
Step1.am-ի զրուցակիցն է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
–Պարոն Աբրահամյան, ըստ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարության՝ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժերից է, որն ընդունել է Արցախի իշխանությունների՝ ՀՀ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկը։ Ի՞նչ հարցեր եք քննարկել հանդիպման ընթացքում, որքանո՞վ է կարեւոր Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը։
-Արցախյան օրակարգը պահելու եւ դրա միջազգայնացման տեսանկյունից Հանրապետականը կարեւոր է համարում Արցախի պետական ինտիտուների պահպանության հարցը։ Այս տեսանկյունից ՀՀԿ-ն մասնակցություն է ունենում Արցախի հարցի հետ կապված գրեթե բոլոր նախաձեռնություններին։ Վերջին փուլում Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ նաեւ հանդիպում է եղել արցախյան խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առաջիկա անելիքները։ Ոչ միայն Արցախի պետական ինստիտուտների պահպանման, այլեւ արցախյան օրակարգը պահպանելու եւ առաջ մղելու հարցերն են քննարկվել։ Մենք մեր մոտեցումներն արտահայտել ենք, ենթադրվում է, որ հանդիպումներ կլինեն նաեւ այլ շահագրգիռ քաղաքական ուժերի հետ։ Կամփոփվի այդ մոտեցումը, որը հնարավորություն կստեղծի՝ հասկանալու, թե որն է այս օրակարգով առաջ շարժվելու արդյունավետ ճանապարհը։
–Կան ուժեր, որոնք հստակ հայտարարել են, որ չեն ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում։ ՀՀԿ-ն դիրքորոշումն այս հարցում կներկայացնե՞ք։
-Շատ զարմանալի է այդ հարցը տալը, առնվազն այն պատճառով, որ Հանրապետականը ոչ միայն այս մասին բազմիցս հայտարարել է, այլ ՀՀԿ-ի քաղաքական գիծը անկախությունից ի վեր եղել է դա։ Ավելին, Հանրապետականի բոլոր առաջնորդներըը՝ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը եղել են այս գծի ակտիվ կրողները։ Կարծում եմ՝ իմաստ չունի այս մասով ավելին ասել, քան հայտարարվել է, եւ դա եղել է մեր քաղաքականության առանցքը։
ՀՀԿ-ի իշխանության օրոք բանակցային գործընթացի հիմքում առաջին հերթին հենց եղել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու դրա միջազգայնորեն ճանաչումը։ Գործընթացների առանցքում դա է եղել։ Տարբեր իրողությունների փոփոխության, այդ թվում՝ 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացիայից հետո էլ Հանրապետականի սկզբունքներն ու մոտեցումները շարունակում են մնալ նույնը։
-Ի՞նչ անելիք ունեն հայաստանյան քաղաքական ուժերը՝ բարձրացնելու Արցախի հարցն ու արցախցիների իրավունքները։ Ինչո՞ւ կարծես չի հաջողվում այս հարցում մեծ համախմբում ունենալ։ Օրինակ՝ վերջին տվյալներով՝ հատ ու կենտ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին հանդիպել Արցախի իշխանությունների հետ։
-Արցախյան հարցի հետ կապված իրողությունները մեծ փոփոխություններ են ենթարկվել։ Եթե ժամանակին խոսք էր գնում Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին, ապա փաշինյանական իշխանության կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո ելակետային իրավիճակում ունենք լրիվ այլ պայմաններ։ Եվ ստեղծված իրավիճակում, բնական է, որ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները պահպանելով՝ պետք է որոշակի վերանայումներ եւ վերադիրքավորումներ անել արցախյան հարցի հետագա առաջմղման առումով։ Այս տեսանկյունից կարեւոր է թեմայի շուրջ ձեւավորել հնարավորինս լայն կոնսենսուս՝ եւ արցախյան, եւ հայաստանյան քաղաքական-հասարակական դաշտում։ Դա ոչ միայն հնարավորություն կտա թեման ակտիվ պահել ներսում ու դրսում, այլ նաեւ՝ կարողանալ աշխատել միեւնույն թիրախի ուղղությամբ։
–Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ Արցախի պետական կառույցների պահպանության հարցում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նրանց այս քայլերը։
-Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը չի բխում հայկական օրակարգի սպասարկման առաջնահերություններից, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2018 թվականին իշխանության եկած ուժն իր նախընտրական ու կառավարության ծրագրերում հստակ դրել է Արցախի ինքնորոշման իրավունքի թեման։ Ավելին, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ դրվել էր, օրինակ, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցրը։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն կանաչ լույն են վառել ադրբեջանական ագրեսիայի համար, այլ հետագայում իրենց հայտարարություններով ու բառամթերով ըստ էության արդարացրել են Արցախի ադրբեջանացումը։ Ավելին, այսօր էլ աչք են փակում այն ռազմական հանցագործությունների ու ագրեսիայի վրա, որը Արցախի նկատմամբ իրականացվել է։
Փաշինյանը հայտարարություն է անում, որն անելու իրավունք չունի իշխանությունը։ Ըստ էության Արցախի հարցի փակման ներքո փորձում են փակել նաեւ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը, որը պաշտպանվում է նաեւ միջազգային իրավունքով։
Ռոզա Հովհաննիսյան