություններում էլ տարածքային փոփոխությունների հետևանքները չեն սահմանափակվում բնակության վայրի կորստով․ դրանք փոխում են նաև ընտանիքների կապերն ու հաջորդ սերնդի հարաբերությունը հայրենիքի հետ։

Լեզուն, որը մնացել էր տան ներսում

Ստեպանովայի պատմության կարևոր մասը կարելիերենի ճակատագիրն է։ Լեզուն ունի երեք հիմնական բարբառ, իսկ տարբեր ժամանակներում դրա օգտագործումը սահմանափակվել է։ Նրա խոսքով՝ որոշ ընտանիքներ ստիպված են եղել փոխել իրենց անունները, իսկ սեփական լեզուն պահպանել հիմնականում տան ներսում։

Այսօր համայնքը փորձում է լեզուն վերադարձնել առօրյա կյանք։ Հրատարակում են գրքեր, ստեղծում կոմիքսներ, ժամանակակից խաղեր ու մեմեր՝ երեխաներին ու երիտասարդներին լեզուն փոխանցելու համար։ Նյութերը տրամադրում են անվճար։

Նպատակը միայն անցյալը պահպանելը չէ, այլ լեզուն նոր սերնդի համար կենդանի դարձնելը։

Արցախի դեպքում հայերենը պետական լեզու է, և իրավիճակը նույնը չէ։ Բայց տեղահանությունից հետո արցախյան բարբառը, տեղական բառապաշարը, գյուղերի պատմությունները, երգերն ու բանավոր ավանդույթները նույնպես կարող են աստիճանաբար դուրս մղվել առօրյայից։

Կարելիացիների փորձը հուշում է՝ մշակույթի պահպանումը չի կարող սահմանափակվել հին լուսանկարներ ու հուշեր հավաքելով։ Այն պետք է դառնա երեխաների ու երիտասարդների կյանքի մասը։

Ինտեգրվել՝ առանց ինքնությունը կորցնելու

Էիլա Ստեպանովան պատմում է, որ Ֆինլանդիայում կարելացիների համար նոր հասարակությանը հարմարվելը միշտ հեշտ չի եղել։ Տարբերվել են լեզուն, կենցաղը և կրոնական պատկանելությունը․ կարելացիների մի մասը ուղղափառ քրիստոնյաներ էին, մինչդեռ ֆինների մեծ մասը լյութերական էր։

Այսօր Կարելիայի մշակութային կենտրոնը փորձում է պահպանել այդ առանձնահատկությունները՝ առանց համայնքը Ֆինլանդիայի հասարակությունից մեկուսացնելու։

Արցախից տեղահանվածների համար ևս ինտեգրումը կարևոր է․ մարդիկ պետք է կարողանան նոր բնակավայրերում ապրել, աշխատել և ապագա կառուցել։ Բայց Հայաստանի հասարակության լիարժեք անդամ դառնալը չպետք է նշանակի հրաժարվել արցախյան ինքնությունից։

Այստեղ կա նաև սկզբունքային տարբերություն։ Կարելիացիների մի մասը ապրում է պատմական հայրենիքից դուրս՝ Ֆինլանդիայում, մյուս մասը՝ Ռուսաստանում։ Արցախի հայերը հիմնականում Հայաստանում են, սակայն նրանց հայրենիք վերադառնալու, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը մնում են չլուծված։ Մշակույթի պահպանումը չի կարող փոխարինել այդ իրավունքներին։

Սունդուկներում պահված հագուստն ու հիշողությունը

Կարելիայի մշակութային կենտրոնի աշխատանքը միայն լեզվով չի սահմանափակվում։ Ստեպանովան պատմում է մոտ քսան կանանց մասին, որոնք ավանդական հագուստները պահել են սունդուկներում։ Նրա ներկայացրած պատմություններից մեկի համաձայն՝ ծանր ժամանակներում հագուստները նույնիսկ փոխանակվել են սննդի հետ։

Այսօր այդ իրերը մշակութային ժառանգություն են, որոնք պատմում են կանանց կյանքի, կենցաղի ու պատմական դժվարությունների մասին։ Կենտրոնը փորձում է պահպանել նաև սննդի ու ավանդույթների մասին գիտելիքը։

Արցախի դեպքում ևս կարևոր է հավաքել ու փաստագրել տարազները, բաղադրատոմսերը, ձեռագործ իրերը, երգերը, լուսանկարներն ու ընտանեկան պատմությունները։ Դրանք պետք է ոչ միայն պահպանվեն առանձին ընտանիքներում, այլև համակարգվեն, թվայնացվեն ու հասանելի դառնան հաջորդ սերունդներին։

Համայնքի ջանքերից մինչև պետական աջակցություն

Ստեպանովայի պատմելով՝ 2006 թվականից համայնքը սկսել է ավելի ակտիվ բարձրաձայնել կարելիերենի պահպանության խնդիրը։ Հետագայում լեզուն ճանաչվել է որպես փոքրամասնության լեզու, իսկ Ֆինլանդիայում պետական աջակցություն է տրամադրվել դրա ուսումնասիրությանն ու համալսարանական դասավանդմանը։

Այս փորձը ցույց է տալիս, որ մշակույթի պահպանությունը միայն համայնքի նվիրվածության հարց չէ։ Անհրաժեշտ են նաև կրթական ծրագրեր, հետազոտություններ, ֆինանսավորում և պետական աջակցություն։

Արցախյան մշակույթի պահպանման համար նույնպես պետք է համակարգված աշխատանք՝ տեղական բառապաշարի գրանցումից ու բանավոր պատմությունների հավաքագրումից մինչև գրքերի հրատարակում և երեխաների համար ժամանակակից կրթական նյութերի ստեղծում։

Ի՞նչ կմնա հաջորդ սերնդին

Էիլա Ստեպանովայի պատմության մեջ կարևոր տեղ ունի երիտասարդների ինքնության որոնումը․ ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ գալիս, ինչո՞ւ են նախնիներս փոխել իրենց լեզուն։

Արցախի երեխաներն էլ պետք է կարողանան պատասխաններ ստանալ իրենց ընտանիքների ու բնակավայրերի մասին։ Որտե՞ղ էր իրենց տունը, ինչպե՞ս էին ապրում այնտեղ, ինչո՞վ էր առանձնանում իրենց գյուղը, ի՞նչ բառերով էին խոսում իրենց մեծերը։

Կարելիացիների փորձը պատրաստի լուծում չէ Արցախի համար։ Սակայն այն ցույց է տալիս, որ մշակույթը պահպանելու համար բավարար չէ միայն կարևորել անցյալը։ Պետք է այն գրանցել, սովորեցնել, հրատարակել և փոխանցել։

Հելսինկիում այդ հանդիպումից հետո ինձ համար ամենակարևոր հարցը սա էր՝ ի՞նչ ենք անում այսօր, որպեսզի տարիներ անց մեր երեխաները ոչ միայն իմանան, որ Արցախից են, այլև ճանաչեն այն աշխարհը, որտեղ ապրել են իրենց ընտանիքները։

Հայրենիքի հետ կապը կարող է սահմանափակվել, բայց հիշողության փոխանցումը մեր ձեռքերում է։ Եվ դրա համար պետք է սկսել հիմա։

Մարիամ Սարգսյան