
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։
Հայկական երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել, կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:
<Ազատության> հետ զրույցում Օլեգ Բելոզյորովը տեղեկացրել է, որ քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը:
Երևանն արդեն ամիսներ շարունակ հայտարարում է՝ երկաթուղիների կառավարման կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել: Երևանն առաջարկում է, որ կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի:
Այսօր զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։ Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։