Ճանապարհային խախտումների համար տուգանքները կտրուկ կավեկանան

Հավանություն է տրվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։

Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների վնասվածքները կանխարգելելու նպատակով առաջարկվում է վերանայել երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության միջոցներն ու չափերը՝ ներկայիս 5000 դրամի փոխարեն սահմանելով 20 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Բացի այդ, խցանումները կանխելու և երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով առաջարկվում է՝

«Մուտքն արգելվում է», «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկության կարգավորում» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով տուգանք և 2 տուգանային միավոր,

«Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելող գծանշման պահանջները չկատարելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով տուգանք և 1 տուգանային միավոր,

երթևեկելի մասի երկրորդ կամ հաջորդ շարքերում տրանսպորտային միջոցը կայանելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով տուգանք և 1 տուգանային միավոր,

խստացնել կանգառի կամ կայանման կանոնները խախտելու պատասխանատվությունը, եթե մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ)՝ քսանապատիկ տուգանքի և 0,5 միավորի փոխարեն նախատեսելով քսանիննապատիկ տուգանք և 1 տուգանային միավոր,

խստացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի գոտում կանգնելու կամ կայանելու, ինչպես նաև երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու պատասխանատվությունը՝ հնգապատիկ տուգանքի փոխարեն սահմանելով քսանապատիկ տուգանք և 1 տուգանային միավոր։

Առաջարկվում է նաև հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով, հեծանվորդների համար նախատեսված գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով երթևեկելիս առավելագույն արագությունը սահմանել 10 կմ/ժ։

Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի ստուգել վարորդի սթափության աստիճանը, իսկ թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու կասկածի դեպքում այդ փաստը պարզվում է բացառապես բժշկական հաստատություններում՝ արյան կամ մեզի հետազոտությամբ։ Առաջարկվող նախագծերի փաթեթով նախատեսվում է տեխնիկական միջոցներով ևս ստուգել թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու հանգամանքը և այդ հիմքով վարչական պատասխանատվություն կիրառել։