
Ղազախստանը՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գլխավորությամբ, սկսել է իր պատմության անկախ վերանայման և «վերափոխման» արշավ։ BBC-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի պետությունն այժմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով ներկայացվում է որպես Ոսկե Հորդայի ժառանգորդ։
Ղազախստանի իշխանությունները նշում են, որ 1991 թվականին Ռուսաստանից անկախություն ձեռք բերած երկիրը վերջապես իրացրել է իր սեփական պատմությունը անկախ մեկնաբանելու իրավունքը։
Նոր պատմական քաղաքականությունը հստակորեն ուղղված է Ղազախստանի պատմության տարածված ռուսական տարբերակին հակազդելուն, որը պնդում է, որ ղազախները պետականություն չեն ունեցել և վայրի քոչվորներ են եղել մինչև Ռուսական կայսրությանը, ապա՝ Խորհրդային Միությանը միանալը։
2019 թվականին Տոկաևի նախագահ դառնալուց հետո Աստանան սկսեց ակտիվորեն աջակցել Ոսկե Հորդայի պատմության, կամ ավելի ճշգրիտ՝ Ուլուս Ջոչիի պետության՝ Չինգիզ խանի հսկայական կայսրության արևելյան մասի և հետագայում դրա իրավահաջորդ բեկորներից մեկի պատմության ուսումնասիրությանը։
2021 թվականին Տոկաևը նախաձեռնեց Ուլուս Ջոչիի ուսումնասիրության ինստիտուտի ստեղծումը և հրամայեց վերականգնել Չինգիզ խանի որդու՝ Ջոչի խանի դամբարանը կենտրոնական Ղազախստանի Ուլիտաու շրջանում։
Վերջերս հրատարակված «Ղազախստանի պատմության» յոթ հատորում մանրամասն նկարագրվում է Ոսկե Հորդայի պատմությունը՝ որպես 1465 թվականին ձևավորված Ղազախական խանության նախորդի։
Ըստ Տոկաևի՝ Կենտրոնական Ասիայի մտավոր զարգացումը հիմնված էր, ի թիվս այլ բաների, «քոչավոր աշխարհի էներգիայի և թուրք-մոնղոլական ժառանգության» վրա, իսկ Ոսկե Հորդայի տնտեսությունը համատեղում էր քոչվորական կյանքը, քաղաքային արհեստավորական ավանդույթները և Մեծ Մետաքսի ճանապարհի հյուսիսային մասի նկատմամբ վերահսկողությունը։
Տոկաևը Ոսկե Հորդան մեկնաբանեց որպես տարբեր մշակույթների միավորում «մարդասիրական և քաղաքական գործընկերության միասնական համակարգի» մեջ, և այժմ Եվրասիան, նրա կարծիքով, պետք է համապատասխանի իր պատմական առաքելությանը և լինի «աշխարհի կարևոր քաղաքակրթական և աշխարհաքաղաքական բևեռ»։