
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է գտնել և պատժել շաբաթ օրը երկրում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ հրկիզումներ, թալան և բռնություն կատարած անձանց: Նա ասել է, որ անհրաժեշտ է տարբերակել ցուցարարների մեծամասնության օրինական պահանջները՝ «ավերողների, ջարդարարների և թալանողների» գործողություններից:
Կիրակի երեկոյան Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բռնության վերածված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 2397 մարդ, իսկ 997 ոստիկան և ժանդարմերիայի աշխատակիցներ վիրավորվել են (յոթը ծանր):
«Նայելով տեղի ունեցածի տեսարաններին՝ մենք ինքներս մեզ հարցնում ենք. ի՞նչ էր կատարվում նրանց գլխում: Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիները սա անել Ֆրանսիայի հետ», – ասել է Մակրոնը ազգին ուղղված իր ուղերձում: «Ոչինչ չի կարող արդարացնել, բացատրել կամ ներել սա: Այսօր երեկոյան մենք բոլորս զգում ենք զայրույթ և ամոթ»:
Մակրոնը ակնարկում է, որ դա ֆրանսիացիները չեն արել: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերի և ջարդերի ժամանակ ԱՄՆ նախագահը և փոխնախագահը հայտարարել են, որ Ֆրանսիան չափազանց մեղմ է միգրանտների նկատմամբ, և որ Եվրոպան դարձել է մուսուլմանական երկիր:
Մակրոնը հայտարարել է, որ իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցառումները և խոստացել է, որ ոստիկանության գործողություններից դասեր կքաղեն։ Սակայն, ըստ AFP-ի, նա ձեռնպահ է մնացել կտրուկ միջոցներ ձեռնարկելուց, ինչպիսիք են արտակարգ դրությունը կամ պարետային ժամը։
Ֆրանսիայի առևտրի ֆեդերացիան հայտարարել է, որ բողոքի ցույցերի և ջարդերի ժամանակ մոտ 1500 խանութ և բիզնես հայտնել է վնասների և կորուստների մասին։
Լիմոժում՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, անհայտ հարձակվողները այրել են 19-րդ դարի վերջին կառուցված պատմական քաղաքապետարանը։ Տեղական պաշտոնյաները հայտնում են, որ շենքը մեծ մասամբ ավերված է։