Ալիևը կդառնա 2026 թ. «ուսանողական աշնան» առաջին զո՞հը

Երեքշաբթի օրը տասնյակ հազարավոր մարդիկ՝ հիմնականում համալսարանական ուսանողներ և արհմիությունների անդամներ, ցույցեր անցկացրեցին ամբողջ Ֆրանսիայում՝ ի պաշտպանություն ավագ դպրոցի աշակերտ-ցուցարարների։

Փարիզում կազմակերպվել էին երկու զուգահեռ բողոքի ցույցեր, բայց դրանցից մեկը վերածվել էր անկարգությունների։ AFP-ի տվյալներով՝ դիմակավորված ցուցարարները մեքենաներ են այրել, փորձել են ճանապարհներին բարիկադներ կառուցել և տարբեր առարկաներ նետել ոստիկանության վրա։ Ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ օգտագործել Փարիզում և Լիոնում, որտեղ իրավիճակը նույնպես դուրս է եկել վերահսկողությունից բողոքի կազմակերպիչների համար։

Ուսանողական բողոքի ցույցեր են տեղի ունենում բազմաթիվ երկրներում՝ Իսպանիայից, Պորտուգալիայից և Բելգիայից մինչև Արգենտինա, Ալբանիա, Հնդկաստան և Ադրբեջան։ Սա նման է համաշխարհային «ուսանողական գարնան»՝ 2010 թվականի «արաբական գարնան» օրինակով, որը սկիզբ դրեց Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևավորմանը։

Այժմ, երբ համաշխարհային պատերազմներից հետո ստեղծված աշխարհակարգի վերաձևավորման վերջին փուլն է, ուսանողական բողոքի ցույցեր են սկսվել Եվրոպայում և այլ տարածաշրջաններում։ Այս բողոքի ակցիաներից յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունը, բայց միասին վերցրած՝ դրանք մատնանշում են համաշխարհային միտում և ոչ միայն երկրում իշխանափոխության, այլև գլոբալ վերափոխման ներուժ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հունաստանում ունեցած ելույթում նշվում է նոր աշխարհակարգի նրա ծրագիրը՝ վերականգնելու Արևմուտքի գերակայությունը աշխարհում, բայց ոչ թե ԱՄՆ-ԵՄ դաշինքով, այլ ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ առանձին եվրոպական երկրների և Իսրայելի հետ միասին։

Անկասկած, այլ համաշխարհային ուժեր ունեն իրենց սեփական ծրագրերը նոր աշխարհակարգ կառուցելու համար։ Բայց նախ՝ հին աշխարհակարգը պետք է ամբողջությամբ փլուզվի, և «ուսանողական աշունը» կարող է լինել դրա ձգան։

Ո՞վ առաջինը կդառնա «աշնան» զոհը։ Ֆրանսիան կարող է դիմակայել հարձակմանը, բայց այնպիսի երկրներում, ինչպիսին է Ադրբեջանը, իրադարձությունները կարող են անսպասելիորեն զարգանալ։

Չնայած Ալիևի բռնապետության թվացյալ ամրությանը, նրա դիրքը իրականում թույլ է նրա չափազանց մեծ ամբիցիաների պատճառով. Ալիևը դարձել է նույնիսկ նախկին դաշնակիցների աչքի փուշը, ովքեր դեմ չէին լինի ազատվել նրանից, ով փորձում է պոկել իր բաժինը համաշխարհային հավասարակշռությունից։

Ադրբեջանում օրերս բռնկված «իսլամական իրավունքների համար ժողովրդավարական շարժումը» գտել է բերրի սոցիալական հող. ադրբեջանցիները, ովքեր 6 տարի է հիանում են Ալիևի «հաղթանակներով» Արցախում, և որոնցից շատերը հաշմանդամ պատերազմի վետերաններ են կամ զոհվածների ընտանիքներ, վեց տարի անց սկսում են իրենց հարցնել, թե հանուն ինչի էր պատերազմը։ Միասնական ինքնություն չունեցող երկրում պարզվում է, որ միակ «համախմբող» գործոնը Ալիևի՝ Ադրբեջանի խան դառնալու ցանկությունն է։

Շատերը հարցնում են, թե ինչու պատերազմի սկսվելուց վեց տարի անց Ալիևի «հաղթանակը» չի օրինականացվել կամ փաստաթղթավորվել, և ինչու է միջազգային իրավունքի առումով Ադրբեջանը դեռևս համարվում օկուպանտ, էթնիկ զտումների կազմակերպիչ և աշխարհի առաջատար կաշառատու։

Մինչև Հեյդար Ալիևի իշխանության գալը, Ադրբեջանում տեղի են ունեցել մի քանի հեղաշրջումներ և ռեժիմի փոփոխություններ, որոնք ամեն անգամ կապված են եղել պատերազմում պարտության փուլերի հետ։ Այժմ Բաքուն հասկանում է, որ Ալիևը «հաղթանակ» է տարել 2023 թվականի սեպտեմբերին, սակայն Ադրբեջանը պարտություն է կրել։