Փաշինյանը պայմաններ է առաջ քաշել, բայց կասկածում է, որ խաղաղությունը կհաստատվի

Թուրքմենստանում Ալիևի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել խաղաղության մասին, իսկ երեկ ՔՊ-ն քննարկել է նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։ Սահմանադրության տեքստի հրապարակման կամ քննարկումների ժամկետները չեն նշվել։ 

Մինչև Փաշինյանի՝ Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնոժողովին մասնակցելը հայ-ադրբեջանական հարաբերություններում կարևոր իրադարձություն են տեղի ունեցել, ինչը կասկածի տակ է դրել “խաղաղ գործընթացը”։ Թուրքմենստանում նույնիսկ Փաշինյան-Ալիև առանձին հանդիպում տեղի չունեցավ։ Տպավորությունն այնպիսին էր, որ գործընթացը առկախվել է, սակայն գագաթնաժողովից հետո Բաքվի լրատվամիջոցները գրեցին, որ “խաղաղությունը չի մեռել”, և կարելի է շունչ քաշել։ Հայաստանում կառավարությունը ևս սկսել է խաղաղության մասին խոսել։

Սեպտեմբերի սկզբին Ալիևի օգնական Հաջիևը մոտ 60 արտասահմանյան դիվանագետ տարավ Գանձասար և Դադիվանք և Արցախում հայկանան ժառանգությունը ներկայացրեց որպես ալբանական, իսկ եկեղեցիները Ադրբեջանի սեփականություն անվանեց։ Հայաստանում բարձրացած ալիքից հետո Բաքուն միակողմանի խզեց “խաղաղության կամուրջը”, իսկ հետո Սիսանի Շաքիում հայտնվեց ադրբեջանական զինվոր, որը հայի տան մեջ կրակեց կնոջ վրա։ Հայաստանը դրանից “պատմություն չսարքեց”։

Դրանից հետո աննախադեպ սրվեցին Բաքվի հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ, Եվրապարլամենտում և ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանին դատապարտող գործունեություններ կատարվեցին, Բաքվում զանգվածային բողոքի ակցիաներ սկսեցին։ Թուրքիան և Հայաստանը ակնարկեցին, որ “առանց Ադրբեջանի” կկարգավորեն հարաբերությունները”

Եւ ահա այսօր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ»,- ասել է նա։

Փաշինյանը խոսել է նաև անկլավ-էքսկլավների մասին։ Ըստ վարչապետի, դրանք չպետք է լինեն։

«Այսինքն, երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։ Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն Թրիփփ-ի, բայց ոչ միայն Թրիփփ-ի շրջանակներում»։

Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ վարչապետի, միմյանց որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և պետք է հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերով։

«Ոչ մի պահանջ, ներառալ Ղարաբաղ, Գարդման-Շիրվան-Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ։

Հիմա ամենակարևոր հարցը․ կա՞ արդյոք իրական հնարավորություն խաղաղությանն այսիսի տեսք տալու։ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաստորեն, Փաշինյանն ասում է, որ այլևս ոչ մի պահանջ չպետք է լինի, սակայն պարզ չէ, նա նկատի է ունենում նաև Հայաստանի նոր Սահմանադրության պահանջը՞։ Նա նաև ասում է, որ”բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն Թրիփփ-ի, բայց ոչ միայն Թրիփփ-ի շրջանակներում”։ Փաշինյանը ակնարկում է Նախիջևանի բացման մասին, սակայն, ըստ երևույթին կասկածում է, որ Ալիևը դրան կգնա։

Ալիևը դեռ չի արձագանքել Փաշինյանի պայմաններին։

Նաիրա Հայրումյան