
Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը սկսել են համատեղ փորձերը՝ Վիեննայում կայանալիք միջազգային մշակութային փառատոնին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն՝ նշելով, որ համույթները պատրաստվում են միջազգային բեմում ներկայացնել արցախյան մշակույթը։
Արցախյան մշակույթի պահպանումը բռնի տեղահանումից հետո դարձել է ոչ միայն ստեղծագործական, այլև ինքնության պահպանման խնդիր։ Step1.am-ի հետ զրույցում կենտրոնի նախագահ Ապրես Մարգարյանն անդրադարձել էր արցախյան մշակութային հիշողության մարգինալացման խնդրին՝ ուշադրություն հրավիրելով այն վտանգին, որ Արցախի մշակութային ժառանգությունը կարող է աստիճանաբար դուրս մղվել հանրային ուշադրությունից։
Այս պայմաններում Վիեննայի փառատոնին պատրաստվելը միայն համերգային ելույթի նախապատրաստություն չէ։ Այն հնարավորություն է՝ միջազգային հանրությանը ներկայացնելու արցախյան մշակույթը որպես ինքնուրույն պատմություն, ինքնություն և կենդանի ժառանգություն։ Միջազգային բեմում Արցախի երգի, պարի և ազգային նվագարանների ներկայացումը նաև մշակութային ներկայությունը պահպանելու միջոց է՝ հայրենի միջավայրից բռնի տեղահանվելուց հետո։
Միաժամանակ, արցախյան մշակութային կոլեկտիվները շարունակում են բախվել ֆինանսական և կազմակերպչական դժվարությունների։ Շատերը չունեն կայուն ֆինանսավորում և գործունեության համար անհրաժեշտ պայմաններ, ինչը սահմանափակում է փորձերի, ելույթների և միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները։ Այս պայմաններում յուրաքանչյուր նախաձեռնություն պահանջում է լրացուցիչ ջանքեր՝ ինչպես ստեղծագործական, այնպես էլ ֆինանսական առումով։
Միջազգային ելույթներին զուգահեռ՝ կենտրոնը շարունակում է արցախյան ավանդական երգերի հավաքագրման, ուսումնասիրման, բեմադրման և թվայնացման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են Արցախի տարբեր շրջաններին բնորոշ երգեր, որոնցից ընտրված ստեղծագործությունները մշակվում են բեմականացման համար։ Դրանք ներկայացվելու են ինչպես արցախյան բարբառով, այնպես էլ գրական հայերենով՝ պահպանելով ժառանգությունը և այն փոխանցելով նոր սերունդներին։
Վիեննայի փառատոնին պատրաստվելը, հետևաբար, արցախյան մշակույթի պահպանման ավելի լայն աշխատանքի մի մասն է։ Չնայած տեղահանությանը, մշակութային հիշողության մարգինալացման վտանգին և ֆինանսական դժվարություններին՝ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը։ Արցախյան մշակույթը պահպանելու համար անհրաժեշտ է ոչ միայն այն ներկայացնել միջազգային բեմերում, այլև ապահովել այն կրող մարդկանց և համույթների շարունակական աշխատանքը։ Վիեննայի ելույթը ևս մեկ հնարավորություն է՝ ցույց տալու, որ հայրենի միջավայրից զրկվելը չի նշանակում մշակութային կյանքի ավարտ։
Արսեն Աղաջանյան