Արցախի ժողովուրդը չի պատվիրակել Նիկոլ Փաշինյանին՝ իր անունից ինչ-որ հարցեր քննարկել

«Արցախի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ քննակել ենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի խնդիրը, մշակութային ժառանգության պահպանության, գերիների վերադարձի խնդիրները, ինչպես նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և այլ կարիքների բավարարման հարցերը։ Սրանք այն հարցերն են, որոնք մշտապես գտնվել են «Հայաստան» դաշինքի ուշադրության կենտրոնում և շարունակելու ենք գտնվել մեր դաշինքի ու կուսակցության ուշադրության կենտրոնում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախի իշխանությունների ու ՀՀ քաղաքական ուժերի կոնսուլտացիաներին։

Հիշեցնենք, որ օրերս Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարեց, որ ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։

Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել են խորհրդակցություններին մասնակցելու՝ Արցախի իշխանությունների հրավերին։ Մասնավորապես, առանձին հանդիպումներ են տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հետ։

Մասնակից քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու արդյունավետ գործունեությանը։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ՝ վերոնշյալ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը:

Հարցին, թե ձևավորվող աշխատանքային հարթակի շրջանակներում ի՞նչ աշխատանք է մասնավորապես իրականացվելու, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Նմանատիպ հարթակ գործել է նաև նախորդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում, երբ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները և Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ու գործադիր մարմնի ներկայացուցիչները պարբերաբար հավաքվում էին օրակարգային հարցեր քննարկելու նպատակով։ Հույս ունենք, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի, և համագործակցությունն էլ ավելի կխորանա»։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ «Արցախն Ադրբեջանի մաս» ճանաչելու քաղաքականությանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են փակել Արցախի հարցը՝ ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի Հանրապետության նկատմամբ՝ չունենալով դրա իրավունքը։ Արցախի ժողովուրդը չի պատվիրակել Նիկոլ Փաշինյանին՝ իր անունից ինչ-որ հարցեր քննարկելու և իր անունից որոշելու արցախցիների և Արցախի Հանրապետության կարգավճակը։ Սա ընդունելի չէ։

«Արցախի ժողովուրդն ինքն է տնօրինում իր ճակատագիրը։ Նիկոլ Փաշինյանը լիազորված չի եղել, լիազավորված չէ և չեմ կարծում, թե երբևիցե լիազորված կլինի Արցախի ժողովրդի կողմից՝ որոշելու նրանց քաղաքական ճակատագիրը։ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների հարցը ճանաչվել է համաշխարհային հանրության կողմից 35 տարի առաջ։ Արցախի ժողովուրդը, ինչպես մնացած բոլոր ժողովուրդները, իրավունք ունեն ինքնուրույն տնօրինելու իրենց քաղաքական ճակատագիրը, նույնն է, թե ունեն ինքնորոշման իրավունք։ Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությունում, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներում։ Այդ իրավունքը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի որևէ կերպ կասկածի տակ դնելու Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքները»,- նշեց Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան