
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էդգար Հովհաննիսյան) որոշել է կարճել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը՝ այն հիմքով, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը նշել է, որ Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ, գրում է «Հետքը»։
Դատարանը գործի քննությունն ավարտել էր, և դատական ակտը պետք է հրապարակեր դեռևս 2026թ. օգոստոսի 18-ին, սակայն հրապարակվել է հոկտեմբերի 21-ին։
Արման Սարոյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Մայր Աթոռի հիմնական փաստարկն այն է եղել, որ թեմի առաջնորդ նշանակելը, պաշտոնից ազատելը և հոգևոր աստիճանից զրկելը եկեղեցու ներքին կառավարման հարցեր են, որոնց նկատմամբ պետությունը, այդ թվում՝ դատարանը, չպետք է վերահսկողություն իրականացնի։
Դատարանը եզրակացրել է, որ գործով չի ապացուցվել Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը։
Դատարանին չի ներկայացվել աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունումը հաստատող անհատական իրավական ակտ։
Հետքը հիշեցնում է, որ հենց այս գործի հետ կապված իրադարձությունների պատճառով է մեղադրանք առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների։