
2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթեմ «Նավի» Փիլային՝ «խաղաղությունը և միջազգային իրավունքը խթանելու համար», – այսօր Օսլոյում հայտարարել է նորվեգական Նոբելյան կոմիտեն:
85-ամյա Փիլայը հարավաֆրիկացի իրավաբան և իրավապաշտպան է, ով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն էր 2008-2014 թվականներին: Եղել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր, Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարանի նախագահ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոբելյան կոմիտեն իր հաղորդագրությունում նշել է Փիլայի աշխատանքը՝ սկսած Նելսոն Մանդելայի և ապարտեդիդի դեմ մյուս պայքարողների պաշտպանությունից մինչև ներկայիս ժամանակներում ծառայությունը որպես դատավոր Միջազգային քրեական դատարանում մի շարք կարևորագույն գործերով:
Նավի Փիլայը գլխավորել է պաղեստինյան օկուպացված տարածքի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը, որն անցած տարի եզրակացրել էր, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է գործել: Իսրայելը դատապարտել էր զեկույցը՝ «սկանդալային» որակելով այն:
Նոբելյան մրցանակի դրամական պարգևը 12 միլիոն շվեդական կրոն կամ 1.2 միլիոն դոլար է:
Այս շաբաթ արդեն հայտարարվել էին Նոբելյան մրցանակակիրները ֆիզիոլոգիայի և բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության բնագավառներում: