Երբեմն դրսում կարծում են, թե արցախահայերը պետք է մոռանան տեղի ունեցածը

Միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով շարունակում են զբաղվել հայկական հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները՝ բարձրաձայնելով բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի, Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, տեղահանվածների սեփականության իրավունքների և հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ ՄԱԿ-ի կառույցներում, եվրոպական խորհրդարաններում և միջազգային իրավական հարթակներում այդ հարցերի բարձրացումը կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ դրանց լուծումը կախված է ոչ միայն իրավական գործընթացներից, այլև միջազգային քաղաքական կամքից։

Միևնույն ժամանակ, արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների օրակարգը միշտ չէ, որ համընկնում է Հայաստանի իշխանությունների առաջ մղած քաղաքական առաջնահերթությունների հետ։ Մինչ պետական մակարդակում շեշտադրվում են ցանկացած գնով խաղաղության գործընթացն ու տարածքային հարաբերությունների կարգավորումը, հասարակական կազմակերպությունները շարունակում են պնդել, որ խաղաղությունը չի կարող փոխարինել վերադարձի, սեփականության և մյուս հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Այս հարցերի, միջազգային կառույցների հետ աշխատանքի և արցախահայության իրավունքների պաշտպանության հնարավորությունների մասին Step1.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Արմինե Ալեքսանյանի հետ։

— ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակում կազմակերպվել են Արցախի ժողովրդին առնչվող հարցերին նվիրված միջոցառումներ։ Ի՞նչ նպատակ էին հետապնդում այդ միջոցառումները, և ի՞նչ հարցեր բարձրացվեցին։

— Միջոցառումներից մեկը կազմակերպվել էր Հայ օգնության միության կողմից, մյուսը՝ մեր գործընկերների՝  Christian Solidarity International (CSI) միջազգային քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության մասնակցությամբ։ Մեր գործընկերներից մեկն առաջարկել էր նման միջոցառում կազմակերպել։ Այս ամենի նպատակն այն է, որ արցախահայության իրավունքների հարցերը շարունակեն բարձրաձայնվել միջազգային հարթակներում։

Հայ օգնության միությունը հիմնականում մարդասիրական կազմակերպություն է։ Այն զբաղվում է հումանիտար հարցերով, այդ թվում՝ կանանց և երեխաների իրավունքներով՝ շրջափակման ընթացքում, դրանից հետո, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Սակայն մեր խնդիրները միայն հումանիտար բնույթի չեն։ Խոսքը նաև այն հիմնարար իրավունքների մասին է, որոնք խախտվել են՝ երեխաների, ընտանիքների և ամբողջ ժողովրդի իրավունքների մասին է խոսքը։

Արցախահայության իրավունքների հարցը պետք է դիտարկել այս ամբողջ համատեքստում։ Կարևոր է խոսել նաև մշակութային ժառանգության պահպանության և այն մասին, թե միջազգային կազմակերպություններն ինչ կարող են անել այս ուղղություններով։

 — Միջոցառումների ընթացքում հնչած արձագանքներն ու գնահատականները որքանո՞վ էին համապատասխանում ձեր սպասումներին։

— Նման միջոցառումների ընթացքում կարևոր է, որ հարցերը ներկայացվեն, և մարդիկ հասկանան՝ ինչ խնդիրների առաջ ենք կանգնած։ Սակայն կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնց վերաբերյալ մինչ օրս պատասխաններ չկան։ Այդ պատճառով աշխատանքը պետք է շարունակվի։

Միջոցառումից հետո ֆրանսիական ռադիոյի հայկական ռադիոհաղորդումից նույնպես կապ են հաստատել մեզ հետ։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք միջոցառմանը և այն հարցերին, որոնք կարևոր է պահպանել հանրային հիշողության մեջ ու հետագայում շարունակել բարձրաձայնել։

Սա նաև մեր փորձի մի մասն է։ Միջազգային հարթակներում պետք է հնարավորինս շատ մարդկանց ներկայացնել խնդիրները և հնարավորություն տալ նրանց խոսելու։

— Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության ուշադրությունը արցախահայության իրավունքների հարցերի նկատմամբ։ Արդյո՞ք հայկական հասարակական կազմակերպությունների ջանքերը համադրվում են Հայաստանի պետական կառույցների աշխատանքի հետ։

— Հարցը պետք է դիտարկել միջազգային օրակարգի համատեքստում։ Մենք փորձում ենք Արցախի ժողովրդի իրավունքների հարցը պահել այդ օրակարգում և շարունակել աշխատանքը միջազգային կառույցների ու տարբեր դերակատարների հետ։

Դժվարությունն այն է, որ երբեմն դրսում կարծում են, թե արցախահայերը պետք է մոռանան տեղի ունեցածը, ինտեգրվեն և շարունակեն իրենց կյանքը։ Բայց եթե մենք խոսում ենք վերադարձի իրավունքի մասին, ապա չենք կարող անտեսել նաև այն հանգամանքը, որ այդ իրավունքների խախտումները պետք է արձանագրվեն։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների նպատակը հենց այդ հարցերը միջազգային հարթակներում բարձրացնելն է։ Մենք պետք է շարունակենք ներկայացնել մեր պահանջները և թույլ չտանք, որ դրանք մոռացության մատնվեն։

 — Դուք աշխատում եք տարբեր երկրների պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում այդ գործընթացում։

— Երբ աշխատում ես ազգային պետությունների ղեկավարների և պետական կառույցների հետ, դժվարություններ պարտադիր առաջանում են։ Օրինակ՝ երբ դիմում ես որևէ պետության ներկայացուցչի, կարող ես պատասխան ստանալ, որ այդ հարցն այլևս առաջնահերթություն չէ։

Բայց մենք ասում ենք, որ պաշտպանում ենք արցախահայության իրավունքները։ Հայաստանի պետական մակարդակում հարցի վերաբերյալ կարող են լինել տարբեր մոտեցումներ, սակայն մենք՝ որպես Արցախի ժողովրդի ներկայացուցիչներ և նրա իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք, պարտավոր ենք շարունակել մեր աշխատանքը։

Պետությունների հետ գործ ունենալը երբեմն դժվար է, որովհետև նրանք հարցերը դիտարկում են միջպետական հարաբերությունների տեսանկյունից։ Սակայն մեր գործընկերների հետ համագործակցությունը շարունակվում է։ Եթե պաշտոնական մակարդակում հանդիպման հնարավորություն չի լինում, փորձում ենք ներգրավել տվյալ երկրում գործող հայկական համայնքներին և օգտագործել մեր կապերը՝ համապատասխան կառույցներին հասնելու համար։

— Այդ աշխատանքի օրինակներից մեկը Շվեյցարիայում Արցախի հարցի վերաբերյալ նախաձեռնությունն է։ Ի՞նչ նշանակություն ունի այն։

— Շվեյցարիայում 2025-ին առաջ է մղվել Swiss Kiss Initiative for NK people նախաձեռնությունը։ Դրա շրջանակում քննարկվել է մի ձևաչափ ստեղծելու հնարավորությունը, որտեղ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են խոսել։

Կարևոր է, որ խորհրդարանական մակարդակում նման հարցերը քննարկվեն, ընդունվեն համապատասխան որոշումներ, և դրանց հետևեն գործնական քայլեր։ Եթե խորհրդարանը բանաձև է ընդունում, ապա անհրաժեշտ է, որ գործադիր իշխանությունը նույնպես անդրադառնա դրա իրականացմանը և ներկայացնի կատարված աշխատանքի արդյունքները։

Իհարկե, նման երկխոսության համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի համաձայնությունը։ Բայց մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը՝ անկախ նրանից, թե որքան բարդ է գործընթացը։

Ամեն անգամ, երբ կազմակերպում ենք նման միջոցառում, փորձում ենք հարցը կրկին ներկայացնել միջազգային հանրությանը։ Կարևոր է, որ այն չընկալվի որպես արդեն ավարտված կամ մոռացված խնդիր, և որ միջազգային դերակատարները շարունակեն ուշադրություն դարձնել Արցախի ժողովրդի իրավունքներին։

— Միջոցառումների ընթացքում բարձրացվում են նաև արցախահայության՝ սեփականության իրավունքի հետ կապված հարցերը։ Ի՞նչ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ։

— Արցախի ժողովուրդը ոչ միայն մշակութային ժառանգություն է թողել այնտեղ, այլև իր ունեցվածքը։ Մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, և նրանց սեփականության իրավունքների հարցը շարունակում է մնալ չլուծված։

Արցախահայության անունից ներկայացվել են անհատական հայցեր։ Խոսքը մոտ 600 հայցի մասին է։ Այդ աշխատանքը շարունակվում է։

Հայցերը վերաբերում են տարբեր խնդիրների, այդ թվում՝ սեփականության իրավունքին և մշակութային ժառանգությանը։ Դրանք ներկայացվում են համապատասխան իրավական ընթացակարգերով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Այդ աշխատանքում ներգրավված են նաև իրավապաշտպաններ և իրավական կազմակերպություններ։ Հայցերի ներկայացումն ու դրանց ընթացքին հետևելը շարունակական գործընթաց է։ Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև նոր փաստեր և նյութեր։

Կարևոր է, որ արցախահայությունը շարունակի ներկայացնել իր պահանջները և օգտվի իր իրավունքների պաշտպանության համար առկա իրավական հնարավորություններից։

— Գերիների հարցը նույնպես շարունակում է մնալ օրակարգում։ Նրանց ընտանիքների հետ կապի և իրավունքների պաշտպանության առումով ի՞նչ աշխատանք է իրականացվում։

 — Գերիների հարցը շատ կարևոր է։ Այդ հարցը բարձրացվում է միջազգային հարթակներում, և մենք փորձում ենք հնարավորինս հետևողական լինել։

Կարևոր է նաև գերիների ընտանիքների իրավունքների հարցը։ Նրանց հարազատները պետք է կարողանան տեղեկություններ ստանալ և իմանալ, թե ինչ է կատարվում իրենց ընտանիքի անդամների հետ։

Մենք շարունակում ենք կապ պահպանել գործընկերների հետ և քննարկել, թե ինչ հնարավորություններ կան այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար։ Սակայն այս հարցում պետք է զգույշ լինել և չհրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնասել գերիներին կամ նրանց ընտանիքներին։

— Ձեր միջոցառումներին ադրբեջանական կողմի ներկայացուցիչներ մասնակցո՞ւմ են։

— Մեր միջոցառումներին ադրբեջանական կողմի ներկայացուցիչների մասնակցությունը սովորական երևույթ չէ։ Երբեմն նրանք կարող են գրանցվել կամ փորձել ներկա գտնվել միջոցառումներին։ Նման դեպքերում հասկանում ենք, որ նրանք հետևում են, թե ինչ է խոսվում և ինչ հարցեր են բարձրացվում։

Տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում մեր միջոցառումներին, և կարևոր է, որ մեր բարձրացրած հարցերը հասնեն տարբեր լսարանների։ Մեր նպատակն է, որ միջազգային հանրությունը տեղեկացված լինի Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների և դրանց հետևանքների մասին։

— Ձեր փորձից ելնելով՝ հնարավո՞ր է առաջիկա տարիների ընթացքում հասնել արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար անհրաժեշտ միջազգային երաշխիքների ձևավորմանը։

— Այս պահին դժվար է կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի։ Ներկայիս պայմաններում այդ աշխատանքը հեշտ չէ, հատկապես երբ որոշ պետություններ հարցը չեն համարում իրենց առաջնահերթությունը։

Բայց շատ կարևոր է, որ հարցը մշտապես մնա միջազգային օրակարգում։ Եթե այն երկար ժամանակ չբարձրաձայնվի, հետագայում կարող է ավելի դժվար լինել կրկին ուշադրություն հրավիրել դրա վրա։ Կարող են հարցնել՝ ինչո՞ւ այդքան ժամանակ չեք խոսել այդ մասին, եթե ձեր իրավունքները խախտվել են։

Դրա համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը, հնարավորինս շատ խոսել և գրել այդ հարցերի մասին, դիմել միջազգային դատարաններ և ներկայացնել իրավական հայցեր։ Կարևոր է, որ հարցը բարձրաձայնվի ոչ միայն խոսքով, այլև գործով։

Մենք պետք է շարունակենք այնքան ժամանակ, մինչև կարողանանք տեսնել այդ իրավական գործընթացների արդյունքները։ Մեզ համար կարևոր է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը չկորչի և չմոռացվի։

Արսեն Աղաջանյան