
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հոգեբանական և ֆիզիկական վերականգնումը շարունակում է մնալ երկարաժամկետ խնդիր։
Հայաստանում գործում են վերականգնողական կենտրոններ և աջակցության ծրագրեր, սակայն դրանց առկայությունը դեռ չի երաշխավորում օգնության հասանելիությունը։ Ֆինանսական սահմանափակումները, ճանապարհածախսը, ծրագրերի սահմանափակ ընդգրկումն ու տևողությունը կարող են խոչընդոտել վերականգնման շարունակականությանը։
Աջակցության հնարավոր տարբերակներից է «Թևեր» վերականգնողական ծրագիրը, որի նոր փուլը կմեկնարկի նոյեմբերի 15-ին Երևանում։ Այն նախատեսված է Արցախից բռնի տեղահանված 7–15 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։
Եռամսյա ծրագիրը ներառում է արտ-թերապիա, հոգեբանական աջակցություն, փափուկ հմտությունների զարգացում, լող, ֆուտբոլ, պար, ճանաչողական այցեր և ծնողների խմբային հոգեբանական հանդիպումներ։ Նախատեսվում է ընդգրկել 30 երեխայի։ Պարապմունքները կանցկացվեն շաբաթական չորս անգամ, իսկ երեք անհարգելի բացակայության դեպքում մասնակցությունը կարող է դադարեցվել։
Ծրագիրն իրականացնում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ «Սատար Արցախին» միության ֆինանսական աջակցությամբ։
Դիմելու հղումը՝ https://forms.gle/5pz3AuqLPbW4qXMW6
Ծրագիրը համատեղում է հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ներառումը՝ նպաստելով երեխաների ինքնավստահության և հասակակիցների հետ կապերի ամրապնդմանը։ Սակայն սահմանափակ տեղերն ու շաբաթական չորս պարապմունքի պահանջը կարող են դժվարություններ ստեղծել հատկապես Երևանից հեռու ապրող և ճանապարհածախսը հոգալու հնարավորություն չունեցող ընտանիքների համար։
Արցախում երկար տարիներ գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը բռնի տեղահանությունից հետո շարունակել է գործունեությունը Հայաստանում՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Կենտրոնը մասնագիտական աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ նպաստելով նրանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնմանն ու զարգացմանը։
Հեռախոս՝ +374 33 22 18 66
Հասցե՝ Կոտայքի մարզ, Եղվարդ, Նար-Դոսի փողոց, 44։
Դիմելուց առաջ անհրաժեշտ է ճշտել ծառայությունների հասանելիությունը, ընդունելության պայմանները, հերթագրման կարգը և հնարավոր ծախսերը։
Կենտրոնի աշխարհագրական դիրքը կարող է լրացուցիչ դժվարություններ ստեղծել այլ բնակավայրերում ապրող ընտանիքների համար։ Կանոնավոր այցելությունները պահանջում են ժամանակ և ֆինանսական միջոցներ, իսկ շարժունակության սահմանափակումներ ունեցող երեխաներին կարող է անհրաժեշտ լինել հարմարեցված տեղափոխում։ Այսպիսով, նույնիսկ անվճար ծառայությունը կարող է գործնականում անհասանելի մնալ, եթե ընտանիքը չի կարող վճարել ճանապարհի կամ ուղեկցման ծախսերը։
Բժշկական օգնության մեկ այլ տարբերակ է ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ տեղահանված ընտանիքներին հասանելի են անվճար արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ և մասնագիտական խորհրդատվություններ, այդ թվում՝ հոգեբանական օգնություն։
Հեռախոս՝ 011 51 22 53
Տեղեկություններ՝ https://step1.am/blog/2026/02/12/43663/
Պետության դերն է ապահովել համակարգված մոտեցում, որի շրջանակում վերականգնողական օգնությունը, նաև տեղեկությունը հասանելի կլինի բոլոր կարիքավոր ընտանիքներին՝ անկախ եկամտից և բնակության վայրից։
Դրա համար անհրաժեշտ է ընդլայնել անվճար կամ փոխհատուցվող բուժման և հոգեբանական աջակցության հնարավորությունները, դիտարկել ճանապարհածախսի փոխհատուցման կամ կազմակերպված տեղափոխման տարբերակները և զարգացնել ծառայությունները մարզերում։ Կարևոր է նաև ապահովել կարճաժամկետ ծրագրերից հետո բուժումը շարունակելու հնարավորություն, ստեղծել անվճար ծառայությունների միասնական տեղեկատվական ցանկ և համակարգել բժշկական հաստատությունների, սոցիալական ծառայությունների ու հասարակական կազմակերպությունների աշխատանքը։
Արսեն Աղաջանյան