Sputnik. Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն արդեն ժամանել է Հայաստան։
Sputnik Արմենիայի թղթակիցը նրան նկարահանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ։
Նշենք, որ Պլասիդո Դոմինգոն արդեն 3-րդ անգամ է Հայաստան ժամանում։
Դոմինգոն Հայաստան է եկել, հոկտեմբերի 16-ին հայազգի տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին և հիշատակին նվիրված համերգային ծրագրին մասնակցելու համար։ Գրիգորյանն ու Դոմինգոն մտերիմ ընկերներ են եղել։
Համերգի ընթացքում Գեղամ Գրիգորյանի դուստրը` աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, նույն բեմում առաջին անգամ երգելու է իսպանացի երգչի հետ։
Համերգին ելույթ կունենան նաև համաշխարհային ճանաչում ունեցող այլ արտիստներ` Հասմիկ Պապյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Եվգենի Նիկիտինը, Բոգդան Վոլկովը, Տատյանա Պավլովսկայան և Իրենա Միլկյավիչյուտեն։
Հնչելու են համաշխարհային օպերային ռեպերտուարի դասական գլուխգործոցներ։ Երաժշտական ղեկավար և դիրիժորը լինելու է Գեղամ Գրիգորյանի որդին` Վարդան Գրիգորյանը, իսկ կատարողները` Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը։