
Հայաստանում գործող փախստականների չորս համայնքային խորհուրդներն ամփոփել են գործունեության առաջին տարին։
Հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են մեկ տարվա ընթացքում իրականացված նախաձեռնությունները, արձանագրված ձեռքբերումներն ու առկա խնդիրները, ինչպես նաև քննարկվել են հաջորդ տարվա անելիքները։
Ինչպես հայտնում են նախաձեռնության կազմակերպիչները, համայնքային խորհուրդները ստեղծվել են Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ Խորհուրդները գործում են Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում՝ նպատակ ունենալով հարթակ ստեղծել տեղահանված անձանց և որոշումներ կայացնող կառույցների միջև անմիջական երկխոսության համար։
Համաժողովին մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի տնօրեն Էերո Յանսոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։ Ներկա են եղել նաև խորհուրդները հյուրընկալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքային խորհուրդների գործող և նոր անդամներ, պետական, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր։
Հանդիպման ընթացքում համայնքային խորհուրդների համակարգողներն ու անդամները ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները, անդրադարձել իրականացված նախաձեռնություններին, բացահայտված խնդիրներին և դեռևս չլուծված հարցերին։ Քննարկվել են նաև առաջիկա տարվա առաջնահերթությունները։
Կազմակերպիչների ներկայացմամբ՝ համայնքային խորհուրդների գործունեության առանցքում տեղահանված անձանց խնդիրները համապատասխան կառույցներին հասցնելն ու դրանց հնարավոր լուծումները քննարկելն է։
Խորհուրդների անդամները հարթակի միջոցով բարձրաձայնում են իրենց համայնքներում առկա խնդիրները, քննարկում լուծման տարբերակները և, անհրաժեշտության դեպքում, առաջարկությունների փաթեթներ պատրաստում՝ պատասխանատու մարմիններին ներկայացնելու համար։
Նախաձեռնության շրջանակում 21 համայնքից մասնակիցների ներգրավվածությունը հնարավորություն է տալիս տարբեր բնակավայրերում ապրող տեղահանված անձանց խնդիրներն ու առաջարկները ներկայացնել ընդհանուր քննարկման հարթակում։
Կազմակերպիչները համայնքային խորհուրդները դիտարկում են որպես տեղահանված անձանց մասնակցությունն ու որոշում կայացնողների հետ երկխոսությունն ապահովող մեխանիզմ։
Գործունեության առաջին տարվա ամփոփման ընթացքում ներկայացվել են արդեն իրականացված աշխատանքները և քննարկվել հետագա քայլերը՝ համայնքներում բարձրացված խնդիրներին անդրադառնալու համար։
Մարիամ Սարգսյան