
Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի վերաբերմունքը Արցախի պատմամշակութային ժառանգության հանդեպ, եթե երկու բառով բնորոշելու լինենք, պետք է որակենք որպես ծայրահեղ ագրեսիվ։ Ցեղասպանական գործողություններից ու էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը խնդիր ունի Արցախը պատմականորեն ադրբեջանական ներկայացնելու, ինչին խոչընդոտում է բազմադարյա հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Դրա համար ադրբեջանական վարչախումբն ընտրել է երկու ճանապարհ, հուշարձանի ֆիզիկական ոչնչացում, և օտարում, ավելի կոնկրետ` ժառանգության աղվանականացում, ինչը մեծ թափ է ստացել վերջին ժամանակներս ու ավելին՝ տարածվում է նաև ՀՀ ներկայիս տարածքի եկեղեցիների վրա։
Բայց մենք տեսնում են ադրբեջանցիների ագրեսիվ վարքը նաև Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների նկատմամբ, ինչն առաջին հայացքից պետք է, որ բացառվեր։ Քանզի այս հուշարձանների պարագայում անգամ տեղին չեն Ադրբեջանի պաշտոնական թեզերն ու արդարացումները։ Նախ՝ դրանք կառուցվել են խորհրդային տարիներին՝ հենց Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների անմիջական թույլտվությամբ ու որոշումներով։ Երկրորդ՝ երբ Բաքուն սովորաբար իր վանդալիզմն արդարացնում է այն կեղծ պնդմամբ, թե իբր թիրախավորված կառույցներն «ինքնակամ են» կամ «ապօրինի» կառուցված Արցախի Հանրապետության տարիներին, այս հուշարձանների դեպքում նման արդարացումը իսպառ չեղարկվում է․ քանի որ դրանք խորհրդային պաշտոնական կարգավիճակ ստացած կոթողներ են։
Եթե հնագույն և միջնադարյան հայկական ժառանգությունը կեղծ պատմագիտական թեզերով հնարավոր է «աղվանացնել» կամ յուրացնել, ապա 20-րդ դարի հուշարձանները՝ ՀՄՊ հուշահամալիրները, ցուցանակները, զոհվածների անվանացանկերը, չափազանց թարմ, փաստագրված և արխիվներով հաստատված պատմություն է։ Այդ դեպքում ինչու՞ է թիրախավորվում․․․
Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում կանգնեցված ՀՄՊ հուշարձանների վրա փորագրված են տվյալ գյուղից կամ քաղաքից ռազմաճակատ մեկնած և զոհված բնակիչների անունները։ Եվ այդ ցուցակներում անհնար է գտնել որևէ ադրբեջանցու անուն ազգանուն, ինչը հավաստում է, որ 1․ Արցախում հայերը եղել են բացարձակ գերակշռող մեծամասնություն, իսկ բնակավայրերը՝ զուտ հայաբնակ։ 2․ Ադրբեջանցիները չեն ապրել այդ գյուղերում, ինչը ջախջախում է «բնիկ ադրբեջանական տարածքների» մասին պաշտոնական Բաքվի հորինված թեզը։ 3․ Ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իրենք վճռորոշ ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում և տվել են բազմահազարանոց զոհեր, Արցախի համատեքստում փլուզվում է հենց այս հուշարձանների առջև։
Այս հուշարձանների նկատմամբ թշնամանքը նաև խորքային վախի արտահայտություն է։ Ադրբեջանը, լինելով 20-րդ դարասկզբին Ռուսաստանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի բախման ու համադրման արդյունքում ստեղծված արհեստական կազմավորում, մշտապես տառապում է պատմական լեգիտիմության պակասից։ Արհեստականորեն ստեղծված պետությունները, որոնք չունեն խորը պատմական արմատներ տվյալ հողում, ունենում են մշտական էկզիստենցիալ-գոյաբանական վախ։ Նրանք հասկանում են, որ իրենց ներկայությունը հիմնված է ոչ թե պատմական արդարության, այլ արտաքին ուժերի (Ռուսաստանի և Թուրքիայի) քաղաքական որոշումների վրա։
Սեփական արհեստականությունը քողարկելու համար Բաքվի վարչակարգը փորձում է յուրացնել կամ ոչնչացնել տարածաշրջանի հնագույն և միջնադարյան պատմությունը։ Իսկ 20-րդ դարի հուշարձանները դառնում են ամենաանհարմար «վկաները», քանի որ դրանք փաստում են համեմատաբար թարմ, փաստագրված պատմությունը, որը հնարավոր չէ հեշտությամբ կեղծել։
Արմինե Հայրապետյան